Սարգսյանների յուրօրինակ դաշինք՝ նախագահ և պաշտպանության նախարար

- in Կարծիք

Երդմնակալության արարողությունից հետո պաշտոնը ստանձնած նախագահ Արմեն Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ այցելել էր Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի պատերազմում զոհվածների հիշատակին:

Բարոյահոգեբանական խորհրդանշական իմաստով այդ քայլը ինքնին հասկանալի է, սակայն այստեղ կա նաև քաղաքական խորհրդանշականություն՝ հատկապես հաշվի առնելով Արմեն Սարգսյանի նախագահի կարգավիճակում առաջին ելույթի բովանդակությունն ու կառուցվածքը:

Բանն այն է, որ ելույթի առաջին մասը Արմեն Սարգսյանը, այսպես ասած, նվիրել էր բանակի կարևորությանը, այլ կերպ ասած՝ նա առաջին հերթին հարկ համարեց ընդգծել բանակի դերն ու նշանակությունը և այդպիսով ազդակ հղել զինված ուժերին՝ փորձելով թերևս ստանալ նրանց, այսպես ասած, դաշնակցությունը: Ի վերջո, Հայաստանում իշխանության դե ֆակտո և դե յուրե որևէ դասավորվածության որևէ տեղում առանցքային խաղացող սուբյեկտի կարգավիճակի հավակնելու համար զինված ուժերի աջակցությունը, այսպես ասած՝ լեգիտիմությունը զինված ուժերում բավականին կարևոր է:

Այդ համատեքստում ելույթից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ այցը Եռաբլուր էլ ավելի ընդգծեց այդ խորհրդանշական ազդակն ու նաև առավել ընդլայնեց դրա տողատակը: Այդ այցը ցույց տվեց, որ խնդիրն Արմեն Սարգսյանը դիտարկում է ոչ միայն բանակի, այսպես ասած, պասիվ, այլ ակտիվ քաղաքական աջակցության տիրույթում՝ պաշտոնամուտի առաջին իսկ օրը որոշակիորեն «մատուցելով» Սարգսյանների յուրօրինակ դաշինք՝ նախագահ և պաշտպանության նախարար:

Այդ իմաստով իհարկե ուշագրավ է «տրիումվիրատի» ձևավորման հավանականությունը, եթե վարչապետ է դառնում Սերժ Սարգսյանը՝ Սարգսյանների «տրիումվիրատ», թեև այստեղ անշուշտ իրավիճակը այդքան էլ պարզունակ չէ, որքան կարող է թվալ առերևույթ: Իհարկե, այստեղ Սարգսյանների դաշինքը նկատվում է կապիտալի պայքարի տիրույթում, որտեղ անշուշտ իր առանցքային հավակնություններն է ունենալու Կարապետյանների դաշինքը՝ վարչապետ և Սամվել Կարապետյան:

Մյուս կողմից, սակայն, այս բաժանումից զատ՝ իշխանությունն անշուշտ ունի քաղաքական բաժանարար գծերը, որոնք անցնում են ոչ միայն կապիտալի բաշխվածության քարտեզով: Այդ տեսանկյունից բաժանարար գծերը կարող են անցնել ոչ միայն Սարգսյանների «տրիումվիրատի» և ՀՀԿ մեծամասնության միջով՝ այստեղ կապիտալի և քաղաքական դիրքավորման հիմքի վրա բաժանարար գծերի համադրությամբ, այլ նաև հենց Սարգսյանների եռյակի միջով, որովհետև եթե Սերժ Սարգսյանը մնում է ակտիվ խաղացող, ապա հավատարիմ նրա ոճին՝ մյուս բոլոր խաղացողները մնում են պոտենցիալ «զոհաբերվող ֆիգուրներ», մեծ կամ փոքր, բազմակի կամ մեկանգամյա զոհաբերման ենթակա, և այդ իմաստով նախագահ Սարգսյանը պաշտպանության նախարարի հետ կամ դաշինք է նաև Սերժ Սարգսյանին դիմակայելու համար, կամ նրանք ավելի լայն համատեքստում միմյանց մրցակից են «զոհաբերման ենթակայության» մասով՝ ի թիվս, իհարկե, մնացյալ բոլոր ակտիվ խաղացողների:

Այդ գիծն, իհարկե, առավել հեռանկարային զարգացումների հարթությունն է, քանի որ ընթացիկ ռեժիմում առանցքային խնդիրն արդեն 2022 թվականն է, և այստեղ նկատելի է, որ ապակուսակցական, վերկուսակցական նախագահ Արմեն Սարգսյանը կարծես թե ցանկանում է ՀՀԿ-ում ապագա մեծամասնության հարցում գործակցել Վիգեն Սարգսյանի հետ:

Spread the love