Սպանությունից ավելի ծանր հոդվածով ազատազրկված «Հայբիզնեսբանկի» նախկին նախագահը հիմա էլ դատվում է կես մլն դոլար վարկի ապօրինի ստացման համար

- in Իրավունք
Dolar

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արա Կիրակոսյանի և Հարություն Խալաթյանի գործի դատական քննությունը: 

Արա Կիրակոսյանը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախկին նախագահն է, ում վերաբերյալ ռուս-իրանական փողերի լվացման մեղադրանքով մեկ գործ արդեն քննվել, դատավճիռ է կայացվել: Ընդհանուր իրավասության դատարանը Արա Կիրակոսյանին մեղավոր է ճանաչել փողերի լվացման ու մի շարք այլ մեղադրանքներով և դատապարտել է 13 տարի տարի ազատազրկման՝ ամբողջ գույքի բռնագրավումով՝ ոչ ավելի 1 միլիոն եվրոյին համարժեք գումարից:

Ամբաստանյալ Արա Կիրակոսյանից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի՝ կբռնագանձվի 8 միլիոն 279 հազար 071 եվրոյին համարժեք գումար՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Փողերի լվացման վերոհիշյալ գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը ներկայումս ընթանում է վերաքննիչ քրեական դատարանում. պաշտպանական կողմը ամբաստանյալի արդարացումն է պահանջում:

Ներկա քրեական գործով այլ մեղադրանք է առաջադրված Արա Կիրակոսյանին:

Ըստ մեղադրանքի՝ 47-ամյա Արա Կիրակոսյանը 2006 թվականից մինչև 2013 թվականի հոկտեմբերի մեկը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը լինելով, նույն բանկում իր անվամբ ձևակերպված 344 հազար դոլարի վարկը մարելու, բացի այդ՝ իր քրոջ ամուսնուն՝ Արմեն Հովհաննիսյանին պատկանող, ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ՝ «Հայբիզնեսբանկում» ունեցած 101 հազար դոլարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով, իր կարգադրիչ և այլ լիազորությունները ընկերության շահերին հակառակ, իր և բարեկամի օգտին օգտագործելով, 2013 թվականի փետրվարի 1-ին հրավիրել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում՝ «Էրմանո» ՍՊԸ-ին 445 հազար դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր:

2013 թվականի փետրվարի 4-ին վարկի գումարը կանխիկացվել ու ստացվել է այն դեպքում, երբ այդ ժամանակ իրական վարկառուն՝ Արմեն Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետությունում չէր, նրա կողմից լիազորված անձ կանխիկացմանը ներկա չէր: Ստացված կանխիկ գումարից փակվել է «Էրմանո» ՍՊԸ-ի՝ «Հայբիզնեսբանկին» ունեցած կրեդիտորական պարտքը, իսկ գումարի մնացած մասը Արա Կիրակոսյանն օգտագործել է իր վարկային պարտավորությունների կատարման համար:

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված ևս մեկ անձի՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված, անշարժ գույքի գնահատումով զբաղվող «Պարտեր» ՍՊԸ գնահատող Հարություն Խալաթյանին, ով, ըստ մեղադրանքի, իր կարգադրիչ լիազորությունների շրջանակում 2012 թվականի հուլիսի 27-ին Արագածոտնի մարզի Ափնագյուղում գտնվող անասնագոմը գնահատել է իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող և շուկայական արժեքից զգալիորեն բարձր՝ 123 միլիոն դրամ լիկվիդացիոն արժեքով, այնինչ դրա իրական արժեքը կազմել է ընդամենը 12 միլիոն 787 հազար դրամ:

Երկու ամբաստանյալներից կալանքի տակ է միայն Արա Կիրակոսյանը:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Վկա Հրաչյա Պետրոսյանը 2006 –ից մինչև 2014 թվականն աշխատել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում: Դեպքի պահին՝ 2013 թվականի փետրվարին, նա եղել է բանկի ծրագրային վարկավորման վարչության պետ, բանկի վարկային կոմիտեի անդամ:

Վկան հարցաքննության սկզբում ասաց, թե շատ ժամանակ է անցել, ինքը շատ բան չի հիշում, բացի այդ՝ իր ղեկավարած ստորաբաժինը չի առնչվել «Էրմանո» ՍՊԸ-ի վարկային գործին, ըստ այդմ՝ ինքն արժեքավոր տեղեկություններ չի կարող հայտնել այս քրեական գործով. «Ես դաժե հաճախորդին չեմ ճանաչել»,- ասաց վկան՝ նկատի ունենալով «Էրմանո» ՍՊԸ սեփականատեր Արմեն Հովհաննիսյանին:

Վկան սկզբում ասաց, թե հիշյալ ՍՊԸ-ին վարկ տրամադրելու հարց բանկի վարկային կոմիտեի նիստում քննարկվել է, բայց ինքը չի հիշում՝ ինչ է որոշվել,չի հիշում՝ նիստն արտահերթ էր, թե ոչ: Վկան հիշեց, որ ինքը այդ վարկի տրամադրման քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել:

Վկան նաև հաստատապես ասաց, թե չի իմացել, որ «Էրմանո» ՍՊԸ սեփականատերն ազգակցական կապի մեջ է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության այն ժամանակվա նախագահ Արա Կիրակոսյանի հետ:

Վկան հիշեց, որ քվեարկությունից առաջ իրեն չեն խնդրել «կողմ» քվեարկել, և վարկառու հաճախորդի մասին ինքը տեղեկություն չի ունեցել:

Քանի որ վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև կային էական հակասություններ, դատարանում հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, որում վկան հայտնել էր, թե մինչև քվեարկությունը տեղյակ է եղել Արա Կիրակոսյանի ու Արմեն Հովհաննիսյանի բարեկամական կապի մասին: Նիստը նախագահել է անձամբ՝ Արա Կիրակոսյանը:

