Թավշյա հեղափոխությունը «չնկատելու» կտա մեր նորագույն պատմության արհեստական մասնատումները

- in Հրապարակ
serzh-sargsyan

Հաղթանակի օրվա առթիվ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Երբեմն նույնիսկ տոնական «անշառ» թվացող ուղերձներն իրենց տողատակում քաղաքական ենթատեքստ ունեն: Սա հենց այդ դեպքն է, ու խնդիրն ամենևին տեքստի բովանդակությունը չէ, այլ այն, որ Սարգսյանը, հիշատակելով Արմեն Սարգսյանին ու Բակո Սահակյանին, «մոռացել» է Նիկոլ Փաշինյանին՝ չնայած հենց նա է Հայաստանի առաջին դեմքն այն Սահմանադրությամբ, որը հատուկ «գծվել» էր Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար:

Գլոբալ հարթության վրա այնքան էլ տեղին չէ, որ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ ուղերձով դիմել է ոչ թե ժողովրդին, այլ պաշտոնատար անձանց: Սա բացահայտում է մեր էլիտայի խոտոր մտածողությունը, հաղթանակը սեփականելու, այն հասարակությունից օտարելու և արժեզրկելու հանդգնությունը:

Մյուս կողմից՝ եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը որոշել էր ուղերձով դիմել զույգ պետությունների ղեկավարներին, կարող էր քաղաքական նոր մշակույթի, տոլերանտության օրինակ հանդիսանալ՝ մանավանդ վարչապետի պաշտոնից հեռացավ գեղեցիկ քաղաքական ժեստով՝ ընդունելով իր սխալը և Նիկոլի ճիշտ լինելը: Այդ մեկ նախադասությամբ Սերժ Սարգսյանն ըստ էության ճանաչել է Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը՝ նույնիսկ միջազգային կառույցներից շատ ավելի առաջ:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին այսօր «չնկատելը» քաղաքական մանր քինախնդրություն է, ինչը հուշում է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռանալուց հետո անգամ չի հասկացել, թե ինչու իր տասնամյա նախագահությունը հանգեցրեց թավշյա հեղափոխության:

Սակայն ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, որ այդպես էլ Երրորդ Հանրապետությունը չի ունենում միասնական քաղաքական պատմություն, որովհետև հեռացած նախագահներից յուրաքանչյուրը համարում է, որ իր «ոսկեդարին» հաջորդել է «կործանարար» ջրհեղեղը:

Հուսանք, որ թավշյա հեղափոխությունը «չնկատելու» կտա մեր նորագույն պատմության արհեստական մասնատումները՝ դառնալով Երրորդ հանրապետության քաղաքական ժառանգության, համապարփակ պատմության կրողն ու արժեքային համակարգի պահապանն ու զարգացնողը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20