Այս փուլին բնորոշ է նաև հին ճամբարի ներկայացուցիչների սողոսկումը հաղթողների բանակ

- in Կեղտոտ լվացք
eshelon ishxanutyun

Հեղափոխությունները, որպես կանոն, մի քանի փուլեր են ունենում: Առաջինը համաժողովրդական ոգևորությունն է, որ ուղեկցվում է ցույցերով, ազատաշունչ կոչերով, երգ ու պարով, ճառերով: Հաջորդ փուլում ընթանում է ընդդիմադիր ուժերի, նորի և հնի բաց ու թաքնված պայքար, երբեմն ամենասուր դրսևորումներով: Այս փուլին բնորոշ է նաև հին ճամբարի ներկայացուցիչների սողոսկումը հաղթողների բանակ:

Հայկական ծագման թավշյա հեղափոխության առաջին փուլը, չնայած դժվարությամբ, բայց հաստատակամորեն մոտենում է իր տրամաբանական ավարտին: Մնացած, թերևս ավելի ծանր փուլերն առջևում են: Հայաստանյան նախադեպը չունեցող զարգացումներն իրենց ուրույնությամբ առաջին փուլում տարբերվեցին մինչ այժմ եղած հեղափոխությունների սխեմաներից, որոշակիորեն չտեղավորվելով դրանց մեջ: Բայց կան կանոններ, որոնք գործել ու գործում են բոլոր հեղափոխությունների դեպքում: Խոսքը վերաբերում է մարդկանց սպասումներին: Իրավիճակից, կյանքի պայմաններից դժգոհությունն է, որ նրանց մղել է փողոց, ու հաղթանակը դե յուրե չգրանցած, նրանք արդեն վաղը առարկայական, շոշափելի արդյունք են ուզում տեսնել: Մինչդեռ դրա համար ժամանակ է պետք, իրավիճակի որոշակի կայունացում, որոշ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի վերանայում և բազում այլ քայլեր, ձեռնարկումներ, որ մեկ-երկու շաբաթում կյանքի կոչելն անհնարին է: 10 օրում ընտրական կամ հարկային լուրջ օրենսդրություն մշակել, վարչարարության մեխանիզմները կարգի բերելը և բազում նման բարեփոխումները գործնականում անհնարին են: Դրանցից շատերի իրականացման համար անգամ տարիներ են պետք: Լուրջ չի հնչի, եթե որևէ մեկը համարձակվի հայտարարել, որ մի քանի ամսից աշխատավարձ ու կենսաթոշակ է բարձրանալու ( չնայած, որ վերջին պահին Սերժ Սարգսյանը, ելնելով իրավիճակից, նման մի փորձ արեց, ինչը, իհարկե, որևէ մեկին չհետաքրքրեց): Բայց այդ ամենին զուգահեռ երկրում կան երևույթներ, իրավիճակներ, որոնք դարձյալ դժվարությամբ, այդուհանդերձ հնարավոր է ավելի արագ կարգի բերել, դրանով իսկ ձևավորված սպասումները մի չնչին մասով բավարարել, ու մարդկանց մոտ վաղվա օրվա նկատմամբ վստահությունը, դրական սպասումների դաշտն էլ ավելի խորացնել:

Ապրիլի 1-ից արգելվել է համեմատաբար էժան, աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Դա շատերը պայմանավորեցին իշխանական շրջանակներում դրսևորված սուբյեկտիվ մոտեցումներով: Երևի թե լուրջ ռեսուրսներ չեն պահանջվի հասարակական շահագրգիռ շրջանակների ընդգրկմամբ հարցը քննարկել և, ելնելով արդյունքներից, որոշումը վերանայել կամ հասարակությանը ներկայացնել հարցի օբյեկտիվությունը: Նույնը կարմիր գծերի, արագաչափերի, ԱՊՊԱ-ի, բանկերից տեխզննման կտրոնների վաճառքի պարագայում:

