1919 թ. Համամլու գյուղում 20 տարեկան ամուսինը «թվանքով» սպանել է 35-ամյա կնոջը՝ համագյուղացու հետ սեռական հարաբերության պահին

- in Իրավունք
Danakaharutyun

1919 թվականին Համամլուն (Սպիտակը) Ղարաքիլիսայի գավառի մեծ գյուղերից էր:

Նազանի Անդրեասյանցն այդ գյուղի գեղեցկուհիներից էր համարվում: Բայց նրա թեթևաբարո վարքին էլ գյուղացիները, հատկապես տղամարդիկ լավ ծանոթ էին: Միգուցե այս կնոջ վարքն էր պատճառը, որ առաջին ամուսինը, թողնելով նրան ու դստերը, բաժանվել և հեռացել էր:

Հնգամյա դստեր հետ մենակ մնացած Նազանին, սակայն, տղամարդկանց ուշադրության պակաս չէր զգում:

Գյուղը շուտով ալեկոծվել էր այն լուրից, որ 20-ամյա Մովսես Էքթիբարովն ամուսնացել է իրենից 15 տարով մեծ՝ 35-ամյա Նազանիի հետ:

Մովսեսի ծնողներն ու հարազատները դեմ էին այդ ամուսնությանը: Հետագայում Մովսեսը իր ցուցմունքներում հայտնել է. «Իմ ամուսնության պատճառը եղավ Շմավոնը, որը համոզեց ինձ առնել Նազանին: Նա ասում էր, որ Նազանին ինձ սիրում է և ուզում է ինձ հետ ամուսնանալ: Հայրս ու մայրս մեր ամուսնությանը համաձայն չէին, որովհետև նրանք ճանաչում էին Նազանուն՝ ինչպես անբարոյական կնոջ»:

1919 թվականի սեպտեմբերի 11-ի երեկոյան Մովսեսը տուն էր գնացել հենց վերոհիշյալ «խորհրդատու» Շմավոնի հետ: Հետագայում Մովսեսը հայտնել է, թե ցանկանում էր… «եղբայրանալ» Շմավոնի հետ…

«Երբ Շմավոնի հետ եկանք տուն, նա ինձ փող տվեց, որ ես գնամ միս առնեմ: Ես գնացի միս առնելու: Վերադառնալով՝ լուսամուտից տեսա, որ Շմավոնը կնոջս հետ հարաբերության մեջ է: Որովհետև Շմավոնի մոտ ատրճանակ կար, ես վախեցա ու ներս չմտա, այլ թաքնվեցի լուսամուտի տակ, մինչև նա գնաց…»,- հայտնել է Մովսեսը:

Ապա շարունակել է. «Հետո մտա տուն և սկսեցի բացատրվել կնոջս հետ, որի ժամանակ ինձ ցույց տալով 15 ռուբլի, Նազանին ասաց՝ ինչո՞ւ ես զայրանում, ահա, ես աշխատել եմ այս փողը: Նա փողը ցույց տվեց ու ինձ հայհոյեց: Երբ ես տեսա փողը, խիստ զայրացա և չեմ հիշում՝ ինչպես վերցրի հրացանն ու սպանեցի կնոջս: Հրացանը պատից կախ էր, և ես չեմ հիշում՝ փամփուշտ կա՞ր մեջը, թե՞ ես եմ դրել սպանության ժամանակ…»:

Կինը մահացել էր գլխի հրազենային վնասվածքից՝ գնդակը ձախ ականջի մոտից մտել և դուրս էր եկել աջ ականջի մոտից: Կինը չէր հասցրել մահճակալից իջնել՝ բարձերին թեքված էլ մահացել էր:

Գործի քննության ընթացքում Շմավոնը ժխտել էր իր ու Նազանիի միջև ինտիմ կապի առկայությունը: Նա նույնիսկ դատավարությանը չէր ներկայացել:

Դեպքից անմիջապես հետո Մովսեսը փորձել էր կատարվածը այլ կերպ ներկայացնել՝ ասել էր, թե անհայտ չարագործները պատուհանից կրակել էին կնոջ վրա ու սպանել էին: Մովսեսն ասել էր նաև, թե հարևաններից ու բարեկամներից ոչ մեկին չի կասկածում:

Բայց իրավապահները հարցաքննել էին ոչ միայն հարևաններին ու բարեկամներին, այլ նաև դեպքի անչափահաս ականատեսին՝ Նազանիի հնգամյա երեխային:

Գավառի կոմիսարը խոսեցրել էր երեխային, հարցրել էր. «Մորդ ո՞վ սպանեց»:

Աղջնակը պատասխանել էր. «Մոսոն սպանեց»:

«Ինչո՞ւ սպանեց»,- հարցրել էր կոմիսարը:

«Փող էր ուզում, մայրիկս չէր տալիս, դրա համար թվանքով սպանեց»:

Կոմիսարը երեխային հարցրել էր. «Մոսոն մայրիկից փող առա՞վ, թե՞ չէ»:

«Առավ»,- պատասխանել էր երեխան:

«Ինչպիսի՞ փողեր էին»,- հարցրել էր կոմիսարը:

«Կեղտոտ փողեր էին»,- ասել էր երեխան…

1920 թվականի սկզբին Երևանի շրջանային դատարանում քննվող այս գործով երդվյալ ատենակալները կայացրեցին  որոշում՝ այո՛, սպանություն կատարած անձի արարքն ապացուցված է, բայց նա… մեղավոր չէ…

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20