Ժամանակն է Հայաստանն ու Արցախը հանել երեք նախագահների եռանկյունուց

Serj Robert

Արցախում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բանակցություններում Արցախի մասնակցության եւ Հայաստանի ու Արցախի մոտեցումների վերաբերյալ Երեւանում հրահրել է երեք նախագահների բանավեճը մասնավորապես այն մասին, թե ով է Արցախը դուրս թողել բանակցությունից:

Նախ արձագանքեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ճիշտ է՝ միջնորդավորված, Վիգեն Սարգսյանի միջոցով, ով հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վտանգավոր են, քանի որ ակնարկել է, որ Հայաստանը հակամարտող կողմ է:

«Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Վերջապես (Փաշինյանի կողմից) արված հայտարարությունների մեջ կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ», ասել է նա:

Նրան անմիջապես պատասխանել է վերջերս կրկին ակտիվացած առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր բացարձակ անտեղյակությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը:

Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ:

Այստեղից ակնհայտ է դառնում, որ Վիգեն Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե, իբր, Ադրբեջանն է, որ մշտապես պնդել է Հայաստանը ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է: Ադրբեջանն իրականում դա՛ չէ, որ պնդել է, այլ այն, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն` ագրեսոր: Ադրբեջանի այդ ձգտումը հայկական դիվանագիտության փայլուն ջանքերի շնորհիվ վիժեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում, որոնցում հստակորեն ամրագրված է, որ Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական շրջանները գրավվել են ոչ թե Հայաստանի բանակի, այլ տեղի հայկական զինված ուժերի (local Armenian forces) կողմից», ասել է նա:

Տարօրինակ կլիներ, եթե Տեր-Պետրոսյանը «ձեռքի հետ» չհիշեր նաեւ Քոչարյանին. «Թեմայից դուրս, թերևս, արժե հիշեցնել, որ «հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի» Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր, որը մսխվեց Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով, ինչը դարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած բոլոր հետագա բարդությունների հիմքը»:

Եվ տարօրինակ կլիներ, եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չպատասխաներ. «Պատմական փաստերն ապացուցում են, որ ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990 թվականիցՄինսկի գործընթացին զուգահեռ: Լեւոն Տեր-Պետրոսյանը բանակցել է եւ Այազ Մութալիբովի, եւ Աբուլֆազ Էլչիբեյի, եւ Հեյդար Ալիևի հետ: Ավելին. միեւնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների Ժ. Լիպարիտյանի եւ Վ. Գուլուզադեի միջեւ (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. նա կրկին մեղադրում է երկրորդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել», ասվում է Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի պատասխանում:

Արձանագրենք, որ Տեր-Պետրոսյանը խոսում է անձամբ, մյուս երկուսը՝ միջնորդավորված, եւ անցնենք առաջ: Հայաստանը տնտեսա-քաղաքական ու դեմոգրաֆիական ուղղություններով փաստացի տապալած երեք նախագահների համար Ղարաբաղի կարգավորման խնդիրը եղել է սեփական առավելությունը, տեղեկացվածությունն ընդգծելու միջոց, հատկապես ներքաղաքական մրցակցության ժամանակ: Օբյեկտիվորեն դա իսկապես այդպես էր, քանի որ նրանք էին բանակցության «առաջնագծում»:

Մյուս կողմից, եթե այսպես կրկին անկեղծացել են, ապա պետք է անկեղծանալ մինչեւ վերջ: Օրինակ, Տեր-Պետրոսյանն ասեր, թե 1990-ականների սկզբին ինչ փաստաթղթեր է ստորագրել, որոնք Ադրբեջանին հնարավորություն են տվել պահել տարածքային ու պատերազմի իրավունքները: Քոչարյանն ասեր, թե ինչ էր Քի-Ուեսթը, իսկ Սարգսյանը՝ ինչու էր համաձայնվել Կազանի խայտառակ պլանին:

Նիկոլի հայտարարությունը Ղարաբաղում կարող է քանդել այս կծիկը, եւ գուցե որպես վերջաբան երեք նախագահները բացեին ամեն ինչ ու «զրոյացնեին» իրավիճակը: Օրինակ, ինչու մոռացության տվեցին 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, ինչու Հայաստանը չճանաչեց Արցախի անկախության հանրաքվեն, ինչ էր 1994-ի զինադադարի պայմանագիրը, եւ այլն:

Այս ամենից հետո ստեղծված իրավիճակում Արցախի մասնակցությունը բանակցությանը վիճելի հանգամանք է: Բանն այն է, որ ներկայում Հայաստանը, բանակցելով իր կողմից ճանաչված Ադրբեջանի իրավունքների շրջանակում, կարող է վերջին պահին գոնե հղում անել Արցախին՝ վերջնական որոշումը պետք է կայացնի Ստեփանակերտը «ամենափրկիչ» թեզով: Իր հերթին, Արցախի մասնակցությունը կարող է «ամենափրկիչ թեզ» դառնալ Բակո Սահակյանի համար՝ իր նախագահությունը «անցումային շրջանից» հետո շարունակելու համար:

Իսկ ընդհանրապես, ժամանակն է թե Հայաստանն ամբողջապես, թե Արցախի խնդիրը մասնավորապես հանել երեք նախագահների եռանկյունուց ու նոր հայեցակարգը կառուցել հայկական իրավունքների վրա: Աշխարհը ճանաչում է իրողությունները, ինչպես ճանաչել է կենսական տարածքի մեր իրավունքը:

Spread the love