Գևորգ Գորգիսյանը մեկնաբանել է կուտակային համակարգի վերաբերյալ Մանե Թանդիլյանի հայտարարությունը

- in Սոցիալական
Gevorg Gorgisyan

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վստահեցնում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի մոտ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ մոտեցումների փոփոխություն չի եղել:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Գորգիսյանն ընդգծեց, որ իրենք կուտակային համակարգի դեմ շարժման ժամանակ հայտարարել են, որ այդ մոդելը շատ լավն է, աշխարհում կիրառություն ունի, սակայն Հայաստանում ներդրվող տարբերակն աբսուրդ է: «Մենք Հայաստանում ներդրվող մոդելի դեմ էինք պայքարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Նա ընդգծեց, որ իրենք պահանջում էին, որ կուտակայինը լինի կամավոր, և տիկին Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը դրա մասին է: Հարցին` կուտակայինը կկասեցվի՞ հուլիսի մեկից, թե ոչ, նա պատասխանեց. «Տիկին Թանդիլյանն այդ մասին հայտարարություն արել է: Նրա արած ոչ մի հայտարարություն մինչ այդ արված հայտարարություններին և գործունեությանը չի հակասում»:

Գորգիսյանը հավելեց, որ ժամանակին իրենք աշխատել են դրա կասեցման համար, բայց հիմա այլ իրավիճակ է, և որ նախարարի հետ կքննարկեն, դեռևս պրոցես չի սկսել: Ի պատասխան հարցին, թե ամեն ինչ արվելո՞ւ է, որ պարտադիր բաղադրիչը չլինի, նա ասաց. «Այո, բայց պետք է այնպես անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև կան ֆոնդերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ: Հիմա իրավիճակ է փոխվել. Հայաստանի քաղաքացիները վստահում են կառավարությանը և նաև վստահում են, որ կառավարությունը կվերահսկի, որպեսզի գումարները չկորեն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20