ԵԱՏՄ-ում առկա խնդիրները, որ հարկ է ուշադրություն դարձնի ՀՀ նոր կառավարությունը

Երևանի ոսկերչական գործարան – 1 Գնոմոն ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանի հետ զրուցում ենք այս ձեռնարկության հաջողությունների, մայիսի 14-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումից առաջ այն տնտեսական, առևտրային խնդիրների մասին, որոնք առկա են ԵԱՏՄ շրջանակներում:

 

Այսօր մենք լուրջ դժվարություններ

ունենք այդ գործընթացում

Պարոն Գրիգորյան, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որտեղ մեր նախորդ զրույցներում էլ բարձրաձայնել եք ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման հետ կապված անհարկի խնդիրների մասին: Հիմա, երբ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նոր կառավարության այլ պաշտոնյաները մայիսի 14-ին ու այդուհետ հանդիպումներ պետք է ունենան ՌԴ նախագահի ու այլ չինովնիկների հետ, կարելի՞ է մանրամասնեք դրանց մասին՝ առանձին – առանձին:

Բնական է, որ ԵԱՏՄ-ի ստեղծումը տրամաբանություն ունի և շատ դրական եմ գնահատում: Ամբողջական իրագործումը կարող է լուրջ հաջողություններ տալ Հայաստանին, մանավանդ, որ այդ միավորումում այնպիսի երկրներ են, որոնք մեր շուկան են եղել և մնում տասնամյակներ ի վեր:

Կազմավորումից ի վեր մենք սկսեցինք ուսումնասիրել այն բոլոր նյութերի հայթայթման տեղերը, որոնք ներկրում ենք արտասահմանյան երրորդ երկրներից: Նպատակն էր՝ ներկրումները վերաձևել: Սակայն կամաց – կամաց առաջացան բազում խնդիրներ. Առաջինը. մեր հիմնական նյութերի՝ ոսկու և արծաթի հայթայթման հարցն է, որն արտադրող աշխարհում երեք պետությունները ԵԱՏՄ-ում են՝ Ռուսաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Սակայն այսօր մենք լուրջ դժվարություններ ունենք այդ գործընթացում: Երրորդ երկրներից այդ գործընթացը հանարավոր էր լինում կազմակերպել շատ արագ, անգամ երկու օրվա ընթացքում կարողանում ենք ստանալ մեր հումքը: Մինչդեռ՝ ԵԱՏՄ անդամ երկիր դառնալով որոշակի սահմանափակումներ մտցվեցին, որտեղից էլ ծագում են խնդիրները: Մասնավորապես՝ արդեն հաջորդ տարվանից, ըստ սահմանվածի, պետք է մաքսավճար կատարենք այդ հումքերի ներկրման համար, ինչն անմիջականորեն կարտահայտվի ինքնարժեքում և մեր արտադրանքն արդեն նույն շուկաներում՝ գնային քաղաքականության առումով, կդառնա ոչ մրցունակ:

Ուղղակի անտրամաբանական

խնդիրներ են Ռուսաստանում

Արդեն 4 – 5 տարի է, ինչ մենք փորձում ենք այդ նյութերը ստանալ ռուսական շուկայից, դեռ չենք փորձել ղազախականից ու ղրղզականից: Սկզբում բավական բարեհաջող ստացվում էր, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում ռուսաստանյան արտադրողները կատարում են բավական մեծ հավելագրումներ գների վրա՝ ուղղակի ասում են, որ այսուհետ 5 տոկոսով ավելի թանկ ենք վաճառելու ձեզ, քան եվրոպական շուկաների գներն են: Դրանք արդեն անտրամաբանական թանկացումներ են: Բացի այդ ներկրում կազմակերպելու համար այնպիսի հսկայական թղթաբանություններ են պահանջում, որ անիմաստ է դառնում նույնիսկ մտնել այդպիսի հարաբերությունների մեջ: Արդյունքում, մենք շարունակում ենք ներկրումները արտասահմանյան բանկերից, մինչև որ հուսանք այդ հարցը կկարգավորվի ԵԱՏՄ-ի շրջանակներում: Ուղղակի անտրամաբանական խնդիրներ են ծագում այդ հարցում Ռուսաստանում:

