ԱԱԾ-ն կհրապարակի՞ գողացողների անունները, թե՞ դրանք կմնան գաղտնի, եթե նրանք համաձայնեն կոպեկ առ կոպեկ վերադարձնել գողացածը

- in Վերլուծական
aac

Հայաստանում 350 շարքային անձանց անվամբ, նույնիսկ առանց նրանց իմացության և պատկերացման կոռուպցիոն սխեմաներ աշխատացրած և պետության հաշվին հարստացած անձանց բացահայտելու մասին ԱԱԾ պետի հայտարարությունը անկասկած աննախադեպ է:

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել են տարիներ շարունակ, ամենատարբեր, անգամ Առաջին դեմքի մակարդակով, բայց որ ԱԱԾ պետի մասշտաբով հայտարարվի շատ հստակ ժամկետ և շատ կոնկրետ բացահայտումների մասին ազդարարվի նախապես, դա անկասկած չի եղել:

Մյուս կողմից, եթե Հայաստանում եղել է հեղափոխություն, ուրեմն այդպիսի հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն: Ըստ այդմ, այդպիսի հայտարարությունները չպետք է նույն կերպ առանց հանրային արձագանքի մնան, եթե դրանք նախապես ազդարարված տրամաբանությամբ կյանքի չկոչվեն: Հանրային ականջը սովորել է, որ հնչել են ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններ, սակայն չի եղել իրական որևէ պայքար: Դրանից հետո չի եղել նաև հանրային որևէ արձագանք, պատասխանատվություն պահանջելու որևէ ջանք կամ փորձ: Այժմ չպետք է լինի այդպես և հայտարարությունների համար պետք է պատասխան տա յուրաքանչյուր պաշտոնյա, անկախ զբաղեցրած դիրքից և հայտարարության բնույթից: Այսինքն, հեղափոխությունը ոչ միայն պաշտոնյաների փոփոխություն պետք է ենթադրի, այլ նաև հասարակության:

Ըստ այդմ , ԱԱԾ պետի հայտարարությունը մի կողմից պատասխանատվություն ու ինչ-որ իմաստով քննարկման շրջան է ստեղծում նրա՝ Արթուր Վանեցյանի համար, մյուս կողմից նաև նրան լսող հասարակության, որպեսզի հանրությանը հերթական անգամ չմատուցվի ավելի շատ կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք, տպավորություն, քան իրական պայքար և բացահայտումներ: Եվ խնդիրը այստեղ բոլորովին էլ հանրության այսպես ասած «արյան տենչը» չէ, որպեսզի ինչ-որ մեկն անպայմանորեն պատժվի գողացածի համար, հայտնվի բանտում, միմյանց հաջորդեն ձերբակալություններն ու հովանա հանրության սիրտը: Տվյալ պարագայում խնդիրը չափազանց պարզ է և ԱԱԾ պետի հայտարարությունից հետո առկա է մի հստակ հարց՝ ինչ է տալու այդ ամենը պետությանը: Եվ ակնհայտ է, որ այստեղ նույնքան պարզ պատասխանը, թե պատասխանատվության ինստիտուտը անպատժելիության ավարտն է և կկանխի հետագա հանցագործությունները, անբավարար է այն խնդիրների ֆոնին, որ կա նոր կառավարության և նոր Հայաստանի առաջ: Այդ խնդիրները պահանջում են կոնկրետ քայլեր և դրանք էլ իրենց հերթին պահանջում են ռեսուրսներ: Եվ այստեղ հանրության գլխավոր պահանջը պետք է լինի պետության վնասի փոխհատուցումը, որը խոշոր հաշվով կտա մի շարք խնդիրների լուծման և այդպիսով հեղափոխական այս փուլի ռեսուրսային լրացուցիչ շնչառության հնարավորություն:

Այստեղ իհարկե կարող է լինել մեկ այլ ուշագրավ հանգամանք. ԱԱԾ-ն կհրապարակի՞ գողացողների անունները, թե՞ դրանք կմնան գաղտնի, եթե նրանք համաձայնեն կոպեկ առ կոպեկ վերադարձնել գողացածը:

Spread the love