Երևանում 31-ամյա տղամարդը պարտքով 1000 դրամ տալուց հետո փորձել է բռնաբարել աներձագի նախկին կնոջը

- in Իրավունք
brnutyun

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Դավիթ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Օհանյանի նախագահությամբ:

31-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրված բռնաբարության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով:

Տուժող Ասյա Գ.-ն (անունը փոխված է) Դավիթի աներձագի նախկին կինն էր:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 28-ին, ժամը 20-ի սահմաններում Ասյան գնացել է Դավիթի տուն: Վերջինիս կինը տանը չէր, Ասյան հանդիպել է Դավիթին: Նա ասել է, որ նեղ իրավիճակում է հայտնվել, ու Դավիթից պարտքով 1000 դրամ է խնդրել:

Դավիթն այդ գումարը տվել, ապա առաջարկել է, որ Ասյան իր հետ սեռական հարաբերություն ունենա՝ երկուսն էլ նրա այցից «մի բան հասկանան»:

Ասյան մերժել է ու ցանկացել է հեռանալ:

Դավիթը բռնություն է գործադրել, ցանկացել է իր նպատակին հասնել Ասյայի կամքին հակառակ:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթը ձեռքերով հարվածներ է հասցրել Ասյային, նրա առողջությանը՝ ձախ այտի քերծվածքների, ձախ աչքի ստորին կոպի, որովայնի առաջնային մասի, գոտկային շրջանի արյունազեղումների ձևով պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Հարվածներ հասցնելով՝ Դավիթը Ասյային գցել է հատակին, հաղթահարել է նրա դիմադրությունը ու կարողացել է նրա հագից հանել շալվարն ու վարտիքը: Ապա շարունակելով բռնության գործադրումը՝ փորձել է կնոջ կամքին հակառակ, նրա անօգնական վիճակն օգտագործելով՝ սեռական հարաբերություն ունենալ հետը, սակայն Ասյան ուժերը հավաքել, շարունակել է դիմադրել. նա հարվածել է Դավիթին, ուժեղ ցավ է պատճառել ու կարողացել է դիմել փախուստի…

Այսպիսով, ըստ դատական ակտի, Դավիթը իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ տուժողի դիմադրության պատճառով, չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր դիտավորությունը:

Կատարվածի վերաբերյալ Ասյա Գ.-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Դատարանում Դավիթ Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Տուժողը նրա նկատմամբ բողոք, պահանջ չի ներկայացրել:

Դատարանը հաշվի է առել, որ Դավիթ Մ.-ն վատառողջ է, 31 տարեկան լինելով՝ անգրագետ է, նորաստեղծ ընտանիք ունի, բանվորական աշխատանք է անում, հաշտվել է տուժողի հետ, բնութագրվում է դրական:

Դավիթին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է միայն ազատազրկման ձևով պատիժ:

Այնուամենայնիվ, դատարանը, ամբաստանյալի անձը, ընտանեկան ու առողջական վիճակը, ոչ թե ավարտուն հանցավոր արարք, այլ հանցափորձ կատարած լինելը հաշվի առնելով՝ որոշել է նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Դավիթ Մ.-ն մեղավոր է ճանաչվել բռնաբարության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել գործով մեղադրող դատախազը՝ պահանջելով պատժի մասով խստացնել դատավճիռը՝ վերացնել պայմանական դատապարտության կիրառումը, Դավիթ Մ.-ին դատապարտել իրական ազատազրկման: Բողոքաբերը նշել է, թե պայմանական դատապարտության կիրառումով ընդհանուր իրավասության դատարանը ակնհայտ մեղմ վերաբերմունք է դրսևորել Դավիթ Մ.-ի նկատմամբ այն դեպքում, երբ, ըստ մեղադրողի, չի նվազել վերջինիս կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունը: Պայմանական դատապարտության կիրառումը տվյալ դեպքում, ըստ մեղադրողի, չի ապահովում պատժի նպատակներին հասնելը: Մեղադրողն ընդգծել է, որ Դավիթ Մ.-ն ոտնձգել է տուժողի սեռական անձեռնմխելիության նկատմամբ, ավելին՝ նա և տուժողը գտնվում էին բարեկամական հարաբերությունների մեջ: Մեղադրող դատախազը մինչև անգամ Դավիթ Մ.-ի արարքը դիտարկել է որպես… «ընտանեկան բռնություն»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը մեղադրողի բողոքի դեմ պատասխան առարկություն էր ներկայացրել՝ խնդրելով մերժել մեղադրողի բողոքը, ուժի մեջ թողնել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղադրանքը, զղջացել է, օժանդակել է գործի քննությանը, 2004 թվականին՝ 18 տարեկանում, ավտովթարի հետևանքով նա ստացել է ողնաշարի վնասվածք, տևական ժամանակ ստացիոնար բուժվել է, դարձել է 3-րդ խմբի հաշմանդամ, նրա խնամքին է հիվանդ մայրը: Չնայած հաշմանդամությանը՝ Դավիթն աշխատում՝ բանվորություն է անում, նրա ընտանիքը սոցիալապես անապահով է:

Պաշտպանն անդրադարձել է նաև մեղադրողի կողմից Դավիթ Մ.-ի արարքը որպես «ընտանեկան բռնություն» դիտարկելուն՝ նշելով, որ մեղադրողը դրանով «ցանկացել է ամբաստանյալի արարքին շինծու ծանրացնող հանգամանք ավելացնել»:

Պաշտպանը պնդել է, թե Դավիթի հարաբերություններն իր աներձագի նախկին կնոջ հետ չեն կարող համարվել «ընտանեկան հարաբերություններ», հետևաբար՝ նրա կատարած արարքը բնավ չի կարող դիտարկվել որպես «ընտանեկան բռնություն»:

Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրողի բերած բողոքի դեմ առարկել են ոչ միայն ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը, այլ նաև տուժողը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ այն համարելով անհիմն: Պաշտպանական կողմի առարկությունները համարվեցին հիմնավոր:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ պայմանական դատապարտության կիրառմամբ հանդերձ, թողնվեց անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20