ԱԺ-ում ունենալով մեծամասնություն, նրանք ընտրեցին ժողովրդի թեկնածուին

Manvel Sargsyan

Տարիներ շարունակ մարդիկ թերահավատությամբ էին խոսում, որ հնարավոր է նման ռեժիմը գլխատել, բայց դա տեղի ունեցավ բոլորիս աչքի առջև։ Այդ մասին նշեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ մարդիկ շատ ճիշտ են գնահատում իրավիճակը։ 

Նրա խոսքերով՝ արդեն իսկ որոշակի ինստիտուցիոնալ փոփոխություններ են եղել, քանի որ տեսանք, թե այդ բարդ իրավիճակում ինչպես կողմնորոշվեցին ոստիկանությունն ու բանակը։ «Սրանք շատ կարևոր բաներ են, արդեն կառուցվածքային տեղաշարժեր են կատարվում։ Փաստորեն անօրինական որոշումներ ինստիտուտները չեն կատարում։ Սա շատ հզոր հարված էր գոյություն ունեցող համակարգին։ Այս ֆոնին զավեշտալի է հնչում, որ խորհրդարանում նստած են 55 մարդ, որոնք, ժողովրդի ասածով՝ սուս ու փուս իրենց ձայնը տալու են և ընտրելու են ժողովրդի կողմից առաջ քաշած թեկնածուին։ Այսինքն՝ ԱԺ-ում ունենալով մեծամասնություն, նրանք ընտրեցին ժողովրդի թեկնածուին։ Սա ևս պետք է գնահատել որպես շատ էական հանգամանք, որովհետև այդ նույն մարդիկ մեկ շաբաթ առաջ այլ կարծիք ունեին, կարծում էին, որ եթե ունեն մանդատներ, ուրեմն ունեն իշխանություն։ Բայց այս մի քանի օրվա ընթացքում հասկացան, որ իրենք ոչ մի բան են»,- նշեց Մանվել Սարգսյանը։

Spread the love