Գործարարներն ակնկալում են խաղի պայմանների դյուրացում

- in Տնտեսական
oligarxia

Հայաստանը շարունակում է մնալ թավշյա հեղափոխության հաղորդած ոգևորության շրջանակում, և իրադարձություններն ու գործընթացները դիտարկվում են գերազանցապես այդ պրիզմայով: Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ առօրյան ունի իր պահանջները, և դրանցից առաջնայինն, անշուշտ, տնտեսական վիճակն է, որից, խոշոր հաշվով, կախված է իրադարձությունների հետագա զարգացման տրամաբանությունը: 

Ներկայումս դիտարկումներն ու հնարավոր հեռանկարների վերլուծությունը կառուցվում է առավելապես քաղաքական դերակատարների շահերի և շարժառիթների տրամաբանության վրա, մինչդեռ ակնհայտ է, որ հեռանկարները պայմանավորող առանցքային գործոններից մեկը տնտեսական իրողությունն ու միտումներն են: Իսկ այդ առումով, թեև նախորդ կառավարությունը շեփորում էր 7,5 տոկոս տնտեսական աճը, այդուհանդերձ Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներն ահռելի են, ըստ այդմ՝ առաջնային նշանակություն ունի հարցը, թե նոր կառավարությունն ինչ տնտեսական լուծումներ ունի, անգամ եթե խոսքը ժամանակավոր, ամիսների կառավարության մասին է:

Իհարկե, այդ կապակցությամբ մոտակա օրերին մենք կտեսնենք կառավարության ծրագիրը, սակայն խորքային առումով հասկանալի է, որ բուն խնդիրը ներդրումային աղբյուրներն են, և այստեղ առկա է հարց, թե որոնք կարող են լինել այդ աղբյուրները: Իր հերթին հարկ է, անշուշտ, նկատել, որ եթե կառավարությունը, գրեթե համընդհանուր բնորոշմամբ, ժամանակավոր է, եթե պետությունում հաստատված ներքաղաքական ստատուս քվոն ժամանակավոր է ինքնին, ապա ներդրողների վերաբերմունքը լինելու է զգուշավոր, ինչքան էլ Հայաստանի թավշյա հեղափոխությունը բարձրացնի Հայաստանի միջազգային վարկը:

Այստեղ կասկած չկա, որ վարկը բարձրացել է, Հայաստանը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, դիտարկվում է որպես այլ հասարակությունների կամ երկրների համար մոդել: Սակայն այդ ամենը մի բան է, իսկ շատ կոնկրետ ներդրումային պլանները՝ այլ: Ներդրողները ունեն այլ չափումներ, այլ չափանիշներ, և այստեղ առաջնայինն, իհարկե, առնվազն միջնաժամկետ հեռանկարների խնդիրն է: Իհարկե, եթե կառավարությանը հաջողվի ապահովել ներկայիս աճի տեմպն ու թույլ չտալ անկում, դա արդեն իսկ հնարավոր կլինի համարել հաջողություն, բայց կգոհացնի՞ այդ ամենը հանրությանը, որն ակնկալում է շոշափելի էֆեկտ:

Շերտերն, իհարկե, տարբեր են. գործարարներն, օրինակ, ակնկալում են խաղի պայմանների դյուրացում, և դա շատ ավելի հնարավոր է կարճ ժամկետում, սակայն կա հանրության այլ մաս, որի ակնկալիքները, այսպես ասած, սոցիալական տիրույթում են: Իսկ դրանք բավարարելու համար պահանջվում են ներդրումներ՝ կա՛մ ուղղակի, կա՛մ անուղղակի, այն իմաստով, որ հիմնական խոշոր գործատուները իրենց եկամտի կամ շահույթի հաշվին պետք է բարձրացնեն աշխատավարձերը՝ միաժամանակ չբարձրացնելով ծանրաբեռնվածությունը: Ի վերջո, ոչ դասական իմաստով, սակայն դա էլ ներդրում է, որը սակայն արդեն ունի այլ՝ քաղաքական տրամաբանություն, և խնդիրը բիզնես միջավայրի գրավչության կամ կայունության դաշտում չէ միայն: Բայց այստեղ էլ կարող է նշմարվել հետաքրքիր լուծում, որը միայն կառավարության դաշտում չէ:

Նախօրեին Հայաստանի երեք ընկերությունների աշխատակիցներ գործադուլ են արել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, աշխատանքային իրավունքներ: Խոսքը Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և Արարատի ոսկու կորզման գործարանի մասին է: Անկասկած է, որ սա թավշյա հեղափոխության շունչն է, այդ ալիքի արդեն, այսպես ասած, երկրորդային շերտը, ու եթե այն ունենա շղթայական շարունակություն, ցանցային շարունակություն այնպես, ինչպես ուներ համաժողովրդական քաղաքացիական ընդվզումը, ապա մենք կարող ենք ստանալ նոր իրավիճակ և հեղափոխության նոր շերտ՝ բավականին ուշագրավ տնտեսական և քաղաքական դրսևորումներով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20