«Բաց ձեռքերի» սկզբունքը ոչ միայն մարտավարություն է, պայքարի ձև, այլ նոր արժեքային համակարգ

- in Հրապարակ
cuyc tsap

Երեկ Ռուսաստանում տեղի ունեցած հուզումներն անուղղակի ընդգծեցին Հայաստանում ծավալվող թավշյա հեղափոխության պատմականությունը: Ռուսաստանի փողոցներում մարդիկ բացահայտորեն իրենց համերաշխությունն էին հայտնում Հայաստանի իրադարձություններին` նույնիսկ բովանդակային և վարքագծային հարթության վրա ուղենշային, էտալոնային համարելով երևանյան իրադարձությունները:

Հայկական թավշյա հեղափոխությունը շրջադարձային իրադարձություն էր, որը փոխելու է քաղաքական, հասարակական հարաբերությունների որակը ողջ հետսովետական տարածքում:

Հեղափոխության առաջին դասն այն է, որ կասկածի տակ դրվեց իշխանությունների անփոխարինելիության սկզբունքը, որն, ըստ էության, ուժեղ հարված էր, այսպես կոչված, եվրասիական քաղաքական մշակույթին, որի հիմքում ավտորիտար իշխանությունների և առաջնորդների «ինտերնացիոնալն» է: ԵՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության չեղարկման հարցն այս պահին, ըստ էության, կորցրել է իր ակտուալությունը, որովհետև մեր հասարակությունը քաղաքակրթական, արժեքային իմաստով երկիրն արդեն դուրս է դրել այս կառույցներից: Եթե ոչ այսօր, ապա տարիներ անց Հայաստանի իշխանությունը թավշյա հեղափոխության այս արդյունքը վերածելու է քաղաքական որոշման:

Հայաստանի թավշյա հեղափոխությունն արմատապես տարբերվում է Վրաստանի և Ուկրաինայի հեղափոխություններից, որովհետև տեղի ունեցավ առանց արտաքին աջակցությանՌուսաստանին զրկելով հայաստանյան իրադարձություններին հակազդելու լեգիտիմ իրավունքից և ռացիոնալ մոտիվներից: Մյուս կողմից հեղափոխության աշխարհաքաղաքական համատեքստի բացակայությունը կոնսոլիդացրեց Հայաստանի ամբողջ հասարակությանը և աշխարհում կոնսոլիդացված դրական վերաբերմունք ձևավորեց քաղաքական գործընթացի նկատմամբ: Այսպիսի գործընթացը հիմքեր է ստեղծում այնպիսի իշխանության ձևավորման համար, որը ներքին և արտաքին լեգիտիմության ահռելի պաշար ունի` ի տարբերություն, ասենք, Սաակաշվիլիի, Յուշենկոյի կամ Պորոշենկոյի իշխանությունների, որոնք խորթ էին իրենց հասարակության մի մասի և մերժելի աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնի համար:

Թավշյա հեղափոխությունը Հայաստանը հավասարապես սահմանազատեց քրեաօլիգարխիկ համակարգից և, այսպես կոչված, «ծռությունից»: Քրեաօլիգարխիան իր իշխանությունը պահում էր զենքի և փողի ուժով, «ծռությունը» իր «կենսունակությունը» ստանում էր հենց այդ համակարգի շնորհիվ` պնդելով, որ միայն զինված ապստամբության, կրակոցների միջոցով է հնարավոր արդարության հաստատումը: Պատահական չէ, որ թավշյա հեղափոխության զարգացմանը զուգահեռ փոքրացավ անտագոնիզմի ծնունդ այս երկու համակարգերի գործունեության տարածությունը. քրեաօլիգարխիկ համակարգը սկսեց կազմաքանդվել, իսկ «ծռերը» օտարվեցին հարթակից:

Թավշյա հեղափոխությունըանկախ հետագա ընթացքից, ապացուցեց, որ որակական, խորքային փոփոխությունների հնարավոր է հասնել միայն խաղաղ քաղաքական պայքարի միջոցով, որի ընթացքում բացառվում են ոչ միայն կրակոցները, այլ բռնության որևէ դրսևորում:

«Բաց ձեռքերի» սկզբունքը ոչ միայն մարտավարություն է, պայքարի ձև, այլ նոր արժեքային համակարգ, որը համադրում է հեղափոխական և էվոլյուցիոն փոփոխությունները, ապահովում է հրապարակի տրամադրությունների ներդաշնակությունը սահմանադրական կարգավորումներին:

Պատահական չէ, որ համաժողովրդական շարժումը չտրվեց գայթակղությանը և հրապարակում երկիրը ղեկավարող հեղկոմ չձևավորեց ոչ հեղափոխության էյֆորիայի պիկին, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը և ոչ էլ` մայիսի 1-ին, երբ պետության և հասարակության լուսանցքում հայտնված խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին:

Թավշյա հեղափոխությունը բացառիկ հարգանք ցուցաբերեց պետական ինստիտուտների, Սահմանադրության, քաղաքականության նկատմամբ` ստիպելով, որ իր հաղթանակից հետո միջազգային հանրությունը ճանաչի Հայաստանի սուբյեկտությունը, քաղաքական, քաղաքակրթական ներուժը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20