Ժողովուրդը, հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ պատերազմ են հայտարարել օլիգարխիկ համակարգին

- in Տնտեսական
eshelon ishxanutyun

Թավշյա հեղափոխության հետևանքները, իհարկե, առայժմ մակերեսային հարթության վրա իրենց զգացնել են տալիս քաղաքական լեգալ հարթակներում: Թավշյա հեղափոխությունը, նրա արժեքները դարձել են ինդիկատորային` ազդելով քաղաքական, պետական սուբյեկտների գործունեության վրա:

ՀՅԴ-ն մանդատից զրկում է կարկառուն կուսակցականիընդամենը մեկ քվեարկության համար, նույնը չի հանդգնում անել ՀՀԿ-ն չնայած այն հանգամանքին, որ Ֆելիքս Ցոլակյանը փաստորեն համերաշխվել է համաժողովրդական շարժման հետ:

Այսօր ձայների 51 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Էմիլ Բաբայանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր։ Սա լակմուսային քվեարկություն է, որ բացահայտում է, թե խորհրդարանում այլևս գոյություն չունի նախկին մեծամասնությունը:

Սա, իհարկե, չի նշանակում, որ արդեն ձևավորվել է խորհրդարանական մեկ այլ մեծամասնություն, որը պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանին: Գործող խորհրդարանում նման մեծամասնություն պրակտիկորեն ձևավորվել չի կարող: Ավելին` նման մեծամասնության ձևավորումը նույնիսկ հակասում է թավշյա հեղափոխության տրամաբանությանը, օրակարգին, որովհետև Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարության միակ առաքելությունը պետք է լինի հնարավորինս սեղմ ժամկետներում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Որևէ այլ օրակարգ, համակարգի սեգմենտների հետ բովանդակային քննարկումներ ձևախեղելու են հեղափոխության հիմնական պահանջը:

Ժողովուրդը, հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ պատերազմ են հայտարարել օլիգարխիկ համակարգին: Խոշոր կապիտալը պետք է հեռանա քաղաքականությունից և դա իր արտացոլումը պետք է գտնի խորհրդարանական նոր ընտրությունների արդյունքներում: Այսպես կոչված` հաշտության տուրքը, որի միջոցով օլիգարխիան պետք է իրավական լեգալ մեխանիզմներով հատուցի հասարակությանը, պետք է դառնա այս հեղափոխության հիմնական հետևանքներից մեկը: Սա է որակապես նոր համակարգ, մրցունակ պետություն ստեղծելու բանաձևը:

Հեղափոխությունը պետք է կազմաքանդի քրեաօլիգարխիկ ողջ համակարգըբացառելով կոմպրոմիս դրա որևէ սեգմենտի հետ, այլապես Հայաստանը կկրկնի Ուկրաինայի դառը փորձը, երբ Յանուկովիչի օլիգարխիային փոխարինելու եկավ Պորոշենկոյի օլիգարխիան:

Այստեղ էլ գալիս ենք հիմնական ինտրիգին, որը, առանց չափազանցության, կարող է ճակատագրական դառնալ թավշյա հեղափոխության հեռանկարի համար: Քրեաօլիգարխիան ավելի տարողունակ ու բազմաշերտ է և չի կարող սահմանափակվել միայն ՀՀԿ-ով:

Օրինակ` ՀՅԴ-ն տարիներ շարունակ սերտաճել է քրեաօլիգարխիկ համակարգին և այնտեղ ստացել է իր քվոտաները: Արդյո՞ք ՀՅԴ-ն կարող է «համաներվել» միայն այն բանի համար, որ կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին ու «բանադրել» է Աղվան Վարդանյանին: Դա բավարա՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը համագործակցության ձեռք մեկնի ՀՅԴ-ին, ըստ էության՝ դեակտուալացնելով արտահերթ ընտրությունների թեման:

ԿամԳագիկ Ծառուկյանը օլիգա՞րխ է, թե՞ դադարեց այդպիսին լինելուց հեղափոխությանն իր 31 մանդատները նվիրելուց հետո: Կամ` արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը կդառնա հեղափոխության բարեկամը, եթե հրապարակավ հավաստիացնի, որ մայիսի 8-ին քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին:

Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև օլիգարխիայի նկատմամբ վերաբերմունքով է պայմանավորված, թե ինչքանով հաղթական հանգրվանին կհասնի թավշյա հեղափոխությունը:

Հեղափոխության հիմնական նպատակը ոչ թե ժամանակավոր կառավարություն ձևավորելն ու ժողովրդի թեկնածուին վարչապետ դարձնելն է, այլ արտահերթ ընտրություններն ու քրեաօլիգարխիայի ջախջախումը:

Նիկոլ Փաշինյանը հենց այս տրամաբանության մեջ պետք է կառուցի իր մարտավարությունըկազմակերպելով քրեաօլիգարխիայի անխտիր բոլոր սեգմենտների կապիտուլյացիան հասարակության առջև: Գագիկ Ծառուկյանը և ՀՅԴ-ն իրենց այսօրվա կեցվածքով, ոչ թե նպաստում են համաժողովրդական շարժման հաղթանակին, այլ, ըստ էության, կապիտուլացվում են հասարակության առջևակնկալելով վերջինիս բարեհաճությունը: Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, պետք է ձևակերպի այս կապիտուլյացիան այս կուսակցությունների հետ համագործակցելու և նրանց ռեստավրացնելու փոխարեն:

Քրեաօլիգարխիան չի կարող տարբերակվել, չեն կարող լինել «բարի» և «չար» օլիգարխներ: Հնարավոր չէ մի ձեռքով կազմաքանդել ՀՀԿ քրեաօլիգարխիան, մյուս ձեռքով սեղմել Գագիկ Ծառուկյանի կամ Խաչատուր Սուքիասյանի ձեռքը: Այս կոնտրաստը պետք է լուրջ մտորելու տեղիք տա թավշյա հեղափոխության առաջնորդներին: Անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների, օլիգարխիայի կազմաքանդման, կապիտալի և քաղաքականության տարանջատման, կապիտալի սոցիալական պատասխանատվության հարցերը լուծել այսօր, երբ փողոցը դեռ ակտիվ է: Հակառակ պարագայում` հակահեղափոխության ռևանշը կդառնա իրական:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20