Դավիթ Տոնոյանն ընդունել է զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիներին

- in Պաշտոնական

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախարարը մանրամասն ծանոթացել է խնդրին և տվել հանձնարարականներ շարունակելու օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: «Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»,-գրել է Հովհաննիսյանը:

Վաղ առավոտից կառավարության շենքի դիմաց են հավաքվել ավելի քան 10 զինկոմիսարիատների ներկայացուցիչներ և բողոքում են զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ակցիայի մասնակիցներին կառավարությունում ընդունել էր ՀՀ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողներից՝ երկուսը։

Spread the love