Ավելի լավ է շոու սարքել, քան պոպուլիստ լինել

- in Կրթություն

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ անսպասելի այցելել է թիվ 189 դպրոց և մասնակցել ծնողական ժողովի:

«Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։ Ասե՞լ էի, որ ոստիկանություն եմ հանձնելու։ 189 դպրոցում այսօր այդ օրն էր»,-գրել է նախարարը:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է նախարարը այցելում դպրոց և մասնակցում ծնողական ժողովի: Ծնողները նախ հերքում են դրամահավաքի մասին լուրերը, ապա, տնօրենի գալուց հետո խոստովանում, որ վերջին զանգի համար 15 000-ական դրամ են հավաքել:

Տեսանյութում ծնողները պնդում են, որ իրենք են նախաձեռնել և 15 հազար դրամ հավաքել են դահլիճի զարդարման, խնջույքի համար, ծնողներից մեկն էլ տեղից արձագանքում է, թե ասել են նաև տնօրենի համար պիտի գումար տան, տնօրենը հերքում է դա:

Արայիկ Հարությունյանը թիվ 189 դպրոցում դրամահավաքի դեպքերի նյութերը փոխանցել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Սակայն երբ նախարարը վերադարձել է ԿԳՆ, դպրոցի մի քանի ծնողներ բողոքի ակցիա են արել շենքի մոտ, նախարարին մեղադրել շոու անելու մեջ։

Տվյալ դեպքումբողոքող ծնողներն ոչ թե հերքում են դրամահավաքության փաստը, այլ նախարարին մեղադրում են, ըստ էության, այն հարցում, որ նա, այսպես ասած, հայավարի չի կոծկել փաստը: Մյուս կողմից եթե Արայիկ Հարությունյանը ընդհանրական ձևակերպումներով խոսեր կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների մասին, ապա նրան մեղադրելու էին պոպուլիզմի մեջ` արդարացիորեն նշելով կոնկրետ փաստերի բացակայությունը:

Տվյալ պարագայում` ավելի լավ է շոու սարքել, քան պոպուլիստ լինել, մանավանդ, որ ծաղիկը երբեմն կոռուպցիոն «բուրմունք» է ունենում:

Սակայն գոյություն ունի նաև մեդալի հակառակ կողմը: Համոզված ենք, որ տարեվերջյան այս օրերին դրամահավաքության համատարած երևույթներ կան հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում. եթե դրանցից մեկի տնօրենն է ենթարկվում հանրային պախարակման և ինստիտուցիոնալ մեխանիզմներ չեն ստեղծվում դպրոցներում ապօրինի դրամաշրջանառությունը կանխելու նպատակով, կարող է ընտրողական վերաբերմունքի կարծիք ձևավորվել: Հուսանքշուտով կառավարությունը հստակ մոտեցում կներկայացնի, թե ինչպես է կրթական համակարգը ձերբազատում կոռուպցիոն ռիսկերից չմոռանալով նաև քայլերի մասին, որոնք ուղղված կլինեն ուսուցիչների սոցիալական պաշտպանության մեխանիզմների ձևավորմանը:

Սակայն երեկ ամենից շատ մտահոգեց ծնողների, այսինքն` հասարակության պահվածքը: Նույնիսկ թավշյա հեղափոխությունը մեր հասարակության մի զգալի հատվածի մոտ չի հաղթահարել կոռուպցիոն մենթալիտետը, ինչի հետևանքով առայժմ տեսական են դատողությունները նոր Հայաստանի և նոր մտածողության մասին:

Spread the love