«Ավագյան ախոռների» մաքրմամբ զբաղվում են համաժողովրդական շարժման մասնակիցները

- in Կրթություն
Sahak Minasyan

Թերևս նույնիսկ կանխատեսելի էր, որ թավշյա հեղափոխության փաստացի հաղթանակից հետո շատ ոլորտներում, այսպես կոչված, փակ դռներ չեն մնալու և ջրի երես են դուրս գալու տարիներով կուտակած պրոբլեմները, որոնցից շատերը կոռուպցիայի, հովանավորչության հետևանք են:

Ընդ որում, բացարձակապես պարտադիր չէ, որ տարբեր ոլորտներում «Ավագյան ախոռների» մաքրմամբ զբաղվեն համաժողովրդական շարժման հարթակը կամ անձամբ Նիկոլ Փաշինյանը: Նման սցենարը նույնիսկ ցանկալի չէ, որովհետև անգամ ամենադեմոկրատական հարթակը կարճ ժամանակ անց կվերածվի պատժիչ հեղափոխական տրիբունալի:

Բարեբախտաբար, թավշյա հեղափոխությունը ստեղծեց ինքակազմակերպված խմբերի լայն ցանց: Ահա` այդ խմբերից յուրաքանչյուրն իր ոլորտում փորձելու է լոկալացնել հեղափոխության հաստատած նոր ստատուս-քվոն:

Կանխատեսելի էր, որ հեղափոխության «քացու» տակ առաջիններից մեկն ընկնելու է կրթության համակարգը` կոռուպցիոն կառավարման և ընտրակեղծարարության գործուն մեխանիզմներից մեկը:

Ժամանակին Ռուզան Ազիզյանը Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն է դարձել թերևս այն բանի շնորհիվ, որ եղել է Սերժ Սարգսյանի կուրսեցին: Երեկ նա հրաժարական է տվել դպրոցի կոլեկտիվի եռօրյա գործադուլից հետո: Ռուզաննա Ազիզյանը առաջին անգամը չէ, որ հայտնվում է սկանդալի կենտրոնում․ տարիներ առաջ նա դպրոցի դասարաններից մեկը Հանրապետական խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունով էր կոչել, անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ էլ, համաձայն «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հետաքննության, նա այն տնօրեններից մեկն էր, որ Հանրապետականի համար նախընտրական ցուցակներ էր կազմել։ Ռուզաննա Ազիզյանը, ըստ այդ հետաքննության, խոստովանել էր, որ թաղապետարանի հրահանգով 170 հոգանոց ցանկ է ներկայացրել։ Տիկին Ազիզյանն, ըստ ամենայնի, «վաստակել» էր իր հրաժարականը: Սակայն խիստ կարևոր է, որ այս հրաժարականի միակ «պատճառը» չլինի Սերժ Սարգսյանի հեռանալըճիշտ այնպես, ինչպես ժամանակին Սարգսյանի նախագահություն է եղել Ազիզյանի նշանակման միակ «հիմնավորումը»: Եթե Ազիզյանը վատ է ղեկավարել պետք է հեռացվի պաշտոնից, եթե գումարներ է յուրացրել, ինչպես պնդում են ուսուցիչները, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Սակայն այս ամենը պետք է տեղի ունենա օրինական ընթացակարգով առանց հեղափոխական «դատավճռի», որովհետև եթե մենք ուզում ենք դպրոցը նույնացնել բարձր որակի կրթության հետ կամ հեռացնել ընտրակեղծարարությունից, ապա պարտավոր ենք ընդունելդպրոցի «հեղափոխականացումը» նույնքան վտանգավոր է, որքան դրա «հանրապետականացումը»:

Աբսուրդ է, երբ ՀՀԿ Շիրակի մարզային կառուցի ղեկավարը նաև Շիրակի պետական համալսարանի ռեկտորն է: Սահակ Մինասյանի հրաժարական կտա, որովհետև երեկվանից հեղափոխությունը մտել է Գյումրիի համալսարան: Սա տրամաբանական հանգուցալուծում կլինի, որովհետև Մինասյանի, մեղմ ասած, կոռուպցիոն գործունեության մասին լեգենդներ են պտտվում:

Այ, անտրամաբանական են զրույցներն այն մասին, որ հեղափոխությունը «մարդ» է նշանակելու ռեկտորի պաշտոնում: Եթե ՀՀԿ քրեաօլիգարխին փոխարինի հեղկոմը, դրանից Շիրակի համալսարանում կրթության որակը չի բարձրանա կան կոռուպցիան չի պակասի:

Հասարակության քաղաքացիական ակտիվությունը հրաշալի բան է, սակայն այն պետք է կրթության և այլ ոլորտներում ծառայեցվի համակարգային նոր մտածողությանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի վերացմանը, տաղանդի ու մրցակցության խրախուսմանը: Որ ամենակարևորն է` «իզմերի» վերացմանը, որպեսզի նոր հեղափոխությունների ու նոր քշվածների անհրաժեշտություն չլինի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20