Թրամփը միայնակ է, բայց անդրդվելի. Նոր մարտահրավեր Հայաստանի համար

- in Միջազգային
donald-trump

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված միջազգային համաձայնագրից: ԱՄՆ նախագահը Թեհրանին մեղադրել է ուրանի հարստացման և ի հեճուկս համաձայնագրի` արգելված զենք արտադրելու մեջ:

Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը»` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան, իրանական միջուկային խնդրի լուծման նպատակով համաձայնագիրը ստորագրել են 2015 թվականին:

Թրամփը քիչ առաջ սպառնացել է կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի, ինչպես նաև այն երկրների դեմ, որոնք Թեհրանի աջակիցներն են միջուկային զենքի ստեղծման հարցում կամ սերտ համագործակցության մեջ են այդ երկրի հետ:

Դեռևս նախագահի թեկնածու Թրամփը խիստ անհանդուրժող կեցվածք ուներ այս համաձայնագրի հանդեպ` այն համարելով «ամենաանհաջող գործարք», «խելագարություն»:

Ի՞նչ էր նախատեսում համաձայնագիրը

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր. պաշտոնապես այսպես է անվանվում այն փաստաթուղթը, որը 2015թ. ստորագրվել է Իրանի և միջազգային «վեցնյակի» կողմից:

Իրանը, համաձայն համաձայնագրի, պարտավորվում էր դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները, 98%-ով կրճատել ուրանի գոյություն ունեցող պահեստները, ինչի դիմաց միջազգային հանրությունը խոստանում էր աստիճանաբար, փուլային տարբերակով մեղմացնել Թեհրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները:

Համաձայնագիրը ստացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի աջակցությունը. ընդունվեց թիվ 2231 բանաձևը: Միակ երկիրը Իսրայելն էր, որը հետևողականորեն չընդունեց համաձայնագրի լեգիտիմությունը` այն համարելով «պատմական մասշտաբի սխալ»:

Իհարկե, Թել Ավիվի մտահոգությունները կիսում էին միջազգային փորձագիտական շրջանակներումպնդելով, թե համաձայնագիրը չի կաշկանդում միջուկային զենք ունենալու Իրանի ծրագրերը:

Թրամփը ոչ միայն կիսում է այս մտահոգությունները, այլ հիմնավոր կասկածներ ունի, որ Թեհրանը ակտիվորեն զբաղված է բալիստիկ հրթիռների արտադրությամբ: Թեհրանը պատժամիջոցների թուլացման հետևանքով արդեն ստացել է մոտ 100 միլիարդ դոլար, ինչը, ԱՄՆ նախագահի կարծիքով, օգտագործում է սպառազինությունների արտադրության և ահաբեկչությունը հովանավորելու նպատակով:

Թրամփը միայնակ է, բայց անդրդվելի

Վաշինգտոնի եվրոպական գործընկերները նախորդ օրերին իրենց մտահոգություններն են արտահայտել Թրամփի մտադրությունների առթիվ:

Մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Թրամփին առաջարկել են համաձայնագրից դուրս գալու փոխարեն, աշխատել այն շտկելու ուղղությամբ:

Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը ավելի կատեգորիկ է գտնվել` հայտարարելով, թե եվրոպական երկրները հավատարիմ են մնալու համաձայնագրի պահանջներին: Չինաստանն ու Ռուսաստանն արտահայտվել են նույն ոգով: Սակայն Թրամփը մնաց անդրդվելի:

Նոր մարտահրավեր Հայաստանի համար

Առայժմ հայտնի չէ, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել Դոնալդ Թրամփի որոշումը: Եվրոպական երկրները դարձյալ կանգնել են երկընտրանքի առջև. մի կողմից նրանք կարող են մնալ համաձայնագրումնույնիսկ անկախ ԱՄՆ որոշումից, մյուս կողմից չեն ցանկանում հարաբերություններ փչացնել ՆԱՏՕ-ում իրենց գլխավոր դաշնակցի հետ:

Մտահոգություններ է ծնում նաև Թեհրանի արձագանքը: Դեռ նախօրեին նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից, դրան իր մասնակցությունը կդադարեցնի նաև Իրանը: Թեհրանում փաստացի վերահաստատում են միջուկային պետություն դառնալու իրենց հավակնությունը, և կասկածից վեր է, որ նման հեռանկարը մոտ ապագայում պետությունների «միջուկային ակումբ» կբերի նաև Իրանի տարածաշրջանային ախոյան Սաուդյան Արաբիային` դրանից բխող հետևանքներով:

ԱյսպիսովՄերձավոր Արևելքում ստեղծվում է պայթյունավտանգ վիճակ, և լարվածությունն ընդհուպ մոտենում է Հայաստանի սահմաններին նոր մարտահրավերներ ստեղծելով Հայաստանի համար:

Մյուս կողմիցՀայաստանը հայտնվել է ամերիկյան պոտենցիալ պատժամիջոցների խաչմերուկում Ռուսաստանի և Իրանի հետ ունեցած սերտ հարաբերությունների շնորհիվ: Արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Հայաստանին քարտ-բլանշ և մանևրելու որոշակի հնարավորություն կտա, թե՞ Վաշինգտոնի համար ավելի էական են իր գլոբալ շահերը: Առայժմ դժվար է հստակ պատասխան տալ այս հարցին՝ մանավանդ, որ անհայտ է, թե տարածաշրջանային նոր լարվածությունն ինչ ազդեցություն կունենա ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա:

Spread the love