Սերժ Սարգսյանն ընդամենը ուժեղացրել է իր դիրքերը «հավասարների» մեջ

- in Կեղտոտ լվացք
Serzh Sargsyan

Ապրիլի 9-ը Հայաստանի համար պատմական օր է՝ առանց չափազանցության, և ոչ այն պատճառով, որ Հայաստանն ունենալու է նոր նախագահ, թեկուզ հիմնականում արարողակարգային լիազորություններով:

Հայաստանում ապրիլի 9-ից լիովին փոխվում է կառավարման մոդելը, և այդ իմաստով առերևույթ նույնը մնացող իրավիճակի և համակարգի պայմաններում խորքային առումով զարգացումների տրանսֆորմացիան լինելու է անխուսափելի: Անգամ եթե դիտարկենք, որ կառավարման խորհրդարանական մոդելը գործելու է, այսպես ասած, ոչ սահմանադրական կարգով, միևնույն է՝ անգամ այդ դեպքում իրավիճակը խորապես այլ է լինելու, լիովին նոր:

Ընդ որում, արժե այստեղ ճշգրտել, որովհետև հաճախ թյուրիմացաբար կամ գիտակցաբար նոր իրավիճակ ասվածը ընկալվում է իբրև կյանքի որակի սկզբունքային փոփոխություն, արդարության, իրավականության, օրինականության լիակատար հաստատում: Նոր իրավիճակը ամենևին այդ մասին չէ: Նոր իրավիճակը անշուշտ ներառելու է զուտ իշխանական համակարգը: Այլ հարց է, որ անորոշ են դառնում դրա սահմանները, քանի որ համակարգը դառնում է ավելի բազմակենտրոն: Այլ տարբերակ չկա՝ մի շարք պատճառներով. միակենտրոն համակարգը կենսունակ չէ և չի կարողանում ապահովել իր անվտանգության համար նվազագույն էֆեկտիվություն: Անգամ Սերժ Սարգսյանի վարչապետության պարագայում մենք գործ ենք ունենալու ոչ միակենտրոն համակարգի հետ, որովհետև փոխվում է դե յուրե պատասխանատվության մեխանիզմը, և Սերժ Սարգսյանը ենթակա է խորհրդարանին: Դե ֆակտո միակենտրոնությունը չի կարող լիարժեք լինել, եթե չկա դե յուրե պատասխանատվության և լծակների կենտրոնացում:

Խոշոր հաշվով, կառավարման մոդելի փոփոխությամբ Սերժ Սարգսյանն ընդամենը ուժեղացրել է իր դիրքերը «հավասարների» մեջ, քանի որ նախագահության տասը տարվա ընթացքում նա գործնականում այդպես էլ չկարողացավ դե ֆակտո իշխանությամբ պոկվել առաջ: Տասը տարի նա ընդամենը իրավիճակային մանևրի մեջ էր, իհարկե՝ հաշվելով ավելի երկար, քան մյուս սուբյեկտները, ինչի շնորհիվ էլ նա մնաց մյուս սուբյեկտներից, իր հիմնական մրցակիցներ Ռոբերտ Քոչարյանից և Հովիկ Աբրահամյանից ավելի երկար: Բայց մնալով ավելի երկար՝ նա խոշոր հաշվով այդպես էլ չստացավ ավելի ամուր իշխանության հնարավորություն: Նա շարունակեց Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան ութամյա կուռ համակարգից հետո մնալ, այսպես ասած, «կիսատ», քանի որ ութ տարի նրանք կառուցել էին կուռ տանդեմի համակարգ: Հետո այդ համակարգը խախտվեց տարբեր պատճառներով՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ ազդեցությունների հետևանքով:

Գործնականում Սերժ Սարգսյանը տասը տարի նախագահում էր մի համակարգում, որը կառավարելի կարող էր լինել միայն տանդեմի մեխանիզմով: Սակայն տանդեմը քանդվել էր, թե ինչ պատճառով կոնկրետ, այլ՝ ավելի լայն խոսակցության առարկա է, սակայն Սարգսյանն այդպես էլ չունեցավ այդ տանդեմի մեխանիզմը, միևնույն ժամանակ նաև չվստահեց որևէ մեկին, և խոշոր հաշվով նա այդպես էլ չկարողացավ դե ֆակտո լինել իշխանության, բուրգի գագաթ, նա դե ֆակտո մակարդակում ընկալվեց իշխանական համակարգի մյուս կենտրոններին հավասար:

Խորհրդարանական մոդելով Սարգսյանը ամրագրում է այդ «հավասարությունը» սահմանադրորեն, և դրա շնորհիվ արդեն նա փաստացի դառնում է «հավասարների» մեջ միակ «ավելի հավասարը»: Այլ կերպ ասած՝ նա փոխում է այն մոդելը, որը կայուն կառավարել հնարավոր էր «տանդեմով»:

Այժմ նա ձևավորում է բազմակենտրոն մոդել, որտեղ արդեն ինքը դե յուրե ենթակա է, բայց ավելի ուժեղ է, որքան էլ թվա տարօրինակ: Ըստ այդմ, Սարգսյանը նոր մոդելում իրեն կարող է թույլ տալ ավելին, քան տասը տարի ուժեղ նախագահական ավելի ամուր և ազդեցիկ թվացող իշխանության պարագայում: Այլ հարց է, թե իրեն ինչ թույլ կտա Սարգսյանը ներկայիս ավելի ուժեղ դիրքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20