Արմեն Սարգսյանը խոսել է մի շարք թեմաներով

- in Պաշտոնական

Տեքստ ՀՀ նախագահը հասարակության տարբեր շերտերի հետ շփման ժամանակ պետք է տարբեր մոտեցում ցուցաբերի: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ՝անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե երեխաներին պաղպաղակ հյուրասիրելու միջոցառումը մեծ արձագանք է ստացել:

«Հանրապետության նախագահը երեխաների հետ պետք է իրեն երեխա զգա, պատանիների հետ՝ պատանի, եթե կարիք իրենց հետ պետք է խոսի ու պարի: Մեծերի հետ իրեն պետք է պահի որպես մեծ, զինվորի հետ, որպես զինվոր: Բայց չգիտեմ, թե նախագահն ինչպես պետք է պահի լրագրողների հետ…(ժպտում է): Երևի, պետք է պահի ազատ ու ազնիվ ու հարցերին պատասխանի: Երբ նախագահ չլինեմ, կարող եմ ասել ինչ ուզում եք, հիմա պետք է ասեմ այն, ինչ ճիշտ է, նախագահի լիազորությունների և էության մեջ է մտնում»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը տեղյակ է նախագահի մրցանակի «Գրականություն» անվանակարգի հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ դժգոհություններից: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ ինքը զբաղվել է այդ հարցով:

«Ես տեղյակ եմ, չգիտեմ նախկինում նախագահներն ինչպես են վարվել, բայց ես միջամտեցի՝ առաջարկելով, որ խորհուրդը հանդիպի դիմողների հետ, և եթե լուծում չտրվի, ապա այս պահին մրցանակը չի տրվի: Կարծում եմ՝ լուծումը գտնվեց, որն ինձ թույլ տվեց այդ մրցանակը ստորագրել:

Ես կարծում եմ, որ եթե որևէ մեկը որևէ առիթով ունի բողոքներ, ապա պետք է իրեն ազատ զգա իր մտքերն արտահայտելու առումով: Բայց միշտ հիշեք, որ ցանկացած բողոք և առաջարկ պետք է հիմնավորված, տրամաբանված լինի, մի կողմ պետք է թողնել զգացմունքները»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Դիրքորոշումը շատ պարզ է և հստակՀայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն երեկ, այսօր և վաղը», – ասաց ՀՀ նախագահը:

Արձագանքելով հարցին` Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, Արմեն Սարգսյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններից ստացել է որոշակի փաստաթղթեր:

Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի: Այս մասին ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք պետք է «սուպերվարչապետության» լիազորություններ նվազեցվեն:

«Երբ ժամանակին ինձ առաջարկվեց հանրապետության նախագահի թեկնածու լինել, ես Սահմանադրությունը մանրամասն ուսումանսիրել էի, հետևաբար, գիտակցելով իմ լիազորությունները, ընդունել եմ առաջարկը: Հարցի հետ կապված կարող եմ ասել, որ ցանկացած երկրում, երբ խոսում են երկրի կայունության, երկրի նկատմամբ քաղաքացիների վստահության մասին, ապա մի քանի հիմնարար հիմնախնդիրներ պետք է հաշվի առնել: Դրանցից մեկը իշխանության հավասար բաշխումն է տարբեր կառույցների միջև՝ տվյալ դեպքում Ազգային ժողով, կառավարություն, նախագահ:

Որքան լիազորությունները հավասար, Սահմանադրության սահմաններում բաշխված լինեն, այնքան համակարգը կայուն է»,- ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը կարևորեց նաև հասարակական կառույցներին ստուգելու, հետևելու բողոքելու նաև շտկելու հնարավորություն տալը: Ըստ նրա, եթե հնարավոր լինի այս բոլորը ժամանակին իրականացնել այսինքն՝ ունենալ իրավիճակ, որտեղ իշխանությունը հավասարաչափ բաշխելով, կառույցներն աշխատում են ի նպաստ երկրի, եթե քաղաքացիություն հասկացությունը դառնա մշտական մշակույթ յուրքանչյուր քաղաքացու համար, ապա վստահ կարելի է լինել, որ մեր պետականությունն ամուր է:

Spread the love