ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Փաշինյանի հետ․ պետք է կառուցվի այն Հայաստանը, որի համար մարդիկ փողոց էին դուրս եկել

richard Mils

Այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորեց բոլոր հայերին Հաղթանակի օրվա կապակցությամբ. «Սա այն օրն է, երբ մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում: Եվ ամերիկացի ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին գնացել են նախկին խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը»:

Ինչ վերաբերում է հայաստանյան վերջին զարգացումներին, դեսպանն ասաց. «Ինչպես բոլորը՝ ամերիկյան կառավարությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ևս ոգեշնչված են այս զարգացումներով և դրանց խաղաղ հանգուցալուծմամբ»:

Դեսպանը շնորհավորեց պարոն Փաշինյանին Ազգային ժողովի կողմից, համաձայն Սահմանադրության, վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ հիմա ժամանակն է, որպեսզի կառուցվեն կամուրջներ, թուլացվի լարվածությունը, և կառուցվի այն Հայաստանը, որը պահանջում և որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ»:

Դեսպանը հավաստիացրեց, որ ԱՄՆ-ը կաշխատի նոր կառավարության հետ՝ օգտակար լինելու համար Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման և ավելի ազատ տնտեսության ձևավորման գործում:

Spread the love