Եկել է ճշմարտության պահը. Բաց նամակ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին

- in Հասարակություն
Bazkator

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը բաց նամակով դիմել է  ՀՀԿ խմբակցության պատգամավորներին.

«Հարգելի գործընկերներ

Եկել է ճշմարտության պահը. դուք ուզած-չուզած պետք է առերեսվեք իրականությանը։ Իսկ իրականությունն այն է, որ ՀՀԿ քսանամյա իշխանավարումը, չնայած վերջին շրջանի աննշան դրական փոփոխություններին, մեծ հաշվով տապալել է երկրի կառավարումը կյանքի բոլոր բնագավառներում։ Համակարգային ու բոլոր սահմաններն անցած կոռուպցիա, աղքատության ու չքավորության չնվազող մասշտաբներ և դրա կողքին՝ երկրի ընտանիքների մի փոքր մասի անսահման ու անպարագիծ շքեղություն ու զեխություն, մարդկանց մեծ մասի իրավազրկություն ու համատարած անարդարություն, չնվազող արտագաղթ: Սրանք մեր իրականության պրոբլեմների մի մասն են: Ու մարդիկ այսօր բողոքում են զանգվածաբար: Դա է վկայում Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնության ընդվզումը։ Հարկավոր է ազնվորեն ընդունել իրականության փաստերը ու հաշվի նստել դրանց հետ։

Այո՛, դուք մեղավոր եք ստեղծված վիճակի մեջ, դուք ձախողել եք։ Իմ խորին համոզմամբ՝ իրողությունն այն է, որ ՀՀԿ-ն վեր է ածվել իր շարքերից կտրված մի խումբ անձանց տոտալիտար խմբավորման։ Իսկ հիմնական պատճառն այն է, որ տարիներ շարունակ երկրի ու պետության, այդ թվում՝ կուսակցության ապագայի համար բախտորոշ որոշումները կայացվել են մեկ կամ մի քանի անձանց նեղ շրջանակի կողմից ու կուսակցության համագումարները ծառայել են որպես լոկ բեմականացված ներկայացումներ: Ահավասիկ, վերջին օրինակներից մեկը. դուք անշուշտ հիշում եք, թե ինչպես ՀՀԿ  նախընտրական ցուցակը անցյալ տարի ձևավորվեց մեկ անձի կողմից, այն էլ վերջին պահին՝ մի գիշերվա մեջ, առանց բաց կուսակցական քննարկումների, առանց համագումարի, առանց վարկանիշային քվեարկությունների, առանց արժանիներին առաջադրելու՝ զուտ անձնական հավատարմության սկզբունքի հիման վրան։

Շատերը իրավացիորեն հարց են տալիս՝ այդ դեպքում ու՞ր մնացին ՀՀԿ-ի “նոր ոգու”, “նոր դեմքերի”, նոր գաղափարների վերաբերյալ արծարծումները։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ 140 հազարանոց կուսակցության մեջ չգտնվեցին 58 կուսակցական արժանիներ ու ՀՀԿ մանդատների 1/4-ը բաժին հասավ …  ոչ կուսակցական անձանց, այդ թվում՝ իրենց վաղուց սպառած խորհրդային մտածելակերպով թոշակառուներին և խորհրդարանական մշակույթին խիստ անհարիր գրոտեսկային դեմքերին։ Ձեզանից որևէ մեկը այդ հարցերի պատասխաները ունի՞։ Իմ կարծիքով դա խայտառակություն էր, ոչ վայել երկրում առանցքային դերակատարության հավակնող կուսակցությանը։ Այսօրվա վիճակի պատճառները հենց այդտեղ պետք է փնտրել։ Երբ որևէ կուսակցություն դառնում է մեկ կամ մի քանի անձանց ու խմբավորումների շահերի սպասարկու, միշտ էլ վերջը տապալումն է լինում։

Դուք երբևէ ձեզ հարցրե՞լ եք, որ եթե այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ցուցակը դրվեր ներկուսակցական փակ քվեարկության, դուք քանի՞ ձայն կհավաքեիք ձեր իսկ կուսակիցների շրջանում, և արդյո՞ք դուք այն մարդիկ եք, որ ներկայացնում եք կուսակցության գերակշիռ մեծամասնության քվեն, որ կրում եք Նժդեհի գաղափարախոսությունը, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի կամ Անդրանիկ Մարգարյանի պատգամները (թող ինձ ներեն ՀՀԿ խմբակցության փոքրաթիվ, իրոք պրոֆեսիոնալ ու ազնիվ պատգամավորները)։ Զավեշտալի է, որ ԱԺ Հանրապետական խմբակցության ոչ հանրապետական պատգամավորն է կուրծք ծեծելով իբրև թե պաշտպանում ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, իսկ դուք անհաղորդ եք այդ ամենին։

