Անհատական բարոյականությունից բարձր կա հանրային բարոյականությունը

hayastan-armenia

Հայկական հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել վաղուց մոռացված այնպիսի բառերի վերահայտնվելը քաղաքական բառապաշարում, ինչպես «ազնվություն», «խիղճ», «ամոթ», «արժանապատվություն»։

Մինչ այժմ քաղաքական բարոյականությունը բավականին տարաբնույթ էր, մի կողմից գերակշռում էին «մեր ազգը», «հայուգենը», «շուն թուրքը», մյուս կողմից՝ «մեր դեմ խաղ չկա», «քաղաքական նպատակահարմարություն», «Սերժը պապայա» կատեգորիաները, որոնք ստեղծված կեղծ շրջանի աջից ու ձախից շատ հարմար գալիս ու փակում էին բարոյական էյկումենան։ Մի այլ անկյունում էլ մեկուսացված ու ամոթխած մնացել էր «մարդու իրավունքները», որի մասին շատերն էին գովասանքով խոսում, բայց ոչ ոք չէր ուզում մոտ գնալ։

Վերագտնված կատեգորիաները արժեքային իրական հեղափոխության ապացույցն են: Այս անգամ բարոյական «չի կարելի» հրամայականը ձևակերպվում է ոչ թե քրիստոնեական «մեղք է» կատեգորիայի շուրջ, այլ ավելի շատ արևելյան «ամոթ է» ընկալման։ Վերջապես առաջանում են կատեգորիաներ, որոնք կարող են ամենաթողության դեմն առնել, ստեղծել մարդկային համակեցության կանոններ, որոնք դառնում են պարտադիր բոլորի համար, առաջանում է համակարգ, որտեղ կանոնները խախտողը ոչ թե արժանանում է «կռուտոյ տղա» հիացմունքին, այլ մերժվում է հասարակության կողմից որպես անամոթ ու անազնիվ։

Երևի թե այս երևույթի վերջին առիթները Սերժ Սարգսյանի կողմից երկրի ղեկավար առաջադրվելու հարցով ակնհայտ սուտ խոսելն ու պետական կառավարական տունը գրպանելն էր։ Շարունակական անազնվությունը ավարտվեց այս ակնհայտ անազնիվ քայլերով, որոնք էլ լցրեցին համբերության բաժակը։

Մինչ այժմ մերժված բարոյականությունը հեղափոխության շնորհիվ կրկին դոմինանտ է դառնում։ Երբ իշխող ուժերի ներկայացուցիչներից շատերը, երբ հայտարարում են իրենց սկզբունքների մասին, որքան էլ դա դեմ է հեղափոխության հաղթանակին, գովելի է ու կարևոր, քանի որ վերջապես նրանց մոտ գտնվել է ամոթը։ Իհարկե, մեկնաբանություններ կլինեն, որ նրանք այլ տարբերակ չունեին, որ միևնույն է, չէին կարող նոր իշխանության մաս կազմել, և այլն, այնուամենայնիվ նրանք հենվեցին սկզբունքի, և ոչ թե «քաղաքական նպատակահարմարության» վրա, քանի որ այս դեպքում վերահայտնվում էր նրանց արժանապատվությունը, ինչը հետագա կյանքը առանց ամոթախեղդ ապրելու հնարավորություն է ստեղծում։

Իշխանությունից պոկվածները, կամ առնետավազք կատարածները կրկին իրենց գործողություններն արդարացնում են բարոյական հրամայականներով։ Այս անգամ նրանց մոտիվացիան արդարությունն է, ժողովրդի ձայնին ականջալուր լինելը, և այլն։ Այսինքն, մի բարոյականություն է, որն ավելի բարձր է, քան իրենց իշխանական նախկին ընկերների անհատի անդավաճանությունը։ Կարևոր չէ, թե որքանով են այս հիմնավորումները ազնիվ, կարևոր է, որ վերջապես լավի ու չարի ընկալումներում մենք վերադառնում ենք հանրային համակեցության պարզ արժեքներին և պոկվում ենք հողային հայրենասիրության անբացատրելի ու անառարկելի ծանրությունից, որը վերջին տասնամյակներում մեզ ճնշում էր իր ողջ պարզունակությամբ։

Իհարկե, անհատական բարոյականությունից բարձր կա հանրային բարոյականությունը, ավելի բարձր՝ բացարձակ բարոյականությունը՝ արտահայտված պատվիրաններում, որին մենք կոչում ենք անձեռնմխելի ու դեռևս մեր կողմից չմարսված «մարդու իրավունքներ» հասկացությամբ։ Էական չէ այս փուլում, թե ինչքանով են ազնիվ քաղաքական գործիչների հայտարարությունները, որքանով է դա քաղաքական առևտրի արդյունք, կարևորն այն է, որ հիմա նրանց մոտ ևս կա ընկալում, թե բարոյական բացատրություններն են, որ այլևս կբավարարեն հեղափոխական հանրությանը։ Սա իսկապես արժեքների հեղափոխություն է։

Որպեսզի հեղափոխությունը հաղթի, անհրաժեշտ է, որ բարոյականությունը մնա նրա առանցքը, դառնա նպատակ։ Այս դեպքում ստախոսության ու գողության դատապարտումը դեկլարացիայից կվերածվի մտածելակերպի, իսկ շարժումը իր ընթացքի մեջ կմաքրվի պատեհապաշտներից ու օլիգարխներից։ Այդ դեպքում կհաստատվի ընդհանրական էտալոնը, որը կչափի ցանկացած գործողություն և թույլ չի տա, որպեսզի շեղումներ լինեն արժեքային համակարգից; Սա անհրաժեշտ է ինչպես հեղափոխության հաղթանակի, այնպես էլ առաջնորդների հետագա անսխալականության համար։

Spread the love