Աճառյան փողոցում ԱԻՆ աշխատակցի մասնակցությամբ ողբերգական վթարի հետևանքով 11-ամյա աղջնակի գլուխը կտրվել է մարմնից

- in Իրավունք
vtar

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց 2017 թվականի աշնանը Աճառյան փողոցում ԱԻՆ աշխատակցի ու սլավոնական համալսարանի ուսանողի մասնակցությամբ ողբերգական վթարի գործի դատական քննությունը: 

Այս ողբերգական պատահարի արդյունքում 11-ամյա դպրոցական աղջնակ է մահացել, իսկ երեխայի հարազատները, որ նույն մեքենայի մեջ էին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ամբաստանյալի աթոռին երկու Հակոբյաններ են՝ ո՛չ բարեկամներ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին 27-ամյա Լևոն Հակոբյանը՝ ԱԻՆ հրշեջ-փրկարար, իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի, տրանզիտային համարանիշով ավտոմեքենայով Երևանի Աճառյան 42 շենքի մոտ ճանապարհի չթույլատրված հատվածում հետադարձ է կատարել, խոչընդոտել է սահմանված թույլատրելի արագության գերազանցումով նույն ուղեմասով ընթացող՝ 23-ամյա Արթուր Հակոբյանին պատկանող, նրա վարած «HUMMER H2» մեքենայի երթևեկությանը, ինչը և դարձել է սարսափելի ավտովթարի պատճառ:

Արթուր Հակոբյանը վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը, մեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի, որտեղ ընդհարվել է սկզբում «Օպել», ապա «Նիսան» մեքենաներին:

«Օպելի» 11-ամյա ուղևորուհի Լարիսա Մ.-ն տեղում մահացել է՝ երեխայի գլուխը կտրվել է իրանից, երեխայի ծնողներին պատճառվել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Վթարից հետո փրկարար Լևոն Հակոբյանը առանց կանգ առնելու հեռացել է դեպքի վայրից, գնացել է իր աշխատավայրը, այնուհետև փրկարարների հետ ներկայացել է դեպքի վայր ու ոչինչ չի հայտնել կատարվածի մասին:

Այն բանից հետո, երբ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի նկարահանած նյութերի ուսումնասիրությունից պարզվել է վթարի ամբողջ պատկերը, հանրությունն աղմուկ է բարձրացրել, Լևոն Հակոբյանը ներկայացել է ոստիկանություն:

Երկու ամբաստանյալներն էլ գտնվում են կալանքի տակ:

Այս գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ դատախազ Հ. Պետրոսյանը:

Արթուր Հակոբյանի շահերի պաշտպանը փաստաբան Վազգեն Թադևոսյանն է, իսկ Լևոն Հակոբյանի շահերը պաշտպանում է փաստաբան Ժաննա Կոտիկյանը:

Տուժողները Արարատի մարզի Ոստանիկ գյուղից են:

Հրշեջ –փրկարար Լևոն Հակոբյանը միջնակարգ կրթություն ունի, նրա խնամքին են 3 և 5 տարեկան մանկահասակ երեխաներն ու չաշխատող կինը:

Արթուր Հակոբյանը դեպքի պահին Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող էր:

Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, Լևոն Հակոբյանին՝ 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով՝ նաև՝ պատահարի վայրը թողնելու համար:

Մահացած երեխայի ընտանիքում օրեր առաջ՝ մայիսի 5-ին, տղա է ծնվել: Ընտանիքում մեծանում է ևս մի զավակ՝ 8 տարեկան… Դեպքի պահին տուժող երեխայի մայրը դստեր կողքին էր նստած, նա ծանր վնասվածքներ է ստացել, գործով տուժողի կարգավիճակ ունի, դստեր սարսափելի մահը տեղի է ունեցել մոր աչքի առաջ…

Դատարանը դեռ վկաների հարցաքննության փուլում է:

Դատարան էր ներկայացել վկա Հարություն Հարությունյանը՝ ԱԻՆ սպա: Նա է եղել Լևոն Հակոբյանի հրամանատարը:

Վկան նշեց, որ դեպքին նախորդող օրը, դեպքի օրը Բյուրականի անտառային հրդեհների օրերն էին, ԱԻՆ փրկարարները ծանրաբեռնված էին աշխատում:

Դեպքին նախորդող օրը վկան հերթապահել էր Բյուրականում, իսկ դեպքի օրը Բյուրականից գնացել էր տուն՝ համազգեստը փոխելու: Վկան դեռ տանն էր, երբ նրան զանգել է հերթապահն ու տեղեկացրել է Աճառյան փողոցում կատարված վթարի մասին:

Վկան նշեց, որ իր տանից մինչև վթարի վայր մոտ տասը րոպեի ճանապարհ է: Ինքը տանից անմիջապես գնացել է դեպքի վայր, միայն թե ժամերը չի հիշում, ժամերը կարելի է ստուգել ԱԻՆ փրկարար ծառայության գրանցամատյաններով:

