Վիգեն Սարգսյանը ստվերում գտնվող այլ հուշարարի մասին է խոսում, եթե Սերժ Սարգսյանը չստանձներ վարչապետությունը

- in Կեղտոտ լվացք
Vigen Sargsyan

Հարցին՝ եթե Կարեն Կարապետյանը լավ էր աշխատում, ինչո՞ւ նա չմնաց վարչապետ, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստատեսության եթերում նախօրեին ուշագրավ պատասխան է տվել.

«Որպես կուսակցություն՝ մենք ունենք որոշումներ կայացնելու ընթացակարգեր: Մենք ունենք տարբեր խնդիրների լուծումները համաչափ գտնելու համադրություն: Կառավարման համակարգի համար անհամեմատ ավելի արդյունավետ է, երբ ուղղահայացը պետական կառավարման համակարգի արտացոլում է իրական որոշումների կայացման համաչափությունը: Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է, և նշանակված պաշտոնյաները կայացնում են որոշումներ բեմի հետևից հնչող ցուցումներով, այնպես որ՝ ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»:

Առաջին տպավորությամբ՝ Վիգեն Սարգսյանը խոսել է խորհրդարանական մոդելի տրամաբանության մասին, երբ մեծամասնություն ստացած ուժի ղեկավարը ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակի է ստանձնում երկրի ղեկավարումը: Սակայն երբ Սարգսյանի հարցազրույցը դիտարկում ենք ոչ թե հատվածաբար, այլ ամբողջության մեջ, նրա ակնարկներն ունեն հստակ տողատակեր և ակամայից ծնում են ակտուալ հարցեր, որոնցից շատերի պատասխաններն այս պահին չունենք, և լավագույն դեպքում կարող ենք անել հիպոթետիկ ենթադրություններ:

Գուցե Վիգեն Սարգսյանը ստվերում գտնվող այլ հուշարարի մասին է խոսում, եթե Սերժ Սարգսյանը չստանձներ վարչապետությունը: Համենայնդեպս, պաշտպանության նախարարի հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ Կարեն Կարապետյանի վարչապետության դեպքում գործ էինք ունենալու «բեմի հետևից հնչող ցուցումների» հետ, ու ակնհայտ չէ, որ Վիգեն Սարգսյանն ակնարկում է Սերժ Սարգսյանի «հուշարարության» մասին: Ավելի շատ հակված ենք մտածել, որ Վիգեն Սարգսյանը նման ձևակերպումներով չէր արտահայտվի Սերժ Սարգսյանի ստվերային դերակատարության մասին:

Փաստորեն Վիգեն Սարգսյանը տողատակում ակնարկում է, որ համակարգային ինչ-որ սեգմենտներ կամ համակարգամերձ շրջանակներ դժգոհ են Սերժ Սարգսյանի վարչապետությունից: Դժվար է ենթադրել, թե ով կամ ովքեր են այդ ուժերը, բայց փաստ է, որ սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը փակել էր, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադառնալու ճանապարհը կամ վարչապետ դառնալով՝ ի դերև է արել Կարեն Կարապետյանի տնտեսաքաղաքական հովանավոր Սամվել Կարապետյանի ստվերային ազդեցության հեռանկարը: Պնդումներ չենք անում, սակայն միանգամայն հնարավոր ենք համարում, որ Վիգեն Սարգսյանի երկիմաստ ակնարկները վերաբերում են հենց այս շրջանակների ապակայունացնող «պոտենցիալին», մանավանդ, որ պաշտպանության նախարարը նույն հարցազրույցում հայտարարել է, թե քաղաքացիների պահանջն իր համար հասկանալի չէ: Այլ խոսքով՝ Վիգեն Սարգսյանը նրբանկատորեն ակնարկում է, որ փողոցային հուզումներն այնքան էլ բնական և ինքնաբուխ չեն՝ թիկունքում ունենալով «հուշարարներ»:

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանք ունի կատարելու խորհրդարանում, որպես մարդ, որը ստացել է համապատասխան քվե, և կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է խոսել կարմիր գծերը չանցնելու մասին, որոնք կարող են ուղղակի տեղ չթողնել հետագա երկխոսության, քննարկման համար»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Եթե խնդրին նայենք գործողությունների լեգալության իմաստով, ապա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը «կարմիր գծերը» հատել է վաղուց, հետևաբար պաշտպանության նախարարի խոսքը բազմաշերտ ենթատեքստ ունի, որը վերաբերում է փողոցային պայքարի, այսպես ասած, ստվերային, չերևացող բաղադրիչին:

Արդյո՞ք երկրում այս օրերին տեղի ունեցող հուզումներն ունեն ստվերային բաղադրիչ, և իշխանամերձ ինչ-որ ուժեր դրա միջոցով փորձում են որոշակի խնդիրներ լուծել: Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ, սակայն ակնհայտ է, որ փողոցում ծավալվող իրադարձությունների մասշտաբը՝ կազմակերպչական և մարդկային ռեսուրսների առումով, ենթադրում էր շարժման ավելի ուժեղ հարթակ, ինչը մենք այդպես էլ չենք տեսնում: Իհարկե, չենք ուզում տրվել դավադրության տեսությանը, սակայն Հայաստանում տեղի ունեցող նույնիսկ հրապարակային գործընթացի ստվերը չափազանց մեծ է:

Spread the love