Բակո Սահակյանի վարքագիծը կարևոր նախադեպ է, որը կարող է էապես մեծացնել Արցախի սուբյեկտությունը

- in Ով ով է ...
Bako Sahakyan

«Արցախը պատրաստ է աշխատել Հայաստանի Հանրապետության ժողովրդի և քաղաքական ուժերի կամքով ընտրված ղեկավարների հետ», – ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի հնարավոր փոփոխությանը:

Երևանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների օրերին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ռացիոնալ վարքագիծ դրսևորեցներքաղաքական դիմակայության ընթացքում Հայաստանի իշխանության կողքին դիրքավորվելու փոխարեն, ըստ էության միջնորդական առաքելություն դրսևորեց Սերժ Սարգսյանի և թավշյա հեղափոխության միջև: ԼՂՀ նախագահն, ըստ իրազեկ աղբյուրների, մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի ներքաղաքական լարվածության լիցքաթափման գործընթացում` արդյունավետ բանակցություններ վարելով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հետ:

Սա խոսում է Արցախի պետականության հասունության մասին: Ստեփանակերտում վերջապես գիտակցել են, որ ԼՂՀ գործընկերն ոչ թե Հայաստանի իշխանությունն է, այլհասարակությունը: Երկրորդը ԼՂՀ պետական մարմինների ինստիտուցիոնալ կայացվածության մասին է խոսում այն փաստը, որ Ստեփանակերտում կարողանում են ազգային, պետական օրակարգը սահմանազատել ներքաղաքական կոնյուկտուրայից:

Բակո Սահակյանի վարքագիծը կարևոր նախադեպ է, որը կարող է էապես մեծացնել Արցախի սուբյեկտությունը Հայաստանի հետ հարաբերություններում, համահայկական օրակարգի ձևավորման գործընթացում:

Սակայն Արցախի սուբյեկտության բարձրացումը շատ ավելի էական է կարգավորման գործընթացում: Հայաստանում ինստիտուցիոնալ և քաղաքական նոր իրողությունները, որոնք ենթադրում են բազմաշերտ իշխանության ձևավորում, հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ԼՂՀ-ն մեծացնի ինքնուրույն քաղաքականություն վարելու իր ռեսուրսը, տարածությունը` միջազգային հարաբերություններում և հատկապես կարգավորման գործընթացում ընդգծելով իր դերակատարությունը:

Թավշյա հեղափոխությունը էապես բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը և արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու պարագայում միանգամայն հնարավոր է սեղմ ժամկետում կապիտալացնել այդ իրողությունը: Սա հնարավորություն է ընձեռում ավելի նախաձեռնող արտաքին քաղաքականություն վարելու, ԼՂ կարգավորման գործընթացում արմատական բեկում ապահովելու համար: Թավշյա հեղափոխության շնորհիվ Հայաստանը կարողացավ քաղաքակրթական էական առավելություն ստանալ ավտորիտար Ադրբեջանի նկատմամբ: Ստեղծվել է վիճակ, որը շատ նման է 90-ականների սկզբի համատեքստին, երբ համաշխարհային հանրությունը պատերազմի տարիներին լեգիտիմացրեց դեմոկրատական Հայաստանի հաղթանակը բռնապետական Ադրբեջանի նկատմամբ: Այսօր հնարավորություն է ստեղծվել Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական առավելություններն օգտագործել բանակցային գործընթացում:

Բարենպաստ միջազգային համատեքստն, իհարկե, հնարավոր է օգտագործել, եթե Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումները համակարգային հիմքեր ստեղծեն մրցունակ պետություն ստեղծելու համար: Մյուս կողմից` շատ կարևոր է, որ Արցախի վերնախավը ստեղծի ինքնուրույն քաղաքականություն վարելու ինստիտուցիոնալ հիմքեր, մանավանդ, որ Հայաստանում ստեղծվում է իշխանություն, որը, այսպես կոչված, մենթալիտետային, ծագումնաբանական կապ չունի Ստեփանակերտի վերնախավի հետ: Քաղաքական այս բազմաշերտությունը միայն կարող է նպաստել բանակցային գործընթացում հայկական դիրքերի կողմերի ամրապնդմանը:

Spread the love