Արտահերթ խորհրդարանական ընտրությունների էֆեկտիվ ձևեր թերևս կգտնվեն

- in Ընտրություններ
Elections 2017

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով արտահերթ ընտրության մասին հարցին՝ ասել է, որ կարծում է՝ դրանք կլինեն այս տարի: Միաժամանակ Փաշինյանն ասել է, որ կարծում է՝ խորհրդարանը կհաստատի կառավարության ծրագիրը:

Դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունը շուտ չի լինի, այսինքն՝ կառավարության ծրագիրը կընդունվի, և խորհրդարանը չի լուծարվի: Հետևաբար արտահերթ ընտրությունն առնվազն ամիսների հարց է, իսկ եթե նկատենք նաև, որ հոկտեմբերին Հայաստանը ընդունելու է չափազանց կարևոր միջազգային միջոցառում՝ Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովը, որի համար Երևան են ժամանելու Ֆրանսիայի նախագահն ու մի քանի տասնյակ ֆրանկոֆոն այլ երկրների ղեկավարներ, ապա թերևս մեծ հավանականությամբ կարող ենք եզրակացնել, որ արտահերթ ընտրությունը կլինի հոկտեմբերից հետո:

Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովը ինքնին լոկ միջոցառում չէ, և այն պահանջում է ահռելի նախապատրաստական, կազմակերպական աշխատանք, ինչը նշանակում է պետական կառավարման համակարգի մեծ զբաղվածություն: Ըստ այդմ, հազիվ թե միաժամանակ համակարգը տրամաբանական է զբաղեցնել արտահերթ գործընթացներով:

Մյուս կողմից՝ նախ հարկավոր է ընդհանրապես հասկանալ, թե ինչի՞ արդյունքում պետք է լինի արտահերթ ընտրություն: Ամենասկզբից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ դիտարկում է ճանապարհային քարտեզի հետևյալ հաջորդականություն՝ «ժողովրդի թեկնածուն» դառնում է վարչապետ, հետո խորհրդարանը մերժում է կառավարության ծրագիրը, ու գնում ենք արտահերթ ընտրության: Փաստորեն ստացվում է, որ Փաշինյանը հրաժարվում է այդ ծրագրից: Ստիպվա՞ծ, փոխզիջումո՞վ, թե՞ հենց իր իսկ նախաձեռնությամբ: Դա, իհարկե, բարդ է ասել: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը այդպիսի արագությամբ արտահերթ ընտրությունը տեսնում է բավականին բարդ մի գործընթաց՝ հատկապես, երբ կարող են անհնար լինել Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ու ընտրական խաղի կանոնների բարելավումը: Ի վերջո, եթե կառավարության ծրագիրը մերժվում է, և գործընթացը մտնում է արտահերթ հուն, ապա այստեղ ակնհայտ է, որ նոր ընտրությունը լինելու է հին ընտրակարգով: Իսկ այստեղ պահպանվում է արատների արատը՝ ռեյտինգային համակարգը՝ իր բոլոր ռիսկերով:

Մյուս կողմից՝ արտահերթ ընտրության այլ տարբերակը կարող է լինել քաղաքական համաձայնության պայմաններում, և հարց կարող է ծագել, թե ի՞նչ են ստանում քաղաքական ուժերը, որոնք խորհրդարանում են, և որոնք պետք է գան այդ հարցի շուրջ համաձայնության: Ակնհայտ է, որ նրանց թերևս մեծամասնությունը չունի արտահերթ ընտրությանը խորհրդարան մտնելու շանս: Ավելին, սոցհարցման վերջերս ներկայացրած տվյալի համաձայն՝ 5 տոկոսը կհաղթահարեն միայն «Ծառուկյան» դաշինքը և «Ելք»-ի մյուս ուժերը, եթե Նիկոլ Փաշինյանը գնա նրանց հետ:

Ըստ այդմ՝ այստեղ հարցն իսկապես բաց է, թե խորհրդարանում ներկայացված ուժերին ինչը պետք է ստիպի գնալ արտահերթ ընտրության, այն էլ՝ խաղի այնպիսի կանոններով, որոնք կենթադրեն գերազանցապես քաղաքական գործոններ և ազատ ու արդար մրցակցություն: Պատասխանը երևի թե մեկն է՝ հասարակությունը և Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, տեսակետները, թե՝ փողոց փակելով ստիպել այլևս հնարավոր չէ, փոքր-ինչ չափազանցված կամ ծայրահեղացված են: Խոսքն այն մասին չէ, որ պետք է դարձյալ փակել փողոց, և դա հնարավոր է: Պարզապես հանրային խաղաղ, առանց բռնության ճնշումը ամենևին չունի միայն փողոց փակելու միջոցով արտահայտվելու հնարավորություն: Արտահայտչամիջոցները կարող են շատ լինել, և թերևս արժե վստահ լինել, որ եթե Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնա արտահերթ ընտրության օրակարգին, իսկ նա երևի թե լավ է պատկերացնում մեկ տարի անց վարչապետության ռիսկերը, ապա դիմադրող քաղաքական ուժերին հանրային ճնշմամբ համակարգային փոփոխության դաշտ բերելու քաղաքակիրթ, առանց բռնության, բայց էֆեկտիվ ձևեր թերևս կգտնվեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20