Պարզվում է՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ կանոնադրությամբ՝ եթե վարկային կոմիտեի անդամը նիստում քննարկվող վարկառուի հարցում շահագրգիռ է կամ նրա հետ փոխկապակցված անձ է՝ պարտավոր էր այդ մասին հայտնել նիստի մասնակիցներին ու չմասնակցել նիստին: Իսկ բանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը ոչ միայն նիստի մասնակիցներին անձամբ չէր տեղեկացրել իր ու Արմեն Հովհաննիսյանի բարեկամական կապի մասին, այլև անձամբ նախագահել էր նիստը: Քննիչը վկային հարցրել էր՝ իմանալով, որ Արա Կիրակոսյանն ու վարկառու Արմեն Հովհաննիսյանը բարեկամական կապ ունեն, ինչո՞ւ չի պահանջել, որ Կիրակոսյանը չմասնակցի նիստին: Վկան պատասխանել էր, որ բանկի վարչության նախագահը եղել է իր վերադասը. «Ես լիազորություններ չունեի նրան արգելելու կամ պահանջելու, որ նա չմասնակցի նիստին»:

Վկան նախաքննական ցուցմունքում նույնպես հայտնել էր, թե քվեարկությունից առաջ իրեն ոչ ոք չէր խնդրել «կողմ» քվեարկել: Կանխիկացված վարկի ստացման ժամանակ վարկառու Արմեն Հովհաննիսյանին ինքը չի տեսել:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկա Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ նախաքննության ժամանակ ճիշտ ցուցմունք է տվել:

Վկա Խաչատուր Տոնոյանը դեպքի ժամանակահատվածում եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալը: Իմացել է, որ «Էրմանո» ՍՊԸ սեփականատեր Արմեն Հովհաննիսյանն իրենց բանկի վարկառու է:

Այս վկան հենց դատաքննական ցուցմունքում հայտնեց, որ իրեն տեղյակ է եղել Արա Կիրակոսյանի ու Արմեն Հովհաննիսյանի բարեկամական կապի մասին՝ փեսա-աներձագ են:

Վկան նույնպես ի պաշտոնե եղել է բանկի վարկային կոմիտեի անդամ, մասնակցել է խնդրո առարկա վարկի տրամադրման նիստին: Նա չհիշեց՝ նիստն արտահերթ էր, թե՞ ոչ:

Չնայած այս վկայի դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև դատարանը էական հակասություններ չարձանագրեց, բայց միաժամանակ արդար դատաքննութան սկզբունքից ելնելով՝ բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ նախաքննական ցուցմունքի հրապարակման վերաբերյալ:

Դատարանի այս գործողության դեմ առարկեց ամբաստանյալ Արա Կիրակոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Նախագահողը պարզաբանեց՝ երկար ժամանակ է անցել, անձը օբյեկտիվորեն կարող է գործի համար կարևորություն ունեցող հանգամանքները չհիշել: Եվ մարդը օբյեկտիվորեն կարող է զրկվել արդար դատաքննությունից…

Նախաքննական ցուցմունքում վկան մանրամասն նշել էր, որ «Էրմանո» ՍՊԸ սեփականատիրոջ դիմումը՝ վարկ տրամադրելու վերաբերյալ, մակագրվել է իրեն, ինքն ուսումնասիրել ու մակագրել է համապատասխան ստորաբաժնին: Վերջինիս տված դրական եզրակացության հիման վրա վարկային կոմիտեում ներկայացվել է դիմումը ու քվեարկություն է կատարվել:

Վկան նշել է, թե տեղյակ չի եղել, որ 445 հազար դոլար վարկային գումարը կանխիկացվել ու տրամադրվել է: Ընդ որում՝ ըստ քննիչի հարցադրումների՝ վարկառուի դիմումը տրվել է 2013 թվականի փետրվարի 1-ին՝ ուրբաթ օրը, այդ վարկի տրամադրման հարցը վարկային կոմիտեի նիստում քննարկվել է հենց երկուշաբթի՝ փետրվարի 4-ին, և նույն օրը տրամադրված վարկի գումարը կանխիկացվել է… այն դեպքում, երբ վարկառուն բացակայել է Հայաստանից… Քննիչը հարցրել է՝ վկան տեղյա՞կ է՝ ո՞վ է ստորագրել՝ որպես կանխիկացված գումարի ստացող: Վկան պատասխանել է, թե տեղյակ չէ…

Վկան ասել է, թե ինքը բանկի կանոնադրությունն իմացել է, գիտեր, որ վարկային կոմիտեի անդամը վարկառուի հետ փոխկապակցվածություն կամ այլ շահագրգռվածություն ունենալու դեպքում այդ մասին պետք է հայտարարեր ու չմասնակցեր կոմիտեի նիստին, բայց ինքը լիազորություն չուներ բանկի վարչության նախագահին արգելելու՝ վարկային կոմիտեի նիստին մասնակցել, ավելին՝ նախագահել այդ նիստը:

Վկա Առաքել Գաբրիելյանը քննվող դեպքի ժամանակահատվածում՝ 2013 թվականի փետրվարին, եղել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրենը, միաժամանակ եղել է բանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանի մորաքրոջ որդին:

Այս վկան ոչ մի հետաքրքիր բան չասաց, նրա օգտագործած հիմնական արտահայտությունն էր՝ «չեմ հիշում»-ը:

Հաջորդ դատական նիստին դատարանի որոշմամբ բերման կենթարկվեն դատարան չներկայացող մի քանի վկաներ, այդ թվում՝ Արա Կիրակոսյանի քրոջ ամուսին, քննվող դեպքով անընդհատ հիշատակվող Արմեն Հովհաննիսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20