Բաց նամակ ՀՅԴ ընկերներին

- in Հասարակություն
Vahan Badasyan

Սիրելի ընկերներ,

Ձեզ է դիմում ՀՅԴ մի խումբ ընկերներ,ովքեր հեռացված են շարքերից։Սակայն մենք 2 տասնամյակից ավել լինելով շարքերում (1989-2012թթ), դաշնակցությանը տվել ենք միայն ավյուն և էներգիա։ Նվիրաբերել մեր երիտասարդ տարիների բուռն գործունեությունը։ Որպես դաշնակցական, մենք զենքը ձեռքներիս, պայքարել ենք հանուն Արցախի ազատագրության: Այնուհետև լծվել պետականաշինության գործերին։ Որպես դաշնակցական կազմել ենք Արցախի Հանրապետության կառավարության մաս, գլխավորելով Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը անցյալի պատերազմական ու հետագա դժվարին տարիներին։ Հավատարիմ մնալով ՀՅԴ գաղափարներին և ոգուն, միշտ էլ եղել ենք ընդիմադիր արդեն հայությանը հայտնի ոչ ժողովրդավար նախկին ղեկավարությանը։ Ինչի արդյունքում միշտ էլ հրաժարական ենք տվել վերոնշյալ պաշտոններին։ 1997-2006 թթ. մենք եղել ենք ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ և ԿԿ-ի ներկայացուցիչներ։ Արցախում վերականգնել ենք կառույցը նշված տարիներին։

Մենք անդամագրվել ենք ՀՅԴ -ին 1989 թվին։ Այն դաշնակցությանն ենք անդամագրվել, որը կարողացել էր ճիշտ որոշում կայացնել`այն է սպասվող պատերազմին պատրաստվել ու դաշնակցական խմբեր պատրաստել ու զինել։ Երդում էին առել ու զենք վերցրել։ Այն դաշնակցությանն էինք անդամագրվել,որը 1991 թ.-ին կարողացավ ճիշտ որոշում ընդունել և Արցախը խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո հանրաքվեով անկախություն ամրագրել։ Ինչը համաձայն Խորհրդային Միության սահմանադրության միակ տարբերակն էր։ Ճշմարիտ տարբերակը։ ՀՅԴ Արցախի զինված խմբերն էին Արցախի ազատագրության պայքարի կորիզը և գաղափարը։

Սիրելի ընկերներ

Մեր գաղափարակից ընկերների մի մասը նահատակվել են։ Մյուս գաղափարական ընկերների մեծ մասը դուրս են մնացել շարքերից։ Ով է դուրս դրել, ինչու: Եթե պատմության ընթացքում հիմնականում շարքերից հեռացնում էին ՀՅԴ որոշումներին չենթարկվող,կուսակցության հանդեպ հանցանք կատարած մարդկանց։ Սակայն 1998 թ.-ից այս կողմ ՀՅԴ ից հեռացվում են հիմնականում գաղափարներին հավատարիմ ու նվիրված մարդկանց։ Վերջին 20 տարիներին կուսակցության քաղաքականությանը եթե հետևենք , ապա կտեսնենք որ հետընթաց ապրելով, նույնիսկ դուրս է մնացել իր իսկ կանոնադրությունից, գաղափարներից, կեցվացքից։ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք և պարզաբանման արիք չկա։ Ո՞րն է պատճառը:

Սիրելի ընկերներ պատճառը մեր բոլորիս`մտահոգ և գաղափարական ընկերներիս (կապ չունի շարքերում ենք թե շարքերից դուրս) անտարբերությունն այն բանի նկատմամբ, որ ՀՅԴ բյուրոն գրեթե 20 տարի է ղեկավարում է մի արկածախնդիր հակադաշնակցական ու բացասական նկարագիր ունեցող անձնավորություն։ Որը կարծես թե “տաղանդավոր” առաքելություն ուներ վերացնելու հարյուրամյակից ավելին փառավոր ուղի անցած ազգային ավանդական գաղափարական ուժը։

Սիրելի դաշնակցականներ.

Ազգը զարթոնք է ապրում։ Թախանձագին խնդրում ենք ոտքի ելեք և ՀՅԴ-ի փրկության գործին կցվեք։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ն ստեղծվելով, կանոնադրությունից դուրս միշտ Ընդհանուր Ժողովին չգիտես ինչու մասնակցում են 15 պատգամավոր, ինչը չի կարող թույլ տալ ընկերների ընդհանուր թվի նկարագիրը։ Հենց սա է բերում ՀՅԴ Բյուրոյի այսպես ասած մշտական գրեթե նույն անձի ընտրությոանը։ Ըմբոստացեք, ոտքի ելեք ու փրկենք այլևս պատմության գիրկը գնացող ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ…

Ընկերակսն բարևներով`

Վահան Բադասյան (ՀՅԴ անդամ 1989-2012թթ։ Մարտական խաչի ասպետ։ Գումարտակի հրամանատար1993-94 թթ։ Հադրութ վարչակազմի եկավար 1999-2001թթ։ ՀՅԴ Արցախի ԿԿ ի նդամ 1997-2004 թթ։ ԿԿ ի ներկայացուցիչ 2002-2004թթ։ Արցախի Աժ պատգամավոր ՀՅԴ խմբակցության անդամ 2010-2015 թթ):

Գրիշա Հայրապետյան (Արցախյան Շարժման հիմնադիրներից։ ՀՅԴ անդամ 1989 թ.-ից։ 1989 թ.-ից Հադրութի շրջանի աշտպանության շտաբի պետ։ ԼՂՀ Գերագույ Խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1991-1995 թթ Հադրութի շրջանի վարչակազմի եկավար։ 1997 -2006 թթ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ։ ԿԿ ի ներկայացուցիչ 1999 -2002, և 2002 -2004թթ ):

Վաչագան Զաքարյան (Արցախյան Շարժման ակտիվիստ։ՀՅԴ անդամ 1989 ից։ Գաղտնի զինված խմբի հրամանատար 1989-1991թթ։ 1991-1992թթ դաշնակցական վաշտի հրամանատար։1993-97 թթ համայնքի ղեկավար։ 1997-1999 թթ ՀՅԴ Արցախի ԿԿ ի ներկայացուցիչ։ 2010 – 15 թթ կուսակցական գործիչ։ 2015 անսպասելի շարքերից հեռացում):

Spread the love