Գործող ԱԺ-ն քրեաօլիգարխիկ համակարգի հայելային դրսևորումն է

Gagik Tsarukyan

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ իր ժամանակավոր կառավարությունում օլիգարխներ չեն լինելու: Սա, իհարկե, կարևոր ուղերձ է հասարակությանը և միանգամայն տեղավորվում է թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ: 

Մյուս կողմից` Փաշինյանի հայտարարությունը առնվազն կիսատ է, որովհետև կառավարության բովանդակությունը որոշվում է ոչ այնքան նրա կադրային կազմով, որքան քաղաքական և ինստիտուցիոնալ այն միջավայրով, որտեղ այն ձևավորվում և գործում է:

Խիստ էական է, որ Փաշինյանը հրապարակավ հավաստիացնի, որ բացառում է օլիգարխիկ սեգմենտը ներկայացնող կուսակցությունների մասնակցությունը կառավարությանը կամ նրանց հետ երկարաժամկետ կամ նույնիսկ կարճաժամկետ կոալիցիա կազմելը: Արտահերթ ընտրությունների հարցից դուրս որևէ պայմանավորվածություն «Ծառուկյան» դաշինքի կամ ՀՅԴ-ի հետ հանգեցնելու է օլիգոպոլ համակարգի լեգիտիմացմանը:

Մյուս կարևոր հանգամանքը, որը հնարավոր չէ անտեսել, երկրի ինստիտուցիոնալ նոր իրողություններն են: Ինչքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդականության և լեգիտիմության մեծ պաշար` խորհրդարանական համակարգում իշխանության կենտրոնը խորհրդարանն է: Գործող ԱԺ-ն քրեաօլիգարխիկ համակարգի հայելային դրսևորումն է, նրա իշխանության լծակը: Այս համատեքստում դժվար է պատկերացնել, որ Փաշինյանը կարող է էֆեկտիվ բարեփոխումներ իրականացնել, եթե նույնիսկ բոլոր օլիգարխները, Սամվել Ալեքսանյանի օրինակով, հրապարակավ անցնեն Փաշինյանի «թրի տակով»:

Գործող խորհրդարանըիր բովանդակությամբ և անհատական կազմով, կանգնած է թավշյա հեղափոխության հաղթանակի ճանապարհին: Գործող խորհրդարանի գոյության երկարաձգման ամեն մի օրը տեղի է ունենում մի կողմից թավշյա հեղափոխության քաղաքական կապիտալացման հաշվին, մյուս կողմից «ականապատում» է կառավարության գործունեության դաշտը և հիմքեր է ստեղծում հակահեղափոխության ռևանշի համար:

Հեղափոխության պիկին Նիկոլ Փաշինյանը բացառիկ հնարավորություն ունի ձերբազատվել այս խորհրդարանից, եթե վաղը ինքնաբացարկ ներկայացնի կամ քաղաքական պայմանավորվածություններով խորհրդարանը չհաստատի կաբինետի ծրագիրը` օրակարգ բերելով արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Մնացած տարբերակները շատ ավելի ռիսկային են, որովհետև ենթադրում են հեղափոխության կառավարության պերմանենտ կոմպրոմիսները օլիգարխիկ տարբեր սեգմենտների հետ:

Օլիգարխիայից ձերբազատվելու բանաձևն իրականում հստակ է և ունի միջազգային նախադեպ, և անհրաժեշտություն չկա նոր հեծանիվ հորինել օրիգինալ երևալու համար:

Spread the love