Վստահ եմ՝ ձեր ճնշող մեծամասնությունը այլ մտայնությունների կրող է ու չի ներկայացնում ՀՀԿ անդամների մեծամասնությանը ։ Ու ստեղծված քաղաքական ճգնաժամի խորքային պատճառների մեջ այդ գործոնը ոչ վերջին դերն է խաղացել։ Այլապես ինչով բացատրել, որ այսօր հանրապետության հրապարակներն ու փողոցները ողողած հարյուր հազարավոր մարդկանց մի զգալի մասը հենց …հանրապետականներ են: Ավելին, նրանք՝ ձեզ ու ձեր “ճշմարիտ” կուրսը պաշտպանելու ու “հակընդեմ” հանրահավաքներ անելու փոխարեն հրապարակավ այրում են կուսակցական անդամատոմսերը կամ դրանք նետում աղբարկղեր:  Թե իրականում ինչ արժե ձեր մանդատների օրինակարգությունը (լեգիտիմությունը) երևում է այս ամենից ու  ոտքի կանգնած և ըմբոստությունից ալեկոծվող Հայաստանի ալեբախություններից։ Ու սա ձեզ պետք է, որ սթափեցնի:

Սակայն նկատի առեք՝ այսօր հրապարակներում մեր փայլուն և փոփոխությունների ձգտող երիտասարդությունն է, ուսանողությունը, մեր հայրենիքի սահմանները անառիկ պահող վաղվա զինվորը, ապրիլյան քառօրյայով անցած քաջերը, ազատամարտի հերոսները, մեր երկրի ներկայով ու ապագայով մտահոգ, վճռական քաղաքացին։ Հավատացնում եմ, ոչ մի մանդատ ու արտոնություն չարժե նրանցից յուրաքնչյուրի արյան մեկ կաթիլն անգամ։ Այդ պատճառով պահանջում եմ, որպեսզի բացառվի ցանկացած բռնություն, ու բռնի ուժի գործադրման որոշում։ Ու եթե այնպես պատահի, որ ձեզ պարտադրվի ձեռքը մեկնել դեպի հերթական մարտի 1-ի “կոճակը”, դա ձեզ չի ներվի, քանզի 2008-ի մարտի 1-ի մեղքի անուղղակի խարանը ցավոք հավերժ դրոշմված է ձեզանից ոմանց ճակատին։

Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության ընթացքում ձեր ելույթներում հնչած փաստարկներն ու տոնայնությունը խոսում են մի բանի մասին՝ դուք կորցրել եք իրականության զգացողությունը, ԱԺ անանց պարիսպներից անդին պարզապես չեք ընկալում, թե ինչ է կատարվում Հայաստանում ու չեք գիտակցում ձեր ոչ խելամիտ որոշման հնարավոր հետևանքները։

Ձեզ կոչ եմ անում՝ ստեղծված իրավիճակում զերծ մնալ երկիրը սահմանադրական փակուղի տանող քայլերից ու, առանց արյան ու բռնությունների, վարչապետի պաշտոնը զիջել դե ֆակտո ժողովրդի մեծամասնության աջակցությունը վայելող ընդիմության առաջնորդին։ Դա է պահանջում երկրում իշխանության միակ աղբյուրը՝  ժողովրդի ճնշող մեծամասնությունը: Այլընտրան չկա: Ավելի ճիշտ՝ այլընտրանքը, իմ խորին համոզմամբ, ՀՀԿ-ի քաղաքական դեժավյուն է ու տոտալ ֆիասկոն։

Ի վերջո, ոչ մի աղետ կամ ողբերգություն տեղի չի ունենա, աշխարհը չի քանդվի ու երկինքը փուլ չի գա, եթե ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններում գերակշիռ քվե չստանա ու դառնա ընդդիմություն, այդ կարգավիճակով մասնակցի երկրի կառավարմանը։ Համոզված եմ, որ եթե ստեղծված իրավիճակից ողջամիտ հետևություններ չարվեն՝ հազարավոր հանրապետականների չի մնա այլ բան, քան հրաժարվել կուսակցական անդամատոմսից։

Նաև վստահ եմ՝ քաղաքական ճգնաժամի ուժային ու, թերևս՝ արկածախնդիր հանգուցալուծման պարագայում ՀՀԿ-ին սպասում է Խորհրդային Կոմկուսի անփառունակ ճակատագիրը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Քանի դեռ ուշ չէ, բացեք ձեր աչքերը, մի կողմ դրեք ձեր անհիմն ամբիցիաները, դուրս եկեք ժողովրդի մեջ (եթե նման համարձակություն ունեք, իհարկե), նրանք ձեր ընտրողներն են, ինչի՞ց եք վախենում: Եկեք, խոսեք մարդկանց հետ, համոզեք, որ դուք ճիշտ եք, իսկ նրանք՝ սխալ։

Քա՛յլ արեք:

Գուցե այդ ժամանակ կարողանաք սթափվել ու ողջամիտ որոշում կայացնել։

Spread the love