Թրամփը շնորհավորել է Փաշինյանին. Ամերիկյան ուղղությանը կոնկրետ բովանդակություն հաղորդել

donald-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Սպիտակ տան ղեկավարը Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է.

«Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` առևտրի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում: Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ԱՄՆ նախագահի մակարդակով Հայաստանի ղեկավարների շնորհավորանք կարծես թե առաջին անգամ է: Ավելին, վերջին երկու տասնամյակում շնորհավորանքներ որպես այդպիսին ԱՄՆ-ից կարծես թե չեն էլ եղել, այլ միայն՝ Պետական դեպարտամենտից ուղերձներ: Նիկոլ Փաշինյանն, այսպիսով, ստացավ երկու բան, որ Հայաստանի նախորդ ղեկավարները չունեին՝ ժողովրդի աջակցությունը եւ աշխարհի առաջին գերտերության ղեկավարի շնորհավորանքը:

Ընդ որում, իրավիճակը ուշագրավ է նրանով, որ Նիկոլն իշխանության եկավ ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ժողովրդական ալիքի, այսինքն՝ գործ ունենք ժողովրդի ուղիղ կամարտահայտության հետ, եւ չնայած շատերը սա համարում են օրինակարգության խնդիր, մյուս կողմից՝ Հայաստանում տեղի է ունեցել թերեւս եզակի երեւույթ, որը տեղավորվում է թե ՀՀ Սահմանադրության, թե մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներով ձեւակերպված ժողովրդի իշխանության տրամաբանության մեջ:

«Հայկական մոդելը» դեռ իր ազդեցությունն ունենալու է նոր աշխարհակարգի կառուցման վրա, եւ համաշխարհային առաջնորդները չէին կարող չարձանագրել այս հանգամանքը: Իսկ մինչ այդ Հայաստանի նոր իշխանությունը խնդիր ունի ինստիտուցիոնալացնել նոր իրավիճակը Հայաստանում եւ այն դարձնել անշրջելի:

Այսպիսով, ավելորդ է նույնիսկ ասել, թե ինչ մեծ պատասխանատվություն ու առաքելություն է ստանձնում նոր իշխանությունը, միաժամանակ՝ ինչպիսի հնարավորություններ են բացվում Հայաստանի առաջ՝ թե ներքին, թե արտաքին խնդիրներում: Նախեւառաջ՝ Հայաստանի ժողովրդի իրավունքների հաստատման իմաստով:

Թրամփի շնորհավորական ուղերձով ամբողջացավ լիակատար միջազգային կոնսենսուսը Նիկոլ Փաշինյանի կառավարության լեգիտիմության շուրջ: Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին նախագահությունից հետո Փաշինյանի կառավարությունը Երրորդ հանրապետության  պատմության մեջ թերևս երկրորդն է, որ օժտված է լեգիտիմության նման ամուր պաշարով:

Թրամփի ուղերձն ուշագրավ է նաև բովանդակային հարթության վրա և, ըստ էության, նախանշում է այն առաջնահերթություններն, որոնք կարող են ճանապարհ բացել հայ-ամերիկյան քաղաքական օրակարգի, երկխոսության համար:

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի այս, իսկ գուցե նաև ապագա մի քանի կառավարությունների առաջնահերթությունն է: Այս առումով միանգամայն ներդաշնակ են Թրամփի ուղերձն ու թավշյա հեղափոխության օրակարգը, ինչը ենթադրում էր օլիգարխիկ համակարգի կազմաքանդում:

Կոռուպցիայի դեմ պայքարը և օլիգարխիայի վերացումը այն եզակի ճանապարհն է, որը դուռ է բացում Հայաստանում համակարգաստեղծ բարեփոխումների իրականացման համար: Հակակոռուպցիոն պայքարը հանգեցնելու է մրցունակ պետության ստեղծմանը, որտեղ արտաքին քաղաքականությունը լինելու է ներքին ռեֆորմիզմի տրամաբանական շարունակությունը:

Օլիգոպոլ համակարգի վերացումը երկրի ներսում պայմաններ է ստեղծելու հարթակների ձևավորման համար, որոնցում քաղաքացիները կարող են ռեալիզացնել իրենց պոտենցիալը: Մյուս կողմիցօլիգոպոլ համակարգի վերացումը Հայաստանի արտաքին քաղաքականությունը կձերբազատի Մոսկվայի կոռուպցիոն, ստվերային ազդեցությունից նպաստելով նրա դիվերսիֆիկացմանը:

Բնական է, որ Թրամփի շնորհավորական ուղերձում անդրադարձ կա նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին. Վաշինգտոնի համար դա բանալի է տարածաշրջանում համագործակցության նոր մոդել, անվտանգության նոր համակարգ կայացնելու համար:

Այս պահին հայ-ամերիկյան հարաբերություններն, ըստ էության, զուրկ են քաղաքական բաղադրիչից և Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, կարծում ենք, պետք է լինի ամերիկյան ուղղությանը կոնկրետ բովանդակություն հաղորդելը:

Spread the love