Արմեն Սարգսյանն անձամբ հանդիպել ու պարել է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների հետ

- in Պաշտոնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին անդրադարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի վերաբերյալ հարցին:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը հարց է հնչել այն մասին, որ Ամուլսարի հետ կապված մտահոգությունները մեծ են, որովհետև Արմեն Սարգսյանի անունն է շրջանառվում «Լիդիան Արմենիա» ընկերության հետ:

«Թող ձեզնից որևէ մեկը գտնի փաստ, որ ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ 1 դոլարի շահ ունի կամ ունեցել է Ամուլսարից: Նույն «Լիդիան Արմենիա»-ի փաստաթղթերը կարող եք նայել, այն կանադական ընկերություն է, բաժնետերերը միջազգային ինստիտուտներ են, այսինքն՝ ոչինչ չես կարող թաքցնել: Երբեք չեմ ունեցել այդ շահը, եղել եմ տնօրենների խորհրդի կազմում ընդամենը մի քանի ամիս: Դա հինգ տարի առաջ է եղել, և այն ժամանակ Ամուլսարի և Հայաստանի կառավարության միջև մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի: Ես անվճար եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, ինձ տրամադրել են բոլոր փաստաթղթերը, իմ կարծիքը հայտնել եմ տնօրենների խորհրդի նախագահին, դրանից հետո հրաժարվել եմ, դուրս եմ եկել, վերջ, վերջակետ… Թե ինչ եմ ասել խորհրդի նախագահին, չեմ կարող հայտնել: Ընկերությունից իմ դուրս գալուց հետո փոփոխություններ են եղել, և ես չեմ ուզում մեկնաբանել, դրանից հետո ես այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել»,- ասաց ՀՀ նախագահը:

Հարցին, թե ինչպես բոլոր հանքերի դեպքում, Ամուլսարի պարագայո՞ւմ էլ նույն վերաբեմունքն ունի, Արմեն Սարգսյանը նշեց, որ ավելի ուշադիր է լինելու:

Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց: Այն մեկնարկեց Մաշտոցի պուրակից, և մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով:

Նախաձեռնության անդամների կարծիքով, Հայաստանում հանքարդյունաբերությունն իրականացվում է բազմաթիվ խախտումներով, իր բացասական ազդեցությունն է թողել բնապահպանության և այլ ոլորտների վրա:

Երթի մասնակիցները նշեցին, որ իրենց ակցիան միան Ամուլսարի հանքի դեմ չէ, նրանք այս ակցիայով հասարակության, պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրում, ընդհանուր առմամբ, հանքարդյունաբերության խնդիրների վրա: Նրանք նոր փորձաքննությունների պահանջի հարցը բարձրացրեցին: Նախաձեռնությունը կարևորեց անկախ փորձագետներով խմբի ստեղծումը, որը կկատարի անկողմնակալ ուսումնասիրություն, այլ ոչ թե կծառայի այս կամ այն բիզնեսի շահերին:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ երկու ամիս շարունակ նամակի բովանդակության վրա աշխատել են, այն պարունակում է հիմնավոր ապացույցներ՝ կապված Ամուլսարում հանքարդյունաբերության խնդիրների հետ: Նամակն ընդունարանում հանձնելուց հետո րոպեներ անց ակցիայի մասնակիցներին միացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա լսեց ակցիայի մասնակիցներին և առանձնացրեց մի քանի խնդիրներ:

«Եթե դիտարկենք մեր երկրի կարևորագույն խնդիրները, իհարկե, ամեն ինչն էլ կարևոր է, սակայն ինձ համար և՛ որպես քաղաքացի, և՛ որպես նախագահ, 3 շատ կարևոր խնդիր կա: Մեկը մեր երկրի անվտանգությունն է: Անվտանգությունը լայն իմաստով, դա ոչ միայն բանակն է, ոչ միան ռազմարդյունաբերական համալիրն է, այլև արտաքին հարաբերություններ են և այլն: Երկրորդը կրթությունն է, ի վերջո մեր երկրի ապագան կախված է լինելու նոր սերնդի մակարդակից: Եվ խոսքը ոչ միայն գիտական կրթության մասին է, այլև քաղաքացիականը, որը փողոցներում ստացան: Հույս ունեմ, որ էմոցիոնալ պոռթկում չէ և քաղաքացի լինելը կշարունակվի: Հույս ունեմ, որ այս սերունդը քաղաքացի է լինելու ամբողջ կյանքում»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահի համար երրորդ կարևոր խնդիրը բնապահպանությունն է, որտեղ բազմաթիվ չկարգավորված հարցեր կան:

«Եթե մեր ամբողջ խնդիրը միայն Ամուլսարը լիներ, ես ուրախ կլինեի, սակայն մեր բնապահպանական խնդիրները շատ մեծ են, մեկ հանք չէ, այլ հանքեր կան, որոնք ուսումնասիրության կարիք ունեն: Բնապահպանության ոլորտում ամենակարևոր խնդիրը ջուրն է, որը մեր հարստությունն է և պետք է պահպանել: Օրերս հանդիպեցի Էդուրադո Էռնեկյանի հետ, ով 400 հա տարածքում խաղող է աճեցնում, այնուհետև գինի արտադրում և արտահանում: Մարդն ասում է կարող է տարածքը կրկնապատկել, եթե ջրի հարցը լուծվի, այնինչ՝ ջրի մի զգալի հատվածը խողովակներում կորչում է: Հետևաբար` որևէ խնդիր, որն ազդելու է մեր ջրային բազայի վրա, պետք է շատ ուշադիր զննել: Վստահեցնում եմ, որ Ամուլսարը և մյուս խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու»,-ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը ակցիայի մասնակիցներին խոստացավ իրենց նամակին շատ արագ պատասխանել:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների ակցիան ավարտվեց պարով, որին միացավ նաև նախագահ Արմեն Սարգսյանը:

Spread the love