Տարին սակավաջուր է, և նախկին իշխանությունները փետրվարից սկսած բարձրաձայնում էին Սևանից լրացուցիչ ջրառի հարցը: Մինչդեռ մասնագետները պնդում են, որ պրոֆեսիոնալ ու բարեխիղճ մոտեցման դեպքում հնարավոր կլինի առանց լրացուցիչ մեծ քանակների բացթողնման գյուղացուն ապահովել անհրաժեշտ ջրով: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ջրտնտպետկոմի ղեկավարի պաշտոնում դրեց ոլորտից բացարձակապես անտեղյակ գազավիկի, Արարատյան դաշտի կեսը հանդիսացող Արարատի մարզի ջրոլորտի պատասխանատու դարձրեց իր սանիկ «բայեվիկի», որ ոռոգման լարված սեզոնին գործը թողած լրագրող, ցուցարար էր ծեծում: Այդպիսի պատահական մարդկանցով հնարավոր չի լինի ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարել: Կամ սրանց ու նմաններին պետք է հնարավորինս արագ հեռացնել, կամ գոնե ջրտնտպետկոմում, Արարատի, Արմավիրի մարզերում ժամանակավոր մասնագիտական խմբեր ստեղծել, որ «կօգնեն ոռոգում ապահովել»: Այլապես, հատկապես գյուղացու պարագայում սա ամենահրատապ հարցն է, և ընդամենը մեկ-երկու ամսվա ձախողումները կարող են բացասական տրամադրություններ ձևավորել: Կարող է լինել և մյուս անցանկալի զարգացումը. ստիպված Սևանից մեծ քանակությամբ ջրթող իրականացվի այն դեպքում, երբ արդեն այսօր անցած տարվա համեմատությամբ Սևանում բացասական հաշվեկշիռ ունենք: Այս դեպքում էլ թերևս անհրաժեշտ է բնապահպանության նախարարության և բնապահպանական կազմակերպությունների թափանցիկ համագործակցությամբ Սևանի ջրի բացթողումների վերահսկողություն սահմանել: Ինչը մարդկանց մոտ վստահություն կստեղծի:

Հունիսի 12-13-ից կսկսվի ծիրանի արտահանման գործընթացը, որը «կոնյակից ու գինուց հետո մեր տնտեսության ամենահզոր ճյուղն» է: Թե ում է պատկանում ծիրան արտահանող ամենախոշոր ընկերությունը, հայտնի է բոլորին: Այնպես որ, բոլորովին չի բացառվում, որ ելնելով հենց քաղաքական դրդապատճառներից, ընկերությունը շեշտակի նվազեցնի ծիրանի արտահանումների ծավալը: Մարդիկ հասկանալով հանդերձ, որ դա սաբոտաժ է ուղղված հեղափոխության, ժողովրդի դեմ, միևնույն է, դժգոհելու են, քանի որ զրկվելու են իրենց եկամուտից: Հետևաբար, ժողովրդական իշխանությունը պետք է ինչ-որ կերպ պատրաստ լինի նման քայլերին դիմագրավելուն, որպեսզի չստվերվի ժողովրդի հաղթանակը:

Ընդամենը ամիսներ առաջ Կարեն Կարապետյանն արգելեց առանց մաքսազերծման Վրաստանից 5 կգ-ից ավելի գյուղմթերք ներկրել: Մինչդեռ հարյուրավոր, գուցեև հազարավոր ընտանիքներ իրենց գոյությունը պահպանում էին այնտեղից բերված մթերքները վերավաճառելով: Թերևս առաջին փուլի համար անհրաժեշտ է առաջնահերթ նման հարցերի անդրադառնալ: Նման դեպքերը մեր իրականությունում բազում են և դրանց ազդեցությունը շատ մեծ է լինելու հետագա զարգացումների առումով: Հասկանալի է, որ, մեծ հաշվով, սրանց լուծումների համար ժամանակ է պետք: Բայց դրա տևողությունն էլ պայմանավորված է կառավարման օղակներում եղածների պրոֆեսիոնալիզմով: Հետևաբար, երկրի, տնտեսության ու հեղափոխության շուտափույտ հաղթանակի շահը պահանջում է, որ գոնե վերոնշյալ ու բազում նման հարցերին արագ լուծումներ տրվեն, ինչը դրական լիցքեր կհաղորդի ժողովրդին վաղվա լավ օրվա սպասումների առումով: Հասկանալի է, իհարկե, այդ ամենը մայիսի 8-ից հետո:

Spread the love