Վթարի մասին Հարություն Հարությունյանին տեղեկացրել են՝ որպես պարզապես կանչ: Նա, հասնելով դեպքի վայր, այնտեղ տեսել է իր ենթականերին, այդ թվում՝ Լևոն Հակոբյանին: Վերջինս մասնակցել է փրկարարական աշխատանքներին, բայց հրամանատարին ոչինչ չի ասել, չի զեկուցել վթարին՝ իր առնչության մասին:

Վկան նշեց՝ «սպասարկել են» վթարը, «ամեն բան նորմալ է անցել», հետո Լևոն Հակոբյանին խմբի կազմում ուղարկել է Բյուրական՝ ծառայությունը շարունակելու: Մեկ էլ հանկարծ երեկոյան հրամանատար Հարությունյանին է զանգել Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետն ու ասել է, թե Աճառյան փողոցում կատարված վթարի գործով տեսագրություններ կան, որտեղ երևում են ԱԻՆ համազգեստով մարդիկ:

Ոստիկանության բաժնի պետը Հարությունյանին է ուղարկել հանրությանը ցնցած տեսագրությունը, որը դիտելով՝ հրամանատարը համոզվել է, որ ԱԻՆ աշխատող է առնչվել վթարին: Քանի որ տեսագրության մեջ դեմքերը ճանաչելի չէին, հրամանատարը տեսագրությունն ուղարկել է փրկարարների խմբի պետին և կարգադրել է պարզել՝ փրկարարներից ով է սպիտակ մեքենայով ինքնակամ հեռացել ծառայության վայրից ու առնչվել ողբերգական վթարին:

Հինգ րոպե անց խմբի պետը զեկուցել է, որ սպիտակ մեքենան հրշեջ-փրկարար Լևոն Հակոբյանի նոր գնած մեքենան է, ղեկին եղել է Լևոնը, նրա կողքին նստած է եղել ևս մի փրկարար՝ Էդգարը:

Վկան նշեց, որ անմիջապես կապվել է Բյուրական ու հրամայել է, որ Լևոն Հակոբյանը վերադառնա Երևան: Վկան ասաց. «Լևոնն ինքն էլ ա ուզեցել վերադառնալ»:

Որպեսզի Լևոնի վերադարձը հնարավորինս արագ կատարվի, այլ ոչ թե Լևոնին բերման ենթարկելու նպատակով, Ավանի ոստիկանության պետն իր մեքենայով գնացել է Բյուրական ու Երևան է բերել Լևոն Հակոբյանին՝ ասաց վկա Հարություն Հարությունյանը:

Վկան, պատասխանելով կողմերի հարցերին, ասաց, թե փրկարար ծառայողն իրավունք չուներ ծառայության վայրն ինքնակամ թողնել՝ առանց վերադասին զեկուցելու դուրս գալ ու գնալ սնունդ կամ բենզին գնելու: Բայց Լևոն Հակոբյանը հրամանատարի հետ զրույցի ժամանակ ասել է, թե առանց թույլտվության դուրս է եկել ընդամենը սնունդ գնելու՝ քանի որ գիտեր՝ շուտով մեկնելու է Բյուրական՝ անտառային հրդեհ մարելու. «Խառը օրեր էին, չէինք հասցնում»,- ասաց վկա Հարությունյանը:

Վկան նշեց նաև, որ Բյուրականից Երևան վերադառնալուց հետո իր հետ զրույցում Լևոնը վթարի վերաբերյալ ասել է, թե տեսել է, որ կարմիր լույս է, ցանկացել է շրջադարձ կատարել, ու անսպասելի հայտնվել է մյուս մեքենան…

Ըստ վկայի՝ Լևոն Հակոբյանը դեպքի վայրում կատարել է փրկարարական աշխատանքներ՝ այդ ժամանակ դեռ մահացած երեխայի դիակը մեքենայից չէր հանվել…

Վկան նշեց, որ Լևոն Հակոբյանին ճանաչում է մոտ յոթ տարի, կարող է բնութագրել դրական՝ որպես բարեխիղճ աշխատողի ու լավ ընկերոջ…

Վկան նշեց նաև, որ դեպքի պահին Լևոն Հակոբյանի մեքենայում գտնված մյուս փրկարարը՝ Էդգարը, որ այս գործով վկայի կարգավիճակ ունի, այս դեպքի հետ կապված ծառայողական քննության արդյունքում խիստ նկատողություն է ստացել և ինքնակամ հեռացել է աշխատանքից:

Գործով դեռ չհարցաքննված են մնում երեք վկաներ: Նրանցից երկուսին դատական այս նիստին ոստիկանները չին կարողացել բերման ենթարկել, քանի որ բնակության վայրում նրանց չէին գտել: Վկաներից մեկի վերաբերյալ հարևանը բանավոր տեղեկացրել էր, որ նա արդեն չորս ամիս հանրապետությունում չէ:

Մեղադրողը պնդեց, որ դատարանը նորից բերման ենթարկելու որոշումներ կայացնի չներկայացող վկաների վերաբերյալ:

