Բակո Սահակյանը անում է ամեն ինչ հեղափոխության ալիքի մուտքը Արցախ թույլ չտալու համար

Bako Sahakyan

Հնարավոր է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղափոխվի նաև Արցախ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը անում է ամեն ինչ հեղափոխության ալիքի մուտքը Արցախ թույլ չտալու համար: Իսկ նման վտանգ իսկապես կա, որովհետև նույնն են իրողությունները: 

Հայաստանի հասարակությունը ըմբոստացավ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, որովհետև Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը և, չնայած որ խոստացել էր, որ չի հավակնելու երրորդ անգամ ղեկավարելու երկիրը, հրահանգեց իր ենթակա ՀՀԿ խմբակցությանը քվեարկել իր թեկնածության օգտին: Սարգսյանը երևի մտածում էր, որ մի փոքր դժգոհության ալիք կլինի, բայց հույս ուներ, որ ամեն ինչ կմնա թույլատրելիի և վերահսկելիության սահմաններում, բայց հերթական կառավարվող բողոքի ակցիան չստացվեց: Դժգոհության ալիքը սրբեց տարավ Սարգսյանի իշխանությունը:

Հայաստանի նմանությամբ, Արցախի Հանրապետությունում ևս Սահմանադրություն փոխեցին, և նպատակը դարձյալ նույնն էր, ապահովել գործող նախագահի իշխանության հավերժականացումը: Արցախի նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2017թ.: Չնայած 2016թ. Ապրիլյան պատերազմին, Սահակյանը կազմակերպեց սահմանադրական փոփոխություններ, որոնց հեղինակը դարձյալ տխրահռչակ Հրայր Թովմասյանն էր: Միայն թե, եթե նա Երևանում բոլորին համոզում էր, թե չկա աշխարհում ավելի կատարյալ կառավարման համակարգ, քան խորհրդարանականը, ապա Ստեփանակերտում ճիշտ նույն համոզվածությամբ պնդում էր, որ կիսանախագահական համակարգից պետք է անցում կատարել կառավարման նախագահական համակարգի: Ինչու Արցախում չկրկնօրինակեցին Հայաստանի կառավարման համակարգը: Այն ենթադրությունը, թե պատերազմող երկրի համար նախագահական համակարգն ավելի կատարյալ է, կամ որ Արցախը Հայաստանի նման միջազգային հանրության ուշադրության կենտրոնում չէ, որ քննադատության ենթարկվի երրորդ ժամկետի համար, պրիմիտիվ են: Ուղղակի ի տարբերություն Հայաստանի, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարող ՀՀԿ նախագահն էր, Բակո Սահակյանը անկուսակցական է, և խորհրդարանական համակարգի դեպքում նա չէր կարող խորհրդարանական մեծամասնություն ձևավորել:

Կարող էին 2017թ. նախագահական ընտրություններ կազմակերպել ու Բակո Սահակյանին երրորդ անգամ անընդմեջ հռչակել Արցախի Հանրապետության նախագահ, բայց մտածեցին, որ այդպես շատ կոպիտ կստացվի, և ոչ այնքան ժողովրդավարական: Որոշեցին «շուստրիություն» անել, և Բակո Սահակյանին երեք տարի ժամկետով խորհրդարանը անցումային նախագահ ընտրեց: Մինչև 2020թ., երբ տեղի կունենան համաժողովրդական ընտրություններ, և Սահակյանը անցումայինից կդառնա մշտական:

Արցախում Բակո Սահակյանի երրորդ ժամկետի դեմ բողոքի ցույցեր տեղի չունեցան, և թավշյա հեղափոխություն նույնպես: Արցախի ժողովուրդը մտածում էր, որ Սահակյանին իշխանության ղեկին մնալ-գնալու հարցերը Արցախում չեն լուծում, այլ Երևանում, այն էլ մեկ մարդու կողմից: Իսկ Ստեփանակերտում Երևանի որոշումների դեմ բողոքելը ճիշտ չէր հասկացվի: Բակո Սահակյանը ինքն էլ է թաքնվում Երևանի և այդ մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի հետևում: Տպավորությունն այնպիսին էր, որ նաէլ դեմ չէր լինի թողնել իշխանությունը, նա ամենևին էլ բռնապետ չէ և կառչած չէ պաշտոնից, բայց ինչ կարող է նա անել, եթե այդպես է որոշվել Երևանում, այդպես է պետք համազգային շահերի պաշտպանության տեսանկյունից:

Հիմա Երևանում բոլորովին այլ իրավիճակ է, ու չկա Սերժ Սարգսյանը, ով իբրև թե պարտադրում էր Բակո Սահակյանին մնալ իշխանության ղեկին, իր կամքին հակառակ ստիպում էր խախտել ժողովրդավարության նորմերը: Արցախին պետք է սեփական Նիկոլ Փաշինյանը, որը պետք է հայտարարի, որ եկել է նաև Արցախի ժողովրդավարացման ժամանակը: Որովհետև, եթե ճիշտ է այն պնդումը, որ Հայաստանում ժողովրդավարական իշխանության գոյությունը ամրապնդում է մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ, ուրեմն երիցս ճիշտ է այն պնդումը, որ իշխանության ժողովրդավարացում պետք է տեղի ունենա նաև Արցախում: Բակո Սահակյանը, անշուշտ, հասկանում է Նիկոլ Փաշինյանից եկող վտանգը, և ամեն ինչ արեց, որ նրա արցախյան այցը լինի հնարավորինս կարճատև, և նա հնարավորություն չունենա շփվել լայն լսարանի հետ, որովհետև վտանգ կա, որ հեղափոխության վարակը կտարածվի նաև Արցախում:

Բայց անկախ ձեռնարկված միջոցներից, Արցախի ժողովրդավարացումը դառնում է օրախնդիր: Ով կարող է Արցախը տանել ժողովրդավարացման ճանապարհով, ով կարող է Բակո Սահակյանին բացատրել, որ երրորդ, չորրորդ ժամկետներում պաշտոնավարելը հարիր է Ադրբեջանի Հանրապետությանը, բայց ոչ Հայաստանին և Արցախին: Ուղղակի Արցախում, ավելի շատ, քան Հայաստանում, մտահոգված են, որ զանգվածային ցույցերն ու բողոքի ակցիաները կարող են վտանգել երկրի անվտանգությունը, չնայած հասկանում են, որ չկա ավելի մեծ վտանգ, քան բռնապետությունը:

Spread the love
  • 20
    Shares