Անդրանիկի փողոցում գիշերով մեքենա կայանելու հարցով վիճաբանությունն ավարտվել է երկու եղբայրների դանակահարությամբ

Danakaharutyun

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ սկսվեց Բաբկեն Կարապետյանի գործի դատական քննությունը:

Բաբկեն Կարապետյանը մեղադրվում է երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի լույս 30-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Արսեն Պ.-ն իր վարած «Նիսան» մեքենայով վերադարձել է տուն և մեքենան կայանել է Անդրանիկի փողոցում գտնվող իր շենքի մոտ՝ փողոցի մասում:

Այդ ժամանակ տվյալ վայրում գտնվող Բաբկեն Կարապետյանը խորհուրդ է տվել Արսենին մեքենան այնպես կայանել, որ չխանգարի անցուդարձին: Բայց Արսենը Բաբկենի խորհրդին չի հետևել:

Բաբկենը, ըստ մեղադրանքի, հարցրել է. «Լավ չե՞ս հասկանում»:

Արսենն էլ հակադարձել է. «Դու լավ չես հասկանում»:

Այսքանը բավական է եղել, որ վիճաբանություն առաջանա, որին, ըստ մեղադրանքի, միացել է նաև Արսեն Պ.-ի եղբայր Արթուրը:

Բաբկենը, առաջադրված մեղադրանքի համաձայն, իր մոտ գտնվող, գործով չհայտնաբերված սուր կտրող-ծակող գործիքով նախ երկու հարված է հասցրել Արսենին, ապա մեկ անգամ հարվածել է Արթուրին՝ երկուսի առողջությանն էլ պատճառելով ծանր վնաս:

Դատարանում մեղադրող Ա. Կոստանդյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանն ասաց. «Մեղադրանքը չեմ ընդունում, ես պաշտպանվել եմ»:

Ամբաստանյալի անձի ճշտման ժամանակ նրա շահերի պաշտպան, փաստաբան Գարիկ Մալխասյանը նշեց, որ քրեական գործում առկա են փաստաթղթեր՝ իր պաշտպանյալի վատառողջության վերաբերյալ:

Բաբկեն Կարապետյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Դատարանը, կողմերին լսելով, սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները, ապա՝ իրեղեն ապացույցները, այնուհետև կհարցաքննվեն գործով տուժող եղբայրներ Արսենն ու Արթուրը, կհարցաքննվեն վկաները, վերջում կհարցաքննվի ամբաստանյալը, եթե ցանկանա ցուցմունք տալ դատարանում:

Դատարանը սկսեց գործում առկա ապացույցների հետազոտումը:

Նախագահողը հրապարակեց դատաբժշկական փորձաքննությունների  եզրակացությունների ներածական ու եզրափակիչ մասերը:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Արսեն Պ.-ին սուր կտրող-ծակող գործիքով որովայնի աջ կողմից հարված է հասցվել, պատճառվել է կրծքավանդակի խոռոչ թափանցող, առաջնաորովայնամզային հատվածի ճարպաբջջանքի վնասումով վնասվածք՝ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Դանակի երկրորդ հարվածը հասցվել է Արսեն Պ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին, պատճառվել է կրծքավանդակի խոռոչ չթափանցող վնասվածք, որով նրա առողջությանը, բացի ծանր վնասից,  պատճառվել է նաև միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Տուժող Արթուր Պ.-ին դանակի հարված է հասցվել թիկունքից՝ պատճառվել է կրծքավանդակի խոռոչ թափանցող, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով ուղեկցված վնասվածք՝ նրա առողջությանը նույնպես պատճառվել է ծանր վնաս:

Այս եզրակացությունների հրապարակումից հետո ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Գարիկ Մալխասյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ երկու տուժողների մարմիններին բացի դանակով հասցված վնասվածքներից այլ վնասվածքներ փորձաքննություններով ի հայտ չեն բերվել ու չեն արձանագրվել:

Նախագահողը հրապարակեց նաև ամբաստանյալի նկատմամբ կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Բաբկեն Կարապետյանի դեմքի, կրծքավանդակի, վերին ու ստորին վերջույթների շրջաններում առկա են եղել արյունազեղումներ, սալջարդ վերքեր, քերծվածքներ, որոնք պատճառվել են ոտքերով ու բռունցքներով: Բաբկեն Կարապետյանի առողջությանը պատճառվել  է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Գործում առկա գրավոր ապացույցների և իրեղեն ապացույցների հետազոտումը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ մայիսի 31-ին:

Spread the love