Ապօրինի հարստացածները կպատժվե՞ն. ԱՄՆ դեսպանատունը ոչ հերքում, ոչ հաստատում է Սաշիկ Սարգսյանի ակտիվները երկրից դուրս բերելու մասին

- in Պնակալեզներ
Sashik Sargsyan

Գողացված և երկրից դուրս տարված ակտիվները Հայաստան կարող են վերադարձվել երկու ընթացակարգով՝ քաղաքացիական և քրեական: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: 

«Այսօր մենք ունենք մի հետևանքային հանցակազմ, որը ներդրվել է մեր օրենսդրության մեջ և 2016թ. հուլիսի 1-ից գործում է: Խոսքը ապօրինի հարստացման մասին է, որը հնարավորություն է տալիս այդ գողացված եկամուտները, գույքը վերադարձնել պետությանը»,- ասաց նա:

«Մենք վստահ ենք, որ այս ընդհանուր մոբիլիզացիայի շնորհիվ հնարավոր կլինի շատ կարճ ժամկետում գույքագրել բոլոր ակտիվները՝ թե որ պետության սահմաններում և որ անձանց անուններով են տեղադրված»,- նշեց Կարեն Զադոյանը:

Հարցին՝ ապօրինի հարստացած որևէ անձ մինչ օրս պատասխանատվության ենթարկվե՞լ է, Զադոյանը պատասխանեց. «Մենք այդպիսի տվյալ չունենք, որ որևէ անձ պատասխանատվության է ենթարկվել», և վստահություն հայտնեց, որ հայտարարագրերի վերլուծությամբ հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել ապօրինի հարստացածներին:

«ԱՄՆ դեսպանատունը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում Սարգսյանների կողմից ակտիվները դուրս բերելու մասին լուրերը: Նման հաստատում պետք է ստանալ ամերիկյան համապատասխան իրավապահ մարմիններից»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ նրանք որևէ այդպիսի պաշտոնական հայտարարություն չեն արել:

Զադոյանի խոսքով՝ պետք է համապատասխան հարցում արվի, հետո նոր հստակ ասվի. «Ուղղակի իրենք չունեն համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեներ. թղթային տարբերակով պետք է արվի, ու դա շատ արագ չի լինի»:

Կարեն Զադոյանի խոսքով՝ պետք է վենդետաներ չլինեն, և որևէ մեկը չպետք է առանց օրենքի ու համապատասխան մարմինների պատասխանատվության ենթարկվի:

Spread the love