Ամբաստանյալ Լևոն Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Ժաննա Կոտիկյանը նշեց, որ չհարցաքննված վկաները գործի համար էական ցուցմունքներ չեն տվել, հնարավոր է նաև հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները՝ դատական քննությունը անհարկի չձգձգելու նպատակով:

Ամբաստանյալ Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան Վազգեն Թադևոսյանը նույն կարծիքը հայտնեց:

Դատարանը տատանողական վիճակում էր, բայց այն է՝ որոշում էր հրապարակել չներկայացող երեք վկաների նախաքննական ցուցմունքները, երբ մեղադրող Հ. Պետրոսյանը միջնորդեց հետաձգել նիստը, քանի որ ծանրաբեռնված էր այլ նիստով:

Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Վազգեն Թադևոսյանը պնդեց, որ դատական նիստը չհետաձգվի, մինչև ինքը հանդես չգա միջնորդությամբ:

Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալ Արթուր Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխել, որպես խափանման միջոց՝ ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին կամ, կալանքը չվերացնելու դեպքում, կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Պաշտպանը նշեց, որ Արթուր Հակոբյանի հարազատները պատրաստ են որպես գրավ վճարել մինչև 2 միլիոն դրամ:

Պաշտպան Վազգեն Թադևոսյանը վերջերս մեկ անգամ ևս հանդես էր եկել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու կամ գրավով փոխարինելու միջնորդությամբ, որը ընդհանուր իրավասության դատարանը մերժել է:

Պաշտպանը նշեց, որ ներկա միջնորդության մեջ այլ փաստարկներ են բերված: Նախորդ միջնորդությունը մերժվել է նաև այն հիմնավորմամբ, որ ազատության մեջ գտնվելով՝ Արթուր Հակոբյանը կարող է ազդել դեռ չհարցաքննված վկաների ու տուժողների վրա: Բայց ներկայումս բոլոր էական վկաները, ինչպես նաև տուժողները արդեն հարցաքննվել են: Էլ ո՞ւմ վրա պիտի ազդի Արթուր Հակոբյանը, եթե ազատության մեջ գտնվի: Այդ վտանգը, փաստորեն, սպառված է…

Պաշտպանը նշեց, որ կալանավայրում գտնվելու պայմաններում էլ Արթուր Հակոբյանը, ցանկության դեպքում, կարող էր ազդել վկաների վրա՝ սահմանափակված չէ նրա շփումների իրավունքը, նա կարող էր զանգել, բայց երբևէ որևէ վկայի նկատմամբ ուղղորդող գործողություն նրա կողմից չի կատարվել:

Պաշտպանը հիշատակեց՝ գործի քննության ընթացքում եղել է ժամանակահատված, երբ իր պաշտպանյալ Արթուր Հակոբյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Արթուրն անձամբ ներկա է եղել Վճռաբեկ դատարանի նիստին, երբ նրա նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի: Այդ որոշումից հետո Արթուրը դատարանի դահլիճում կալանքի տակ չի առնվել, նա մի քանի օր շարունակել է ազատության մեջ մնալ, բայց չի թաքնվել, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, որպեսզի նորից տեղափոխվի կալանավայր:

Պաշտպանը նշեց՝ իր պաշտպանյալը մշտական բնակության վայր ունի, նախկինում դատված չի եղել, գործի քննության ընթացքում միմիայն օժանդակել է քննությանը: Ընդ որում՝ հենց Արթուր Հակոբյանն է հայթայթել ու իր հեռախոսով վարույթն իրականացնող մարմնին ուղարկել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրած նյութը, Արթուր Հակոբյանի շնորհիվ է ամբողջությամբ բացահայտվել վթարի մեխանիզմը, ի հայտ է բերվել ԱԻՆ աշխատակցի առնչությունը, ու բացահայտվել է այդ աշխատակցի անձը: Այսինքն՝ Արթուր Հակոբյանը օժանդակել է գործի լիակատար բացահայտմանը…

Պաշտպանը նշեց նաև, որ Արթուր Հակոբյանն ուսանող է, նրան կալանքի տակ պահելով՝ ընդհատվում է ուսումնական գործընթացը: Եթե գոնե մինչև մայիսի վերջ ազատ լինի ու հասցնի քննություններ հանձնել, ուսումը չի ընդհատվի…

Ամբաստանյալ Արթուր Հակոբյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը:

Ամբաստանյալ Լևոն Հակոբյանն ու նրա շահերի պաշտպան Ժաննա Կոտիկյանը չառարկեցին միջնորդության դեմ, Ժաննա Կոտիկյանը հայտարարեց, որ նմանատիպ միջնորդություն ինքն էլ է ցանկանում անել՝ իր պաշտպանյալ Լևոն Հակոբյանի խափանման միջոցի վերաբերյալ:

Նախագահողը պահանջեց, որ միջնորդությունները քննարկվեն առանձին-առանձին:

Մեղադրողը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար ժամանակ խնդրեց: Միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ դատական նիստում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20