Դուք եք նոր Հայաստանի ճարտարապետները. ՀՀ ԿԳ նախարար Հարությունյանը ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին

- in Կրթություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին՝ մայիսի 25-ին կայանալիք «Վերջին դասի» առթիվ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքում նշված է. «Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական «Վերջին դասի» կապակցությամբ:

Դպրոցին հրաժեշտ տալու և կյանքի նոր փուլ մտնելու հիշարժան այս իրադարձությունը համընկել է Հայաստանի և նրա հասարակության համար անչափ կարևոր իրադարձությունների հետ, որի ականատեսն ու ակտիվ մասնակիցն եք եղել դուք վերջին ամիսներին: Խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր կենսագրության նոր փուլն է սկսում հիմա՝ հարստացած նոր լիցքերով և փոփոխությունների մեծ սպասումով:

Մասնագիտության և զբաղմունքների ընտրությունը, անկասկած, ձեր կյանքի կարևոր որոշումներից է լինելու: Ցանկանում եմ, որ տարիներ անց էլ գոհ լինեք կատարած ընտրությամբ, ձեր գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնենք արդար հասարակության կայացմանը:

Սակայն այս պահին, մասնագիտությունից էլ առավել, ես կարևորում եմ լավ քաղաքացի լինելու և դառնալու ճանապարհը: Դպրոցի խնդիրը միայն գիտելիք փոխանցելը չէ: Լավն է այն կրթությունը, որ պատրաստում է զարգացած, քննադատական մտածողությամբ, սեփական իրավունքները գիտակցող և դրանք պաշտպանող քաղաքացիներ:

Դուք եք նոր Հայաստանի ճարտարապետները: Մաղթում եմ ձեզ, որ այդ գործում հաջողեք՝ որպես իրավագիտակից և հպարտ քաղաքացիներ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20