Արփինե Հովհաննիսյանի գրառումը Ոստիկանության մասին օրենքի վերաբերյալ

- in Պաշտոնական
Arpine Hovhannisyan

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր շրջանառության մեջ է դրել իր և պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գևորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Արփինե Հովհաննիսյանը:

«Ինչպես հիշում եք, 2018թ. մարտի 3-ի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում բարձրաձայնվեց շարժական տեխնիկական միջոցներով ճանապարհային երթևեկության խախտումների արձանագրման փաստի հետ կապված մտահոգությունները և այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Քննարկումների արդյունքում որոշվեց փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում և ընդհանրապես բացառել ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից ճանապարհային անվտանգությունն ապահովելիս շարժական տեխնիկական սարքերով լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը»,- գրել է ԱԺ փոխխոսնակը:

Նրա խոսքով՝ նախագծի հիմքում ընկած են բազմիցս բարձրաձայնված մտահոգություններն առ այն, որ կա խնդիր Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ, ինչպես նաև հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը չի ապահովում պատշաճ ծանուցումը:

«Այլ կերպ ասած, այս կարգավորումը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ տալիս»,- նշել է նա:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ նոր ձևավորված կառավարության կողմից համապատասխան առաջարկների դեպքում պատրաստ են դրանք քննարկել և ներառել նախագիծ:

Spread the love