Արմավիրում զանգվածային թունավորմից հետո ՍԱՊԾ-ն կասեցրել է Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը

ishxan-karapetyan-sapc

Շարունակվում են աշխատանքները Արմավիրի մարզում արձանագրված թունավորման առնչությամբ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են: 

Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն իսկ բուժվել է և լավացումով դուրս գրվել: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ, որոնց վիճակը թեթև և միջին ծանրության է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկա վարկածով հաստատվում է, որ արձանագրված թունավորումը սննդային ծագման է:

Զանգվածային թունավորման մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ մայիսի 17-ին, սննդային թունավորման կասկածանքով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:

Ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, և անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

Իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, մասնագետները պարզել են, որ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը, որն այդ օրը «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին մատակարարել է 247 խոհարարական արտադրանք (հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով և կանաչիով սենդվիչ):

Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը կասեցվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իրականացվող միջոցառումների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, վերահսկողական գործողություններ են իրականացվում նաև Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերքի մատակարարող «Ալկա Ֆուդ» ՍՊԸ-ում:

Արդյունքերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Spread the love