Ես հրաժարական չեմ տա, իմ կոլեկտիվն իմ մեջքին է. Շիրակի պետհամալսարանում վիճակը կրկին լարված է

- in Կրթություն
Sahak Minasyan

Այսօր ևս Գյումրիում շարունակվում են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի դեմ բողոքի ակցիաները։ Ուսանողները և դասախոսական կազմը հավաքվել են բուհի մոտ և պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։ Այս մասին ասաց ՇՊՀ-ի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը։

Նա նշեց, որ այսօր բուհը գրեթե դատարկ է, թեև ռեկտոր Սահակ Մինասյանն ու իր յուրայինները ջանք չեն խնայում արգելել ուսանողներին մասնակցել ակցիային։ Համբարյանը նշեց, որ իրենք պայքարելու են մինչև վերջ, սակայն վաղն ու մյուս օրը ակցիաներ չեն անելու, քանի որ վաղը Նիկոլ Փաշինյանի ընտրությունն է, մյուս օրը՝ հաղթանակի օրը։ Դրանից հետո, սակայն, ակցիաները շարունակվելու են։ «Սահակ Մինասյանի վերջը եկել է։ Նա հիմա փրփուրներից է կախվում։ Իր շրջապատում հայտարարում է, թե ինքը շատ մտերիմ է Սասուն Միքայելյանի հետ, իր հարցը լուծված է  արդեն, որոշված է։ Բայց դրանք սուտ լուրեր են։ Նրա օրերը հաշված են»,- ասաց Համբարյանը։

«Մեր պահանջը քննարկման ենթակա չէ, չենք բանակցում ոչ մեկի հետ, սադրանքների չենք տրվում։ Մեր բողոքը տանում ենք մինչև վերջ՝ Սա-հակ, հեռացիր»,- ակցիայի ժամանակ հայտարարեց ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը։

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին, սակայն, չի անհանգստացնում այս վիճակը։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ հայտարարեց, որ իրենց բուհում դասադուլ չկա, և հետո ինքը ոչ մի պարագայում չի պատրաստվում բավարարել նրանց պահանջը։

– Պարոն Մինասյան, այս շարունակական դասադուլը Ձեզ չի՞ մտահոգում։

– Չէ, էսօր էլ են նկարվում։ Նկարվելու համար են հավաքվում, թող հավաքվեն։

– Չե՞ք պատրաստվում բավարարել ուսանողների ու դասախոսների պահանջը և հրաժարական ներկայացնել։

– Պահանջ ներկայացնողները երեքն են։ Խմբային պահանջ է, որոնք որ իմ պաշտոնավարման առաջին օրից աթոռակռվի նպատակ են ունեցել։ Սկզբից անլեգալ, հետո՝ լեգալ։ Այդ ամենը գլխավորել է Ֆարմանյան Անահիտը։ Նա անլեգալ խաղաց և շատ ուշ դարձավ լեգալ։ Ամբողջ հանրույթի կարծիքը հարցրեք, քաղաքի կարծիքը հարցրեք ու կտեսնեք, թե որքանով է հիմնավորված իրենց պահանջը։ Պատկերացրեք՝ ուր են հասել, որ 4-5 տարի առաջ ավարտած ուսանողներին բերում են, որ գոռան, թե բուհում կաշառակերություն կա։ Այո, 4-5 տարի առաջ կաշառակերություն կար։

– Հիմա չկա՞

– Չկա։ Քաղաքը փոքր է։ Եկեք ու հարցրեք։

– Բայց Ձեր ղեկավարած բուհի նախկին դասախոսներից երկուսը արդեն 1 տարուց ավելի է՝ խոսում են հենց բուհում առկա կոռուպցիոն մեխանիզմների մասին։ Ուսանողներն էլ միացել են հիմա նրանց բարձրացրած հարցերի լուծման համար։

– Հիմա այնտեղ 10-15 ուսանող կա կանգնած, որոնց դասավանդում էին ձեր նշած դասախոսները։ Եկեք, նայեք։

– Այսինքն՝ Դուք չե՞ք պատրաստվում հեռանալ։

– Բացարձակապես։ Ես ունեմ կոլեկտիվ, որը կանգնած է իմ մեջքին, և դուք դրանում կհամոզվեք շատ շուտով։

– Թիվ 11 դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Ռուզան Ազիզյանն էլ էր Ձեր պես համառում, բայց ի վերջո ճնշման տակ հրաժարական տվեց։

– Ռուզան Ազիզյանի դեպքն ուրիշ էր, դա ուրիշ է։ Իրենք էլ են էդ հովերով տարված էս միտինգը  սկսել։ Իրենց հույսն էլ է դա։

– Այո, և եթե շարունակվի Ձեր բուհի դասադուլը, ճնշումը, ինչպե՞ս եք դիմադրելու դրան։

– Դասադուլ չկա մեր բուհում, կրկնում եմ՝ չկա։ Նորմալ դաս է  մեզ մոտ։ 15-20 երեխա է դրսում կանգնած։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք դասադուլ չունենք և կոչ ու հորդոր ենք արել ռեկտորատի անունից, որ շարժման փիլիսոփայությունը չնսեմացնեն և չխառնեն առանձին անձանց անձնական շահերի հետ։

– Պարոն Մինասյան, բայց Անահիտ Ֆարմանյանն արդեն ազատված է։ Ի՞նչ խնդիր պետք է լուծի նա՝ Ձեր կարծիքով։

– Այո, բայց կռիվը շարունակում է, որպեսզի տեսնի իմ պաշտոնանկությունը և իր նախորդի հետ ղեկավարի բուհը։ Ֆարմանյան Անահիտը փաստորեն դե ֆակտո ղեկավարել է  այս հիմնարկը նախորդ 6 տարիներին՝ մինչև իմ գալը։ Ուզում էր իմ ժամանակ էլ ղեկավարել, բայց չի ստացվի։

Հ.Գ. Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է, նախօրեին հեռացվեց Շիրակի պետհամալսարանի պրոռեկտորի պաշտոնից։ Նշենք նաև, որ ԿԳ նախարարությունը առաջարկել է հոգաբարձուների նիստ հրավիրել և հարցը լուծել այդ ֆորմատով։ Սակայն այդ մասով դեռևս քննարկում չկա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20