Այսօրվա համակարգը կաշկանդում է Փաշինյանի գործունեությունը

- in Հասարակություն

Հայաստանում ստեղծված ճգնաժամի օրերին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար հանդես եկավ հրապարակումներով, որոնք արտաքուստ անդրադառնում էին լոկալ խնդիրների, սակայն նպատակ ունեին շարժումը զերծ պահել սահմանադրական կարգավորումը շրջանցող վարքագծից:

Այսօր Տեր-Պետրոսյանը հերթական անդրադարձն է կատարել ներքաղաքական իրադարձություններին` ըստ էության, ճգնաժամի հաղթահարման միակ ելք համարելով արտահերթ ընտրությունների անցկացումը: «Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսևորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաև այսուհետև:

Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետև այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, և բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետև դա կդիտվի որպես իշխանության մի թևի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, և թե՛ դրանց արդյունքում ձևավորված խորհրդարանի օրինակարգությունը»,-գրել է Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահն, ըստ էության, կոչ է անում ձեռնպահ մնալ հեղափոխական գործելաոճից, որը նոր իրավիճակում այլևս համարժեք չէ, և կենտրոնանալ հեղափոխության քաղաքական կապիտալացման վրա:

Խնդիրը խիստ սկզբունքային է, որովհետև թավշյա հեղափոխության որոշ գործիչների մոտ զգացվում է փողոցի ուժով խնդիրներ լուծելու իներցիային տրվելու գայթակղությունը, որն կարող է որոշակի բացասական հետևանքների հանգեցնել:

Նախ, թավշյա հեղափոխությունը հասել է իշխանության և փոխվել է առնվազն գործընթացի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակը: Վարչապետն ի պաշտոնե պարտավոր է ապահովել պետական մարմինների բնականոն գործունեությունը, որը հակասության մեջ է մտնում փողոցային պայքարի գործելաոճի հետ:

Մյուս կողմից` համաշխարհային փորձը հուշում է, որ հեղափոխական ռեժիմն, որպես կանոն, ավարտվում է իշխանափոխությամբ, որին անխուսափելի հետևում է հեղափոխության օբյեկտիվ անկումը և փողոցի դերի նվազումը: Պատահական չէ, որ այսօր շատ ավելի քիչ մարդիկ են մասնակցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով ակցիային, որովհետև մի փոքր անբնական է դիտվում, երբ կենտրոնական իշխանությունը փողոցի միջոցով է փորձում կարգավորել իր հարաբերությունները քաղաքային իշխանության հետ:

Եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ այսօրվա համակարգը կաշկանդում է իր գործունեությունը, պետք է ինստիտուցիոնալ առումով փոխի ստատուս-քվոն, այսինքնգնա խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպմանը: Դա ճգնաժամի հաղթահարման միակ ձևն է, որը մի կողմից, կկանխի փողոցային պերմանենտ լարվածությունը, մյուս կողմից` պետական համակարգի սաբոտաժի ռիսկերը:

Արտահերթ ընտրությունների անցկացման հարցում յուրաքանչյուր օրվա հապաղումն անխուսափելիորեն տեղի է ունենում թավշյա հեղափոխության հաշվին` մեծացնելով օլիգոպոլ համակարգի մանևրելու հնարավորությունը:

Նիկոլ Փաշինյանն, ըստ հրապարակային ազդակների, նոր կառավարության ձևավորմամբ փորձում է ամրագրել այսօրվա ստատուս-քվոն, որտեղ իր պատկառելի ներկայությունն ունի նաև օլիգոպոլ համակարգը:

Սա արդեն որոշակի կոմպրոմիս էհեղափոխության հաշվին: Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարություն ձևավորի առանց խորհրդարանական որևէ ուժի հետ խորհրդակցելու, որովհետև նրա վարչապետության հիմնական նպատակը ոչ թե գործող խորհրդարանում հենարան ունենալն է, այլ` քրեաօլիգարխիկ խորհրդարանից ազատվելը:

Թերևս որոշակի մտահոգություններն են պատճառը, որ փորձառու Տեր-Պետրոսյանը որոշել է հրապարակավ ձևակերպել արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, որը թերևս այլընտրանք չունի:

Spread the love