Դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կգտնեն կառավարությունում

- in Կարծիք
Ator

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու դեպքում կադրային խնդիր չի լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբմայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ կա բավարար կադրային ռեսուրս նոր կառավարություն կազմելու համար: «Դա չի նշանակում, որ կառավարությունը մի կուսակցության ձեռքում է լինելու, այլ «ազգային համաձայնության կառավարություն» է կազմվելու: Դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կգտնեն կառավարությունում: Սփյուռքից կան մասնագետներ, ովքեր ցանկություն են հայտնել մեզ հետ քննարկել ծրագրային որոշ դրույթներ և առաջարկներով հանդես գալ: Ինչպիսին կլինի կազմը կիմանանք մայիսի 8-ից հետո»,- ասաց Հարությունյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը հայտնեց, որ դեռ կառավարության նոր կազմի հարց չի քննարկվել: «Առաջիկա 1-2 օրերի ընթացքում այդ հարցը կքննարկվի. պայմանավորվածություն ունենք մեր կուսակցությունում, որ այդ հարցը քննարկելու ենք»,- նշեց Հարությունյանը: Նա գրեթե վստահ է, որ մայիսի 8-ին ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությանը ընտրվելու է Նիկոլ Փաշինյանը, սակայն ցանկացած զարգացման իրենց թիմը պատրաստ է և բոլոր դեպքերի համար ունեն համապատասխան քայլեր:

Ըստ Հարությունյանի` Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում նոր կառավարությունը դառնալու է ազատ և արդար արտահերթ ընտրութունների անցկացման երաշխավորը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20