Արմավիրում կինը հարբեցող ամուսնուն դանակահարելուց հետո գնացել է որդուն բանակ ճանապարհելու

danakaharutyun

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Դոնարա Հ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

58-ամյա Դոնարային մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Դոնարայի ամուսինն է, Դոնարան, ըստ մեղադրանքի, խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու որովայնին ու նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը: Դոնարան ու նրա ընտանիքի անդամները՝ ամուսինն ու երեք որդիները զբաղվել են հողագործությամբ: Դոնարայի ամուսինը հակում է ունեցել ալկոհոլային խմիչքների նկատմամբ: Նա 2006 թվականից հաշվառված է պոլիկլինիկայում՝ խրոնիկ ալկոհոլիզմ ախտորոշմամբ:

Ամուսնու խմելու հետ կապված՝ ընտանիքում վիճաբանություններ են եղել:

2017 թվականի հուլիսի 21-ին Դոնարայենց տանը «բանակի քեֆ» էր՝ կրտսեր որդուն բանակ էին ճանապարհում: Զինակոչիկի հայրը մեծ քանակությամբ խմիչք է օգտագործել, հաջորդ օրվա՝ հուլիսի 22-ի առավոտյան էլ նա շարունակել է խմել:

Առավոտյան ընտանիքը պետք է գնար տղային բանակ ճանապարհելու: Զինակոչիկի ավագ եղբայրները ավելի վաղ են գնացել զինկոմիսարիատ, իսկ զինակոչիկը մնացել է, որ մոր հետ հորեղբոր մեքենայով գնա զինկոմիսարիատ:

Զինակոչիկի հայրը վաղ առավոտից հարբած էր: Եղբայրը նրան այդ վիճակում տեսնելով՝ նախատել է ու զայրացած դուրս է եկել տանից: Զինակոչիկ տղան գնացել է հարևաններին հրաժեշտ տալու, իսկ Դոնարան, մինչև որդու վերադառնալը, խոհանոցում գործ է արել խոհանոցային դանակով:

Այդ ժամանակ օղու շիշը ձեռքին խոհանոց է մտել Դոնարայի ամուսինը, օղու շիշը թափահարելով պահանջել է, որ որդուն բանակ չտանեն: Կինը նախատել է նրան, փորձել է ձեռքից վերցնել օղու շիշը: Ամուսինը բռնել է Դոնարայի ձեռքից, սկսել է հայհոյել ու քաշքշել նրան: Այդ ընթացքում տեգրը դրսից ձայն է տվել, որ Դոնարան շտապի՝ զինկոմիսարիատից արդեն զանգել ու զգուշացրել էին, որ ուշանում են:

Դոնարան խառնվել է իրար և ամուսնուց ազատվելու նպատակով, ըստ մեղադրանքի, ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքի, լյարդի, լեղապարկի վնասման, լեղային պերիտոնիտի, ներքին արյունահոսության ձևով:

Այդ հարվածից հետո դանակահարված ամուսինը գնացել է ննջասենյակ ու անկողին է մտել, իսկ Դոնարան որդու և տեգոր հետ գնացել է զինկոմիսարիատ՝ որդուն բանակ ճանապարհելու: Այնտեղից գնացել են հանրապետական հավաքակայան ու տուն են վերադարձել ժամը 18-ի սահմաններում:

Դոնարան ամուսնուն գտել է անկողնում պառկած: Նա բողոքել է որովայնի ցավերից: Դոնարան նրան ցավազրկող է տվել, բայց ամուսինը շարունակել է բողոքել ցավերից:

Ժամը 23-ի սահմաններում շտապօգնություն են զանգել, վիրավորին տեղափոխել են հիվանդանոց ու վիրահատել են:

Դոնարա Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ:

Նա հայտնել է, որ ամուսինը սթափ վիճակում աշխատասեր, ընտանիքին նվիրված մարդ է, բայց երբ խմում է, իրեն կորցնում է, չի հասկանում՝ ինչ է անում: Ամուսնու խմելու պատճառով իրենց ընտանիքում վեճեր են եղել, ինքն ու որդիները նրան պարբերաբար նախատում էին: Ամուսինը նույնիսկ ալկոհոլիզմի դեմ բուժում է ստացել, բայց բուժումն արդյունք չի տվել, նա շարունակել է խմել, այնպես որ՝ իրենց որդիներին որպես ծնող շատ իրավիճակներում ներկայացել է ամուսնու եղբայրը:

Դեպքի նախորդ օրը իրենց տանը խնջույք էր՝ կրտսեր որդուն բանակ ճանապարհելու առիթով: Ամուսինը խմել, հարբել է: Դեպքի օրվա առավոտյան իր երկու ավագ որդիներն արդեն գնացել էին զինկոմիսարիատ: Ինքն ու զինակոչիկ որդին ամուսնու եղբոր մեքենայով պիտի գնային:

Երբ որդին գնացել է հարևաններին հրաժեշտ տալու, ինքը խոհանոցում ցանկացել է կիսատ գործերն ավարտել: Ամուսինը խմած էր այդ պահին, ի վիճակի չէր իրենց հետ գալու, նա խոհանոց է մտել օղու շիշը ձեռքին: Ինքը փորձել է վերցնել շիշը, բայց ամուսինը բռնել է իր ձեռքից, սկսել է քաշքշել: Այդ ժամանակ տեգրը ձայն է տվել, որ արագացնեն, զինկոմիսարիատից զանգել էին, թե՝ ուշանում եք: Ինքը որոշել է ամուսնու ձեռքից ազատվելու համար դանակով «թեթևակի» հարվածել: Չի ցանկացել ուժեղ հարվածել, լուրջ վնասվածք պատճառել, բայց եղել է սթրեսային վիճակում: Երբ խփել է, ամուսինը նույնիսկ չի բղավել, ինքն էլ չի զգացել, որ լուրջ վնասվածք պատճառեց, նույնիսկ արյան հետքեր չեն եղել:

Ամուսնուն թողել են տանը, գնացել են զինկոմիսարիատ, հետո՝ հավաքակայան, որդուն ճանապարհել, տուն են վերադարձել: Ամուսինը պառկած էր, ինքը տարօրինակ բան չի նկատել, իսկ երբ նա բողոքել է որովայնի ցավերից, մտածել է՝ նրա «գրիժան» է ցավում: Ցավազրկող է տվել, իսկ երբ ցավերը չեն հանգստացել, ուշ երեկոյան շտապօգնություն են զանգել:

Բժիշկների գալուց հետո է իմացել, որ ամուսնու որովայնի հատվածը վնասված է…

Դատարանը հաշվի է առել, որ Դոնարան վատառողջ է, նախկինում դատված չի եղել, կրտսեր որդին զինծառայող է, ավագ որդիները վատառողջ են,գտնվում են մոր խնամքին, նա բնութագրվում է դրական:

Դոնարա Հ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Spread the love