Գարեգին Չուգասզյանի վիճակը կայուն ծանր է. հայտնի չէ նրա գտնվելու վայրը

- in Մամուլ
Garegin Chugaszyan

Այսօր լրանում է Գարեգին Չուգասզյանի հացադուլի 28-րդ օրը։ Նրա վիճակը կայուն ծանր է։ Չուգասզյանը, սակայն, հրաժարվում է բժշկական օգնությունից, թույլ չի տալիս, որ շտապօգնություն հրավիրեն։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է նրա ընկերը՝ Վիգեն Նազարյանը։

Նշենք, սակայն, որ Գարեգին Չուգասզյանը այսօր առավոտից իր հացադուլի վայրում չի գտնվում։ Երբ առավոտյան մենք գնացինք հարցազրույց խնդրելու, նրա աջակիցները ասացին, որ Չուգասզյանը վրանում չէ։ Քիչ առաջ Վիգեն Նազարյանն էլ հայտնեց, որ Չուգասզյանը Մատենադարանի մոտ չէ, բայց չի էլ կարող հայտնել, թե որտեղ է։ «Չեմ կարող ասել, թե որտեղ է հիմա գտնվում Չուգասզյանը։ Կարող եմ միայն հավաստիացնել, որ նա հիվանդանոցում չէ»,- ասաց Նազարյանը։

Մեր դիտարկմանը, թե ինչու են գաղտնի պահում նրա գտնվելու վայրը, և արդյոք այդ փաստը նրա հացադուլի մասով կասկածներ չի առաջացնի, Նազարյանը պատասխանեց. «Նա հացադուլի մեջ է արդեն 28 օր։ Դա փաստ է։ Հիմա չենք կարող հայտնել նրա նստադուլի վայրը, դա գաղտնի է»։ Չուգասզյանի ընկերը հավելեց․ «Գաղտնիությունն անվտանգության նկատառումներով չի, այլ նրա համար, որ նա մնա կատարյալ մեկուսացման մեջ։ Հիմա պետք է, որ նա լրիվ մենակ մնա, դրա համար էլ մենք գտել ենք մի այդպիսի վայր, բայց կարծում եմ, որ նա այսօր կվերադառնա Մաշտոցի արձանի մոտ»։

Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը հացադուլ է հայտարարել և երեք պահանջ առաջադրել: Դրանք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, համաներման հայտարարում և անցումային հանձնաժողովների ստեղծում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20