Բացի այդ կան նաև այլ նյութեր, որոնք առաջ ներկրում էինք եվրոպական երկրներից, այս տարվանից արդեն՝ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանից: Այս հարցում էլ լուրջ դժվարություններ կան՝ ՌԴ խոշոր քաղաքներում, որոնք մտած են ԵԱՏՄ օրենսդրության մեջ: Ի դեպ, ասեմ, որ փոքր քաղաքները դեռևս չեն ներգրավվել ԵԱՏՄ օրենսդրությունում: Մոսկվայամերձ մի կազմակերպությունից բոլորովին վերջերս խնդրեցինք մեզ առաքել ներկափոշի՝ տուփերի ներկման համար, ինչը առաջ ստանում էինք Շվեյցարիայից՝ մեկ շաբաթվա ընթացքում, սակայն պարզվեց, որ դրա համար պատվերը պետք է տալ 7 – 8 շաբաթ առաջ, լրացնել հսկայածավալ փաստաթղթեր, և միայն մի քանի ամիս հետո ստանալ նյութը: Կամ՝ ուրիշներն էլ այլ խնդիրներ են առաջադրում. Գործարանի մուտքից ստանում եք նյութը, ուր կտանեք և ինչպես՝ ձեր խնդիրն է, և պետք է վճարեք ԱԱՀ: Ամեն անգամ անհնար է բացատրել, թե ախր, մենք ԵԱՏՄ անդամ ենք, այդպես չի կարելի վարվել և այլն, որը դանդաղեցնում է բավականին մեծ քանակությամբ ապրանքների ստացումը:

Խնդիրը նաև այնտեղ է, որ ՌԴ ձեռնարկությունները սովոր են առավել մեծաքանակ նյութերի արտահանմանը, բայց մյուս կողմից մենք էլ չենք կարող այդքան միջոցներ ներդնել դրանց մեջ, պահեստավորել, այդքան գումարների շրջանառությունը կանգնացնել ու արդյունք ունենալ: Երբեմն արտասահմանյան խոշոր ձեռնարկություններին երբ խնդրում էինք մեզ 1 կգ ոսկի ուղարկել, նրանք սիրով և արագ դա կազմակերպում էին, որտեղ ներառվում էր հումքի ինքնարժեքն ու ավելանում էր միայն ճանապարհածախսը, իսկ Ռուսաստանից 5 կգ ստանալը հսկայածավալ խնդիրներ է առաջ բերում:

Այս ոլորտներում պետք է լուրջ աշխատանքներ տարվեն, պոտենցյալը բավական մեծ է և կարելի է շատ արագությամբ այդ խնդիրները կարգավորել, եթե կա կամք, քաղաքական հարաբերություններ հարցերի կարգավորման համար:

Մեր հարգադրոշմումներն ընդունվում են

ամբողջ եվրոպական երկրներում, Միջին Արևելքում,

արաբական երկրներում, Միացյալ Նահանգներում,

սակայն ոչ ԵԱՏՄ անդամ երկրներում

Իսկ արտահանման հարցո՞ւմ՝ լինեն դրանք պատրաստի զարդեր, թե՝ այլ նյութեր:

ԵԱՏՄ անդամ երկրներում չեն ընդունվում մեր հարգորոշումներն ու հարգադրոշմները: Պատճառաբանությունները՝ թերևս փոքր-ինչ հասկանալի են: Ռուսաստանում հարգադրոշմումները կատարվում են պետական մակարդակով, նույնը՝ Բելառուսիայում է: Եվ շատ դժկամությամբ են ընդունում մեր առաջարկությունները, որ այդ հարգադրոշմումները լինեն ընդհանուր, ինչպես էր տասնամյակներ ի վեր: Ուղղակի զարմանալի երևույթ է, քանի որ մեր հարգադրոշմումներն ընդունվում են ամբողջ եվրոպական երկրներում, Միջին Արևելքում, արաբական երկրներում, Միացյալ Նահանգներում, սակայն ոչ ԵԱՏՄ անդամ երկրներում: Իսկ ռուսական կողմի պատճառաբանություններից ոչ մեկն ընդունելի չէ:

Կոնկրետացնեք խնդիրները

Առաջնային պետք է լուծվի հումքի ազատականացված վաճառքի և դրա գնի հարցը, որպեսզի այն լինի մրցունակ նաև արտասահմանյան շուկայում, որտեղ մենք կապված ենք արտահանման ծավալներով: Իսկ ԵԱՏՄ-ից ձեռք բերված հումքը վերամշակելով կարող ենք այն օգտագործել նաև արտահանման հարցում:

Երկրորդը՝ հարգադրոշման փոխադարձ ճանաչումը: Այն քաշքշուկը, որ այսօր ստեղծվել է պետք է դադարեցնել և քաղաքական որոշում ընդունել առ այն, որ պետք է ճանաչել և աշխատանքները շարունակել այն կատարելագործելու համար: Նրանք պետք է հասկանան, որ իրենց համեմատ, մենք փոքր արտադրողներ ենք և մեր արտադրանքը չի կարող խոչընդոտ լինել ռուսական շուկայի արտադրողներին, մինչդեռ հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաև հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Երրորդը՝ հարկ է, որ վերջ դրվի այդքան մեծ ծավալով թղթաբանությանը, որն ուղղակի բյուրոկրատական քաշքշուկների է նման և բազում անիմաստ խնդիրներ է առաջացնում:

Զրուցեց՝ Սիմոն Սարգսյանը

Հարցազրույցի շարունակությունն՝ այստեղ. Էմիլ Գրիգորյան. Հայոց հնուց եկող զարդարվեստը վերակենդանացնում ենք

Spread the love