Գագիկ Ծառուկյանի կոճակը չաշխատեց, նա կողմ քվեարկեց «բանավոր»

Gagik Carukyan

Այսօր զավեշտալի միջադեպ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկության ժամանակ. Գագիկ Ծառուկյանի կոճակը չաշխատեց, եւ նա կողմ քվեարկեց «բանավոր»:

Գագիկ Ծառուկյանը թերեւս աշխարհի ամենաանպարտաճանաչ պատգամավորն է. նրա չափ աշխարհում երեւի ոչ ոք չի բացակայում նիստերից: Նա արդեն պատգամավոր է 15 տարի, բայց երեւի 15 անգամ էլ չի ներկայացել նիստերին: Սովորաբար նա, ինչպես Գալուստ Սահակյանն էր պնդում, ներկայացնում է հարգելի բացակայության տեղեկանքներ: Իսկ նրա ֆրակցիայի անդամներն ասում են, որ խորհրդարանից դուրս նա ավելի կարեւոր գործեր է անում ժողովրդի համար ու միշտ ժողովրդի կողքին է:

Եվ ահա, այսօրվա բախտորոշ իրադարձությանը Ծառուկյանը ներկայացել էր անձամբ, ու ճակատագրի հեգնանքով կոճակը չէր աշխատել: Հնարավոր է՝ քիչ գործածվելուց, ասենք ժանգոտել էր կամ արանքը փոշի էր լցվել: Ծառուկյան դաշինքն էլ ՀՀԿ չէ, որ մեկը մյուսի փոխարեն քվեարկեն: Համ էլ ով կհամարձակվի քվեարկել Ծառուկյանի փոխարեն, առավել եւս, որ նրա անվան խմբակցությունը սովորաբար քվեարկում է ազատ:

Ծառուկյանն իր ողջ հմայքով կանգնեց շարժման կողքին ու սատարեց շարժման առաջնորդին, խոսելով նոր Հայաստանի, բիզնեսի ու քաղաքականության տարանջատման, արդարության, նոր իշխանության հետ իր գործակցության հնարավորությունների մասին: Բայց այս նոր փուլի մեկնարկին կոճակը չաշխատեց: Բայց Բաբլոյանը ժամանակին նկատեց ու հաշվեց նրա ձայնը: Հեղափոխության հետ կատակել չի կարելի:

Spread the love