Դավիթ Տոնոյանի նշանակումը թերևս կարող է լինել հավասարակշռող

- in Ով ով է ...

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու է Դավիթ Տոնոյանը: Ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի աղմկահարույց և հակասական նշանակումից հետո Դավիթ Տոնոյանի նշանակումը թերևս կարող է լինել հավասարակշռող, քանի որ այդ նշանակումը կարող է ընկալվել միարժեք դրականության տիրույթում:

Տոնոյանը մինչև ԱԻ նախարար նշանակվելը պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր, նաև ուներ նախարարության այլ պաշտոններում աշխատանքի մեծ փորձ: Տոնոյանը ունի դրական ընկալում Հայաստանի անվտանգության համար կարևոր դաշնակցային և գործընկերային ուժային կենտրոններում՝ Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Բրյուսել, նաև Իրան, ուր նա այցելել է պաշտպանության առաջին տեղակալ աշխատած ժամանակաշրջանում: Տոնոյանը ընդունելի է նաև զինվորականության համար, ինչը հույժ կարևոր է:

Միևնույն ժամանակ նա հանրայնորեն չվարկաբեկված, կոռուպցիոն պատմությունների և աղմուկների մեջ չհայտնված պաշտոնյա է: Խոսքն, իհարկե, ամենևին գրեթե իդեալական թվացող նշանակման մասին չէ, որովհետև վերջին հաշվով ցանկացած կադրային նշանակում և ցանկացած նշանակվող անձ անխուսափելիորեն կարող է ունենալ իր թերությունները: Խնդիրը ընդհանուր բալանսի մասին է, և այդ առումով Դավիթ Տոնոյանի դեպքում բալանսը միարժեք դրական է:

Մյուս կողմից՝ անշուշտ լինել պաշտպանության նախարարի արդյունավետ առաջին տեղակալ կամ ԱԻ արդյունավետ նախարար դեռ ամենևին չի նշանակում արդյունավետ պաշտպանության նախարար լինելու երաշխիք: Բայց այդպիսի երաշխիք չկա որևէ պաշտոնյայի դեպքում, հետևաբար սուրճի բաժակի գուշակությունների մակարդակի դիտարկումները այս և ընդհանրապես որևէ այլ դեպքում, երբ չկան անձի հետ կապված ակնառու աղմկահարույց իրողություններ, բացարձակապես անտեղի են:

Միևնույն ժամանակ, նոր նախարարի առաջ անշուշտ լրջագույն խնդիրներ են, որոնք սերում են կամ պետք է սերեն ապրիլյան քառօրյայի դասերից: Առավել ևս, որ այդ քառօրյայի ընթացքում Տոնոյանը ՊՆ փաստորեն երկրորդ պաշտոնյան էր: Իհարկե, նա գերազանցապես զբաղվում էր արտաքին կապերով կամ, այլ կերպ ասած, նախարարության «արտաքին քաղաքականությամբ», և առավել ևս այդ օրերին գործնականում փոխարինելով անգամ ԱԳՆ-ին, և բավական արդյունավետ:

Այդուհանդերձ՝ այժմ պատասխանատվության նոր կալիբր է՝ լիովին նոր իրավիճակում, ինչը բերելու է արդյունքների վերաբերյալ հանրության առավել մեծ ակնկալիք: Մի բան աներկբա է, որ նոր նախարարի խնդիրն է շարունակել հայկական բանակը պատրաստել «վաղվա պատերազմին»՝ այսօր և միշտ խաղաղությունը առավելագույնս երաշխավորելու համար:

Այդ իմաստով թերևս պետք է արձանագրել, որ նախորդ նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում կատարվել էին բավականաչափ դրական քայլեր՝ թե՛ կոնկրետ զարգացումների, թե՛ կոնցեպտուալ հեռանկարների նախանշման տեսանկյունից, ու կարևոր է դրանց շարունակության և զարգացման ապահովումը:

Միևնույն ժամանակ իհարկե նոր նախարարը անխուսափելիորեն բերելու է իր փիլիսոփայությունն ու քաղաքական տեսլականը իրավիճակի հետագա զարգացման մասով, սակայն այդ իմաստով նաև առանցքային հարցերից մեկը այն է, թե նա ինչպիսի վերաբերմունք է ունենալու ազգ-բանակ հայեցակարգի ու բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասով, որ ընդունվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20