Արտահերթ ընտրությունների թեման և քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումը փոխշաղկապված հարցեր են

- in Ընտրություններ

Վրաստանի Վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին առաջիններից մեկն է արձագանքել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը: Սաակաշվիլիի գրառումն ավելի շատ ոչ թե շնորհավորական ուղերձ է, այլ հեղափոխությունը զարգացնելու, այսպես կոչված, «Ճանապարհային քարտեզ»:

«Հիմա ամենագլխավորն է սկսվում՝ ընտրություններ, որ երիտասարդ թիմ գա, արմատական հակաօլիգարխիկ փոփոխություններ և Հայաստանի արագ արդիականացում տեղի ունենա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահի մատնանշած քայլերը միանգամայն համահունչ են թավշյա հեղափոխության օրակարգին:

Արտահերթ ընտրությունների թեման և քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումը փոխշաղկապված հարցեր են, սակայն թերևս սա գործընթացի ամենազգայուն թեման է, որովհետև քսան օրից ավելի տասնյակ հազարավոր մարդկանց փողոցում միավորել է հենց օլիգարխիային պարտության մատնելու գաղափարը:

Հասարակությունը պատերազմ է հայտարարել օլիգարխիային և նրա պարտության մեջ է տեսնում երկրում օրենքի հաստատման բանալին:

Ինքնին հասկանալի է, որ արտահերթ ընտրությունները միակ միջոցն են, որոնք թույլ կտան կապիտալացնել հեղափոխության արդյունքները, և խոշոր բիզնեսին դուրս դնել քաղաքականությունից: Ընդ որումսա պետք է վերաբերի անխտիր բոլորին, որովհետև քրեական օլիգարխիայի ճիրաններում են ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն: Խորհրդարանական այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է ոչ միայն հաղթահարել ՀՀԿ օլիգարխիայի դիմադրությունը, այլ մի շարք հարցերում ապավինել օլիգոպոլ համակարգի այլ սեգմենտների Ծառուկյանի թիմի և ՀՅԴ աջակցությանը: Սա ինքնին թուլացնում է հեղափոխության թափը, փոշիացնում է նրա ռեսուրսները:

Գագիկ Ծառուկյանի այսօրվա լակոնիկ հարցազրույցից պարզ դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը դեմ չէ իր դաշինքի և Փաշինյանի թիմի փաստաթղթային կամ, որ նույնն է, կոալիցիոն հարաբերություններին:

Ուզում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չի գնա նման անհեռանկար միության, որով կականապատի սեփական կառավարության թիկունքն ու թավշյա հեղափոխության ճանապարհը:

Հրապարակի ճնշմամբ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ընդունել հակաօլիգարխիկ օրենսդրական փաթեթ, որը, մի կողմից, ընտրական գործընթացն ու քաղաքական համակարգը կազատի մենաշնորհային ու կոռուպցիոն դրսևորումներից, կապիտալի դիկտատուրայից, մյուս կողմից` կստեղծի լեգալ մեխանիզմներ, որը թույլ կտա անհատականացնել յուրաքանչյուր օլիգարխի պատասխանատվության չափը: Սա խոշոր բիզնեսի «մաքրման» գինն է, որը թույլ կտա խոսել հասարակական համերաշխության, խաղի նոր կանոնների մասին:

Արդարությունը հեղափոխության շնորհիվ դադարել է վերացական կատեգորիա լինելուց և շատ կոնկրետ ենթադրում է օլիգարխիայի դուրսմղում քաղաքականությունից և երկրից տարված 10 միլիարդ դոլարի վերադարձ:

Նման հավակնոտ խնդիր հնարավոր է իրականացնել միայն արտահերթ ընտրությունների միջոցով: Դրանք պետական համակարգը կմաքրեն քրեաօլիգարխիայի վիրուսից` ճանապարհ հարթելով ապագայի տեսլական, քաղաքական և մասնագիտական որակներ ունեցող երիտասարդ թիմի համար:

Սա դժվարին, փշոտ ճանապարհ է, որը, սակայն, այլընտրանք չունի: Թավշյա հեղափոխությունը քանդել է հին, ժամանակի դեմ կռիվ տվող Հայաստանը` անհրաժեշտություն ստեղծելով ձևակերպել Նոր Հայաստանի քաղաքական, բարոյական հիմքերը: Այս պատասխանատու առաքելությունը, ինչպես նաև թավշյա հեղափոխության արժեքային, ինստիտուցիոնալ արժևորման պատասխանատվությունը դրված է Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա:

Քրեաօլիգարխիան Նիկոլ Փաշինյանի կառավարության գլխավոր թիրախն է, և միայն արատավոր այդ համակարգի վերացումը կարող է ճանապարհ հարթել հեղափոխության քաղաքական կապիտալացման համար:

Spread the love