Սարգսյանը նախագահությունն ավարտում է տրամագծորեն հակառակ աստիճանում

serzh-sargsyan

Սուրբ Աթոռի այգում Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի տեղադրման արարողության առիթով Վատիկան Սերժ Սարգսյանի այցը փաստացի վերջինն է նրա նախագահության տասնամյա ժամկետի ընթացքում, ու այդ իմաստով խորհրդանշական, եթե նկատի առնենք մի ուշագրավ հանգամանք ևս:

Սարգսյանը 2008 թվականին նախագահի պաշտոնում առաջին այցը կատարեց Մոսկվա, և այնտեղ հայտարարեց նաև հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկի մասին, որը, ըստ էության, նաև դարձավ իրապես միջազգային նշանակության քաղաքական մի գործընթաց, բավականին ուշագրավ լույսով ու ստվերով: Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, անկասկած, բավականին ընդգրկուն պրոցես էր՝ միջազգային առանցքային դերակատարների ներգրավումով:

Անշուշտ, բավական լուրջ քննարկումների հարց է դրա բովանդակությունը, ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանի համար՝ թե՛ երկարաժամկետ, թե՛ կարճաժամկետ առումով: Սակայն անհերքելի է, որ Հայաստանը, խոշոր հաշվով, այդ գործընթացի շնորհիվ դարձել էր համաշխարհային դերակատար, ստանձնելով որոշակի դեր, որն առնչվում էր ոչ միայն հենց իրեն, այլ առավել լայն կոնֆիգուրացիաների: Նախագահության ավարտին Սերժ Սարգսյանը դե յուրե փակեց դե ֆակտո ավելի վաղ ավարտված այդ գործընթացը, հետ կանչելով հայ-թուրքական արձանագրությունները: Իսկ նախագահությունը Սերժ Սարգսյանն արտերկրի մասով ավարտում է Վատիկան այցով:

Այսօր՝ ապրիլի 9-ին Սարգսյանը վայր է դնում նախագահական լիազորությունը, ու, թերևս, հազիվ թե հանգստյան օրերին նա կատարի որևէ արտերկրյա այց, ըստ այդմ հնարավոր է վստահաբար ասել, որ Վատիկանը Սարգսյանի նախագահության արտաքին վերջին այցն էր: Խորհրդանշականությունն այստեղ ինքնին այցի հասցեի մեջ չէ, հաշվի առնելով Սուրբ Աթոռի պատմա-քաղաքական ամբողջությունն ու քաղաքակրթական խորհրդանիշների այն հանրագումարը, որ կազմում են Վատիկանի թե՛ քաղաքական, թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքակրթական դիմագիծն ու կշիռը: Տվյալ պարագայում, ամենևին պատահական չէ մեր համեմատությունը նախագահության մեկնարկի և դրա ընթացքում տրված համաշխարհային նշանակության գործընթացի մեկնարկի հետ:

Բանն այն է, որ Սարգսյանը նախագահությունն ավարտում է տրամագծորեն հակառակ աստիճանում, հաշվի առնելով այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով Վատիկանում մատուցված պատարագով սկսված, Սուրբ Աթոռը, կարծես թե, բավականին աշխույժ աջակից է հայկական հարցն առաջ մղելու հարցում, համենայնդեպս՝ դատելով Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հնչեցված մեսիջներից, ազդակներից, որ եղել են թե՛ Պատարագի տեսքով, թե՛ Հայաստան այցի, թե՛ նաև բազմաթիվ այլ հայտարարությունների ու ելույթների: Միևնույն ժամանակ, միամտություն է այս ամենում տեսնել զուտ, այսպես ասած, պատմական արդարության ծարավ կամ տուրք: Դրանից բացի, անկասկած է, որ ներկայումս աշխարհակարգային վերափոխումների փոթորկալից գործընթացում ձևավորվում են ոչ միայն քաղաքական շահեր, քաղաքական կոնֆիգուրացիաներ, քաղաքական կացութաձևերի և համակեցության կանոնների աշխույժ փնտրտուք, այլ վերանայվում և վերափոխվում է համաշխարհային քաղաքականության քաղաքակրթական հենքը, հստակեցվում են դրա սահմանները, ուրվագծերը, բաղադրությունը:

Ահա այդ համատեքստում հատկանշական է, որ 2008-ին մի ռակուրսով համաշխարհային զարգացումներում ներգրավված ակտիվ դերակատար Հայաստանը, 2018-ին, կարծես թե, բավականին ակտիվ ներգրավվում է համաշխարհային նշանակության այլ ռակուրսում, և կարծես թե ավելի խորքային գործընթացում, որում առաջնորդող կարևոր դերի է հավակնում Սուրբ Աթոռը: Եվ այդ գործընթացում հայկական հարցը դրվում է արդեն բոլորովին այլ շեշտադրությամբ, ընդ որում՝ նկատելի լայն մակարդակով, եթե հաշվի առնենք այն, որ վերջին մեկ-երկու տարում այն առանցքային տողատակերով շոշափվել է մի շարք առաջատար պետություններում, և այդ գործընթացը, թերևս, կլինի շարունակվող: Այդպիսով, ակնառու է, որ նախագահության ավարտին Սերժ Սարգսյանը այլ աստիճանով, այլ անկյան և ռազմավարական խորության տակ, բայց համաշխարհային նոր խաղի մասնակից է՝ Հայաստանի սուբյեկտությամբ, որն ունի թե՛ հակակշռող նշանակություն՝ ռուս-թուրքական խաղին, որը, անկասկած, Հայաստանի համար պարունակում է որոշակի ռիսկեր և չեզոքացնելու անհրաժեշտություն, թե՛ նաև Հայաստանի համար որոշակի քննություն-հնարավորություն է պետականության, հետևաբար թե, քաղաքակրթական զարգացման, թե, անվտանգության առավել բարձր մակարդակի դուրս գալու տեսանկյունից: Այստեղ, իհարկե, իրավիճակը բացարձակացնել պետք չէ, քանի որ այն գալիս և սահմանակցում է վարչապետության խնդրին, և այդ իմաստով Վատիկան այցը կարող է ստացվել մի կողմից վերջինը նախագահության տասնամյակում՝ արդեն դիտարկված խորհրդանշական ավարտով, տասնամյա վաղեմության մեկնարկի համեմատ, մյուս կողմից՝ Վատիկան այցը կարող է դիտվել նաև ոչ պաշտոնապես Սարգսյանի վարչապետության առաջին այցը:

Ինչպես ասում են, բարդ է կողմնորոշվել՝ վաղ ընթրի՞ք, թե՞ ուշացած նախաճաշ: Մի բան այդուհանդերձ հստակ է, որ Հայաստանի առաջ բացված է աշխարհաքաղաքական մասշտաբ, որը սակայն պետք է դիտարկել որպես աշխատանքի արդյունք, միաժամանակ, բայց նաև նոր և առավել խորքային աշխատանքի դաշտ, և ոչ թե ժամանցի կամ դափնու հրապարակ: Աշխատանքի դեպքում, սակայն, այնտեղ լինում են դափնիներ, բայց դրա բացակայությունը չի ավարտվի միայն զուտ ինքնին այդ հնարավորության կորստով: Ասպարեզի բացումը որակական և բովանդակային համարժեք մակարդակ ու ծավալ պահանջով աշխատանքով չլցնելու դեպքում Հայաստանը կստանա ուժեղ հարվածներ, ընդ որում՝ գործնականում բոլոր կողմերից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20