Արտահերթ ընտրությունների սահմանադրական ճանապարհը

«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամին, երբ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ այդմ` նաև օրենսդիր իշխանության ղեկավար կազմն իրեն ընդդիմադիր հայտարարած ՀՀԿ-ի ձեռքում է:

Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարում է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, որին սակայն, աջակցում է ժողովուրդը: Հիմա ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով: Միայն թե, ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում է խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը:

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք քննարկելու են Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի»,- ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ նշել է նա:

Նոր Սահմանադրությամբ բավական խճճված ու բարդացված են խորհրդարանը լուծարելու և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունները: Բայց այնուամենայնիվ, կան սահմանադրական հնարավորություններ՝ իրագործելու այս նպատակը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սահմանադրության 92-րդ հոդվածը, որն ամրագրում է ԱԺ արտահերթ ընտրության կարգը, խորհրդարանի կողմից փոփոխման ենթակա դրույթների թվին է պատկանում: Այսինքն՝ Սահմանադրության այդ հոդվածը կարող է փոփոխվել և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր կարող են ստեղծվել հենց ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ: Բայց այդ փոփոխությունները կարող են իրականացվել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` 70 ձայնով: Այստեղ, իհարկե, կա որոշակի դժվարություն, քանի որ խորհրդարանական երեք՝ «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցություններն ունեն 48 պատգամավոր, և անհրաժեշտ է ևս 22 ՀՀԿ-ականի աջակցություն: Մի հանգամանք, որին հեշտ չէ հասնել»:

Spread the love