Փշալարերի հետևից, պարալիզացված քաղաքի վարչապետ. ի՞նչ է շնորհավորել Վլադիմիր Պուտինը

- in Հրապարակ
Serj Putin

«Այն, թե ինչ միջավայրում Սերժ Սարգսյանն «ընտրվեց» վարչապետ՝ արդեն ամեն ինչի մասին խոսում է։ Իրենց խնջույքը չստացվեց, երկաթե փշալարերով շրջապատված, քաղաքը կաթվածահար եղած։ Նման պայմաններում երկրի ղեկավար դառնալը պարզապես ամոթ է»,- նման տեսակետ հայտնեց Մոսկվայում բնակվող հայ փորձագետ Արբակ Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ ուրախալի է, որ երիտասարդությունը ոտքի է կանգնել. «Ցանկացած նորմալ երկրում ղեկավարն այս ամենը տեսնելով պետք է հրաժարական տար, բայց ես լսում եմ իրենց ելույթներն ու պարզապես ապշում։ Միակ ճիշտ տարբերակը արտահերթ ընտրությունների անցկացումն է։ Նոր Սահմանադրությամբ հաստատվել է խորհրդարանական կառավարման համակարգ, ու միայն անձի փոխելը խնդիր չի լուծի։ Իրավիճակը պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով՝ արտահերթ ընտրությունների միջոցով»,- ընդգծեց Արբակ Խաչատրյանը։

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանին շտապեց շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արդյոք դա լրացուցիչ աջակցություն էր Սարգսյանին իր իշխանությունը պահելու համար, հարցին ի պատասխան, Արբակ Խաչատրյանն արձագանքեց. «Ես ուրախ կլինեի, որ նա շնորհավորեր, որ Հայաստանում դեռ նման անկախ ուժ կա՝ երիտասարդությունը։ Չգիտեմ՝ ինչն է շնորհավորել, որ մի քանի հոգով հավաքվել իրար մեջ ինչ-որ բա՞ն են որոշել։ Չգիտեմ, գուցե իրականությունը մի քիչ լավ չգիտի, եթե ամեն ինչ հասներ իրեն՝ գուցե այլ կերպ արձագանքեր։ Մի ամբողջ մայրաքաղաք պարալիզացված վիճակում է, ի՞նչ է շնորհավորել Պուտինը։ Իմ միակ ցանկությունն այն է, որ այս ժողովուրդը դիմեր ու արտասահմանում հաշիվներ ունեցող ղեկավարությունն ընկներ պատժամիջոցների տակ, դա կլիներ իրական հարված»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք հնարավոր է Հայաստանում հեղափոխություն իրականացվի առանց արտաքին ուժերի աջակցության։ «Հիմա աշխարհում այնքան վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում, որ հնարավոր է Հայաստանը որոշակիորեն հայտնվի այդ ամենի կիզակետում ու օգտագործվի։ Իհարկե աջակցության բացահայտ դրսևորումներ հնարավոր չեն, բայց գուցե ներքին որոշակի աջակցություն լինի։ Երկրի նախագահը խորհրդարանում հայտարարում է, որ միջազգային դիտորդներն ընդունել են ընտրությունների արդյունքները։ Այսինքն՝ հասկանո՞ւմ եք՝ երկրի նախագահն իր երկրի ներսում պաշտպանվում է դրսի դիտորդներով։ Օտար երկրների դեսպանները շատ լավ գիտեն՝ այստեղ ինչ գումարներ են կուտակում, պարզապես լռում է։ Ես կրկնում եմ՝ օտար երկրների միջամտությունը պետք է, որպեսզի նրանք սառեցնեն իշխանական վերնախավի հաշիվները, իսկ մնացած աջակցություններն այս պահին հավանական չեն թվում»,- ընդգծեց Արբակ Խաչատրյանը։