ԱՄՆ դեսպանատան ‹‹Աջակցող ձեռքեր›› կազմակերպությունը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տուն են կառուցում

- in Սոցիալական
USA despanatun

ԱՄՆ դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության աշխատակիցները կրկին համախմբել են ուժերը «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմի հետ՝ տան կարիքն ունեցող ընտանիքի օգնելու համար: Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում թիմերն օգնել են կառուցել Գաբրիելյանների տունը:

Գաղափարական հիմքում ունենալով կամավորականությունը և կարիքավորներին օգնելու պատրաստակամությունը, ԱՄՆ դեսպանատան թիմը գրեթե մշտապես միավորել է ուժերը Ֆուլեր տնաշինական կենտրոնի հետ՝ դառնալով այն աջակից ձեռքը, որի օգնությամբ ընտանիքը օր առաջ է ավարտում շինարարությունը:

Գալստյանները երկար էին սպասել այդ օրվան: Տարիներով՝ ուրիշի տներում, ապա՝ չորս տարի վագոն տնակում ապրելով, օր օրի հույս փայփայելով ու քարը քարին դնելով, ընտանիքը կարողացել էր կառուցել միայն տան պատերն ու իրականացնել ծածկը:

«Չնայած որ ամբողջ ընտանիքով օր ու գիշեր աշխատում ենք, հազիվ ենք կարողանում ապրուստը հոգալ: Տան շինարարությունը անհաս երազանք էր: Տղաներս վաղուց արդեն հասուն են: Հիմա ես պետք է թոռներ ունենայի, սակայն որդիներս ամուսնանալու մասին անգամ չեն մտածում. Ախր ախր ապրելու տեղ չունեինք: Հրաշք է, որ այս տարի կատարվեց մեզ հետ: Նախ՝ Ֆուլերի աջակցությունը, այսօր էլ՝ այս մարդկանց օգնությունը քայլ առ քայլ առաջ է բերում երկար սպասված երջանիկ օրը. մենք տուն կունենանք: Աստծո օրհնությունը ձեզ բոլորիդ», ասել է ընտանիքի հայրը:

Գաբրիելյանների տունը կառուցվում է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի միջոցով: Հիմնադրամը 100 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Ֆուլեր տնաշինական կենտրոն ԲՀԿ-ին, որն պետք է ուղղվի Հայաստանի տասը համայնքներում բնակվող տասը ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:

Արդեն տասը տարի է Ֆուլեր տնաշինական կենտրոնը հույս, տուն ունենալու բերկրանք և ուրախություն է պարգևում նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. ապրում են վագոն-տնակում, նկուղում, կիսակառույց շինությունում՝ զուրկ տարրական բնակարանային պայմաններից:

Տասնամյակն ազդարարած Ֆուլեր տնաշինական կենտրոնը արդեն ինը տարի է համագործակցում է  ԱՄՆ դեսպանատան  հետ: Նույն առաքելությունն է համատեղում թիմերին, այն է՝ օգնել հայ ընտանիքին՝ շենացնելու իր տունը: Ավելի քան 630 ընտանիք աջակցություն է ստացել կազմակերպության գործունեության ընթացքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20