Երևանի թիվ 11 դպրոցի աշակերտներ, ծնողներ ու մի խումբ աշխատակիցներ պահանջում են տնօրենի հեռացումը

dproc

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը: 

Դպրոցի բակում աշակերտները վանկարկում են «Ազիզյան հեռացիր», իսկ շենքի դահլիճում ելույթով հանդես են գալիս ուսուցիչները: Նրանք նշում են, որ տնօրենի կողմից հետապնդումների են ենթարկվում այն պատճառով, որ մասնակցել են երթերին, հավաքներին: Ըստ նրանց՝ տնօրենը դպրոցի դռները փակել է և թույլ չի տվել դուրս գալ և գնալ երթերի:

Դահլիճում ներկա էին Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամները, ովքեր տեղեկացրեցին, որ դիմելու են քաղաքապետին Ռուզաննա Ազիզյանին հեռացնելու համար:

Ավելի ուշ տնօրենը լրագրողների հետ զրույցում հերքեց իրեն ուղղված մեղադրանքները և ասաց, որ նման բան չի եղել, ինքը դպրոցի դուռը չի փակել: «Զարմացած եմ այս իրավիճակից, որովհետև սա անսպասելի էր: Իմ աշակերտին ես այսպես չեմ տեսել: Սա կազմակերպված է: Ես ոչ մի հետապնդում չեմ իրականացնում ուսուցիչների նկատմամբ»,-ասաց դպրոցի տնօրենը:

Հավաքված ծնողների մի մասը բողոքում է դպրոցում դրամահավաքներից, մի մասն էլ ընդգծում է տնօրեն Ազիզյանի մեծ դերը դպրոցում կարգուկանոնի պահպանման գործում:

Spread the love